Լրահոս
Օրվա լրահոսը

«Դասը» ներկայացման բեմանկարչությունը խոսուն էր, արտահայտված, թեմային համահունչ, բայց ոչ ծանրաբեռնված

Նոյեմբեր 17,2024 20:24

Ռումինական ծագմամբ ֆրանսիացի դրամատուրգ Էժեն Իոնեսկոյի «Դասը» աբսուրդի դրաման ունի պակաս հայտնիություն, քան հեղինակի մյուս՝ «Ռնգեղջյուր», «Ճաղատ երգչուհին» կամ «Երջանիկ օրեր» դրամաները, սակայն օժտված է ոչ նվազ ազդեցիկությամբ, զգացմունքայնությամբ և անհեթեթության հասնող աբսուրդիզմով, քան մյուսները։

Թերևս այս պիեսի նման հատկանիշներով օժտված լինելն ու աբսուրդի թատրոնի հանդեպ մեծ հետաքրքրությունն է ստիպել երիտասարդ բեմադրիչ Դավիթ Միրիջանյանին ԵԹԿՊԻ-ի ուսանողական թատրոնի բեմ բարձրացնել դրամատուրգի հենց այս պիեսը։ Պիեսը բեմադրված է մինիմալիստական ոճով։ Բեմում առկա դեկորներն ու ռեկվիզիտները հասնում են մինիմալ քանակության՝ երկու սեղան, երկու աթոռ, հետևում գրատախտակ, կավիճ և մի քանի ենթադրյալ նկարներ, որոնք որոշակիորեն հուշում են մեզ սպասվող ուսումնական գործընթացի մասին։ Վարագույրը բաց է։ Դահլիճ մտնող հանդիսատեսին դիմավորում է բեմին նստած մի կին, որը հանգիստ ծխում է և հայացքով հետևում հանդիսատեսի ժամանմանը։

Այս ողջ ընթացքում, մինչ բուն ներկայացման սկսվելը, նա ընդգծված է լույսով, ինչը փոքրիկ ակնարկն է այն բանի, որ կինը ոչ պակաս առնչություն և նշանակություն է ունենալու սպասվելիք պատմության հետ։ Ի՞նչ խոսք, խորհրդավոր սկիզբ է, ինչն ավելի է ընդգծում երաժշտությունը։ Եվ հանկարծ․․․ Հնչում է դռան զանգը։ Կինը՝ Մարին (դեր․ Աստղիկ Մելիքսեթյան), որն ինչպես պարզ է դառնում, տան սպասուհին է, անմիջապես բացում է դուռը։ Ներս է մտնում աշակերտուհին (դեր․ Սոնա Գալստյան), որը եկել է ուսուցչի մոտ պարապելու՝ դոկտորական աստիճան ստանալու համար։ Մարին առանց այլևայլությունների, ոգևորված հայտնում է ուսուցչին, որ աշակերտուհին ժամանել է։ Մեկ այլ սենյակից հայտնվում է ինքը՝ ուսուցիչը (դեր․ Վահե Ավագյան), որին բեմադրիչը տվել է կոմիկական, ընդգծված երանգներ։ Աստղիկ Մելիքսեթյանի Մարին բավականին խորհրդավոր է։

Սա պարզ է դառնում և՛ մինչ ներկայացումը, և՛ բուն ներկայացման ընթացքում, և՛ ներկայացման ավարտին։ Սկզբում տպավորություն է, թե վերջինս պարզապես սպասուհի է, որը հետևում է տան անցուդարձին, դիմավորում այցելուներին, սակայն ամեն ինչ այնքան էլ այդպես չէ։ Այս պատմության, ներկայացման մեջ սպասուհին այնքան էլ սպասուհի չէ, այլ տան տիրոջ աբսուրդային, անհեթեթ արարքների վկան է և կարելի է ասել անգամ մասնակիցն ու քողարկողը։ Դերասանուհին անշուշտ համոզիչ է իր կերպարում, սակայն փոքր-ինչ ավելի աշխույժ, չարաճճի վարքագծով, քան պատկերացնում ենք այս կերպարի դերակատարուհուն։ Կարծում ենք, որ Մարին պետք է լիներ ավելի զուսպ, հանգիստ, ծանրակշիռ։ Իհարկե ընդունում ենք նաև, որ բեմադրիչը ցանկացել է կերպարը ներկայացնել ոչ թե առավելագույն ծանրությամբ, այլ մինիմալ թեթևությամբ, ինչն իր ազդեցությունն իհարկե ունեցավ հանդիսատեսի ընկալման վրա։ Հակառակ պատկերն էր Սոնա Գալստյան աշակերտուհու պարագայում։ Առաջին վայրկյաններին նա թողնում է ակտիվ, շատախոս, թեթևամիտ, տգետ աշակերտուհու տպավորություն, որը լինելով հարուստ ընտանիքի աղջիկ, որոշել է ունենալ «բոլոր գիտությունների» դոկտորի աստիճան։

