Հետադարձ հայացք ժամանակի միջով, որ ձգվում է երեսուն տարի հետ ու քայլ առ քայլ վերադառնում մեր օրերը։ Ի մի են բերվում մեր երկրի ոչ հեռու անցյալի պետական, հասարակական- քաղաքական խմորումները, դեպքերն ու հույզերը։
Ընթերցողի սեղանին է «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանի և լրագրող Լուսինե Ղարիբյանի «Վանոն ու Վազգենը. երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գիրքը։ Երրորդ հանրապետության հիմնադիր հայրերից երկուսի մասին պատմող այս հուշագրությունը միաժամանակ ընթերցողի առջև բացում է Հայաստանի նորագույն պատմության կարևորագույն էջերը։ «Շատ փաստեր և վկայություններ ներկայացված են առաջին անգամ՝ թույլ տալով ավելի լավ հասկանալ Վանո Սիրադեղյանի և Վազգեն Սարգսյանի հարաբերությունները տարբեր ժամանակաշրջաններում։ Հեղինակները զերծ են մնում եզրակացություններից՝ վստահ լինելով, որ ներկայացվող նյութը ընթերցողներին հնարավորություն կտա սեփական գնահատականներն անել»,- ասվում է գրքի սեղմագրում։
«Հզորների» մասին իր հուշերի պատմությունն ունի նաև Արա Թադևոսյանը, ինչը գուցե նույնպես որոշակի դեր է խաղացել այս նախաձեռնությունը ստանձնելիս։
«Եթե չլինեին 2020 թվականի պատերազմն ու մեր պարտությունը, թերևս չէր ծնվի այս գիրքը գրելու գաղափարը։ Այդ պարտությունը փլուզեց այն աշխարհը, որում ես ապրում էի գրեթե 30 տարի»,- գրքի նախաբանում գրում է Արա Թադևոսյանը։
Կարդացեք նաև
Այս օրերին Հայաստանի վերջին 30 տարիների իրենց պատմությունն են ստեղծում գրեթե մեր բոլոր գրողները։ Իհարկե, նժարի այդ կողմում գեղարվեստական գրականություն է, որի հիմքում դարձյալ մեր իրականությունն է։
«Վանոն ու Վազգենը» ոչ թե «ստեղծում» է մեր երկրի 30 տարիների պատմությունը, այլ պատմում է ստեղծման պատմությունը։ Փաստերը, հուշերն ու մամուլի հրապարակումները ներկայացնելու ձևաչափը գրքին նաև գեղարվեստական արժեք են տալիս։
Շատ տեղեկություններ, որ ասեկոսեների ձևով են շրջանառվում, այստեղ համակարգվում ու փաստացի բնույթ են ստանում։ Փաստերը խոսուն են դառնում նաև իրենց հաջորդականությամբ։
«2021 թվականի դեկտեմբերի 4-ին՝ մահից 51 օր ու Հայաստանը լքելուց 21 տարի անց, Վանո Սիրադեղյանը վերադարձավ Կոթի»։ Գրքի նախաբանը սկսվում է այս տողերով… և… միախառնվում են առեղծվածն ու իրականությունը։
1946 թվականին Կոթիում ծնվում է Վանո Սիրադեղյանը։ 1959 թվականին Արարատում ծնվում է Վազգեն Սարգսյանը։ Նշված ժամանակահատվածներում տարաբնույթ նշանակալի իրադարձություններ են կատարվում աշխարհում՝ Նյու Յորքում բացված ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի առաջին նստաշրջանից մինչև Համամիութենական մարդահամար։ Ի լրումն պարզում ենք, թե ըստ այդ մարդահամարի` քանի մարդ էր ապրում Խորհրդային Հայաստանում, քանի տոկոս էին հայերն ու ադրբեջանցիները։
Այսպես, գրքի հերոսների ծննդյան տարում կատարվող համաշխարհային ու տեղական ուշագրավ նորությունները անտեսանելի թելով կապում են մեզ աշխարհին։
****
«Գարունի» տարիներ։ Համախմբվում ու բացահայտվում էին երիտասարդ գրողները, այդ թվում՝ «իր հերոսների հետ անհաշտ մտերմություն ունեցող» Վանոն և «իր մեջ եղած իրականությունը գրող» Վազգենը։