Այդ նպատակով նա գալիս է պարապելու «բանիմաց» ուսուցչի մոտ։ Հետզհետե այս տպավորությունը թուլանում է։ Աշակերտուհին կորցնում է իր նախնական ակտիվ վարքագիծը, դառնում պասիվ, ձայնը կորցնում է իր սկզբնական ոգևորված ելևէջները, սակայն ներմուծված կոմիկական երանգներն անպատճառ թողնում են իրենց ազդեցությունը, ձգում, գրավում հանդիսատեսին, հատկապես այն տեսարաններում, երբ ուսուցիչը ստուգում է աշակերտուհու գիտելիքները։ Պարզվում է, որ աշակերտուհին կարողանում է միայն գումարել և խոսք չի կարող գնալ հանելու, առավել ևս բազմապատկելու և բաժանելու մասին։ Դերասանուհու խաղը ընկալելի է, հավատ ներշնչող, կարողանում է իր վրա սևեռել հանդիսատեսի ուշադրությունը և պահել այն անգամ ուսուցչի հետ զուգահեռ գործողության մեջ մտնելու պահերին։ Կարծում ենք, եթե խաղը լիներ փոքր-ինչ չարաճճի երանգներով համեմված, ապա կերպարը կստանար ավելի ամբողջական, հագեցած տեսք։

«Դասը» ներկայացման առանցքային կերպարը ուսուցիչն է։ Վահե Ավագյանի ուսուցիչը ապահովում էր ներկայացման ողջ կոլորիտը։ Գիրուկ ուսուցիչ՝ բանիմաց, մաթեմատիկոս, խենթ, բանասեր, լեզուների գիտակ, թե՞ ամբողջովին խելագար։ Ներկայացման ողջ ընթացքում մենք բախվում ենք այս հակասական կերպարի հանդեպ ունեցած նույնքան հակասական զգացողություններին։ Դերասանն իսկապես կարողացել է ստեղծել կերպար, որի իրական ով լինելը մշտապես կասկածի տակ է, մինչ այն պահը, երբ գործողություններն հասնում են իրենց տրամաբանական, այս պարագայում ոչ այնքան տրամաբանական գագաթնակետին՝ աշակերտուհու սպանությանը։ Տպավորիչ է դերասանի խաղը թե՛ որպես թվաբանության ուսուցիչ, երբ վերջինս ոգևորվում է աշակերտուհու ճիշտ պատասխաններից, երբ ապշում է նրա անհեթեթ հիմնավորումներից և կարծիքներից, երբ պարզապես բարկանում է աշակերտուհու տգիտության մակարդակից։