Պատմում են, որ նրանց կանոնավոր շփումը սկսվել է «Գարուն» ամսագրում։ Հետո ասելու էին նաև, որ Վազգենի ու Վանոյի իրական ընկերությունը սկսվել է հենց շարժման տարիներին։
«Աշխարհի ամենադանդաղ գրողը»՝ Վազգեն Սարգսյանը, ժամանակ ու հնարավորություն չէր ունենալու իր վերջին գործերի վրա աշխատելու։
«Անհաշտ», «դժվարընկալելի», «ինքնաբավ», «իր երկիրը մանրամասն սիրող Վանոն» զբաղվելու էր քաղաքականությամբ ու «չէր դառնալու երևելի գրող, ինչպես Հրանտ Մաթևոսյանը կամ Համո Սահյանը»։
Գրքում կան տողեր, մտքեր, ենթավերնագրեր, որ չնայած պարզությանը, ներքին շեշտադրում ունեն, ասես ընդգծում են կարևորը, ընթերցողի առջև բացում երևույթների խորքերը։
Այսպես, «գրող Վազգենի փոխակերպումը զինվոր Վազգենի» ամփոփված է «Նռնակ ձեռագրի փոխարեն» ենթավերնագրի ներքո։
Ասվում է նաև․ «Երբ 1988-ին սկսվեց Ղարաբաղյան շարժումը, Վանո Սիրադեղյանը 42 տարեկան էր, Վազգեն Սարգսյանը՝ 29»։
Շարժում, բանակի կազմավորում, ազատագրական պայքար, հաղթանակ։ Սա այն է, ինչ գիտենք հաղթանակի գենեզիսի մասին։
Իսկ ամենաներսում որոշումներ են, պատասխանատվություն, հակառակ ճակատներ, պառակտում, վրիպում կամ «դաժան օրինաչափություն»…
****
«Պատերազմն արդեն դուրս է եկել հերոսության դաշտից ու մտել տնտեսական, քաղաքական դաշտ, և տնտեսությունն է որոշելու այսուհետև մեր հաղթանակի, Ղարաբաղի ճակատագիրը։
…Մենք պետք է կարողանանք մեծացնել մեր համաշխարհային դիմադրողականությունը տնտեսապես, քաղաքականապես, բարոյապես և, անկասկած, հաջողություններ կունենանք»,- ասում է Վազգեն Սարգսյանը։
Իսկ Վանոն Վազգենին գրած նամակում ասելու էր. «Մի՛ մտածիր, որ Ղարաբաղի անորոշ վիճակը քո վրա է մնալու։ Մեկ է՝ քո վրա է մնալու։ Կամ քո վրա են գցելու։ … քո կործանումը բոլորի կործանումն է…»։
****
Հաղթանակի պատմությունը քայլ առ քայլ մոտենում էր հաղթանակի ու պարտության պատմությանը։
«2023-ի հուլիսի 23-ին «Երկրապահ» կամավորական միության ստեղծման 30-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ոչ մի անգամ չի հիշատակում «Արցախ» և «հաղթանակ բառերը»,- ասվում է գրքում։
Ու թեև «հեղինակները զերծ են մնացել այս գիրքը որևէ եզրակացությամբ ավարտելու գայթակղությունից», դարձ ի շրջանս յուր, ակամա վերադառնում ենք Արա Թադևոսյանի մտորումներին.
«2020 թվականի նոյեմբերի 9-ից շատ եմ մտածել կատարված խորքային խնդիրների մասին։ Մտածել եմ նաև այն մասին, որ եթե չլիներ Վազգեն Սարգսյանի և Վանո Սիրադեղյանի միջև տրոհումը, գուցե չլիներ նաև 2020 թվականի պատերազմը։ Եվ գուցե Հայաստանը բոլորովին այլ երկիր լիներ, եթե 1995 թվականի Ազգային ժողովի և հատկապես 1996 թվականի նախագահական ընտրությունները չսասանեին մարդկանց վստահությունը Երրորդ Հանրապետության հիմնադիր հայրերի նկատմամբ»։
****
Քաղաքական ու պետական գործունեությունից զատ, ժամանակակիցների հուշերից ձևավորվում է նաև Վանոյի ու Վազգենի զուտ մարդկային նկարագիրը՝ «Այ էդ էր Վանոն», «Սա էր Վազգենը» փաստումներով։
Գրքի վերջում դարձյալ նուրբ անցումներ ու խորքային հարցադրումներ են։ Գիրքն ավարտվում է հերոսների խոսքերով։
«Վանոն ու Վազգենը. երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գիրքը նվիրվում է Վրեժ Իսրայելյանին։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