Նման պահերին ուսուցչին օգնության է հասնում Մարին, սրբում վերջինիս ճակատի քրտինքը կամ երևալուն պես անհետանում ուսուցչի պահանջով։ Նշենք, որ բավականին զվարճալի էին ուսուցչի բարկանալու հատվածները և արտահայտման տարբերակը։ Ուսուցիչը թեթևորեն անցնում էր բեմի աջ կողմը և երաժշտության ներքո անձայն բարկանում, նյարդայնանում, զուգահեռ կատարելով պարային շարժումներ,  այսպես երկու-երեք անգամ, ներկայացման տարբեր հատվածներում։ Տպավորիչ էր ուսուցչի սահուն անցումները թվաբանությունից մինչև բանասիրություն, ապա լեզվաբանություն, համբերության հատում և անխուսափելիից խուսափելու անիմաստ փորձ։ Ուսուցիչն իր տարերքի մեջ է, ուղղաձիգ կանգնեցված սեղանի ետևում, որը դիտարկվում է որպես ամբիոն, ոգևորված խոսում է ու խոսում։ Աշակերտուհին կիսածնկած վիճակում, գլուխն ու հայացքը վեր, ձեռքերը առաջ պարզած սպասում է ուսուցչի ելույթի ավարտին, սակայն արդեն որոշակի ախտանիշներով։ Վերջինս փորձում է ընդհատել ուսուցչին անընդհատ կրկնելով, որ ատամները ցավում են, բայց ուսուցիչը անտեսում է և ի վերջո աշակերտուհին հետզհետե մարում է, իսկ ուսուցիչը նոպայի պահին դանակահարում է նրան։ Ավելի աբսուրդային և անհավատալի է ուսուցչի՝ դիակի հետ պարը, խելագար ծիծաղի և մթագնած մտքերի ուղեկցությամբ։ Եվ մինչ ուսուցիչը կսթափվեր, ամեն ինչ արդեն վերջացել էր։ Թվով քառասուներորդ  զոհը, որին Մարին պահում է սեղանի տակ, ծածկում վրան։

«Դասն ավարտվել է օրիորդ, կարող եք գնալ»։ Անհեթեթ  խոսքեր, որ հղում է ուսուցիչը քիչ առաջ իր ձեռքով սպանված աշակերտուհուն և սպասուհու օգնությամբ նրան թաղում մյուս զոհերի կողքին։ Եվ այդպես էլ չես հասկանում, ուսուցիչը գիտակցո՞ւմ էր իր գործած հանցանքը, ի՞նչ էր զգում այդ պահին, իրականում խելագա՞ր էր, թե ոչ, ո՞վ կլինի և արդյո՞ք կլինի քառասունմեկերորդ զոհը։ Վահե Ավագյանն իր խաղով կարողացել է առաջացնել այս հարցերը, իսկ պատասխանները թողնել հանդիսատեսի հայեցողությանը։ Մինիմալիստական ոճով կահավորված բեմը (բեմանկարիչ՝ Արեգ Միրիջանյան) շահեկան դեր էր խաղում ներկայացման համար։ Բեմը՝ որպես վիզուալ պատկեր շատ կարևոր է հանդիսատեսի ընկալման և ըմբռնման համար։ Այս առումով «Դասը» ներկայացման բեմանկարչությունը խոսուն էր, արտահայտված, թեմային համահունչ, բայց ոչ ծանրաբեռնված։ Քիչ դեկորներով և ռեկվիզիտներով բեմանկարիչը ստեղծել էր աչք շոյող, թեմատիկ պատկեր։ Խորհրդավոր մթնոլորտն ապահովում էր նաև լույսի արդյունավետ օգտագործումը։ Շարժվելով կերպարներին զուգահեռ, համահունչ, լույսն ասես հանդիսանում էր գործող անձ, ընդգծում կերպարներին, սակայն ամենևին չէր խանգարում գործողությունների զարգացման ընթացքին։

Էժեն Իոնեսկոյի «Դասը» աբսուրդի դրամային տարիներ առաջ անդրադարձել է նաև Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը մեկ այլ, ոչ պակաս հետաքրքիր, թատերականացված ընթերցանության ձևաչափով, Արման Նավասարդյանի բեմադրությամբ։ Այստեղ ուսուցչի կերպարում հանդես էր գալիս Դավիթ Հակոբյանը, իսկ աշակերտուհու կերպարում Տաթև Ղազարյանը, որոնց խաղն այդ ձևաչափում այնքան պրոֆեսիոնալ էր և համոզիչ, որ պիեսը հնարավոր չէր պատկերացնել բեմում՝ որպես բեմադրված ներկայացման։ Այս առումով բեմադրիչ Դավիթ Միրիջանյանի աշխատանքը կարելի է անվանել համարձակ բեմադրություն և թեպետ հանդիսատեսի մի մասն այն ընկալեց որպես կատակերգություն, այնուամենայնիվ պետք է փաստել, որ ներկայացումը գրավեց, ձգեց, դուր եկավ ներկաներին։

Հասմիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԵԹԿՊԻ-ի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930