Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյան. «Հայաստանի կառավարության լռությունը արցախցիների վերադարձի իրավունքի վերաբերյալ բացահայտում է բարոյական համոզմունքի, ռազմավարական հեռատեսության եւ համարձակության իսպառ բացակայությունը»

Նոյեմբեր 17,2024 17:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն անդրադառնալով Արցախի ժողովրդի վերադառնալու հարցին՝ նշել է, որ դրա հետապնդման հիմնական խոչընդոտը զարմանալիորեն եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կառավարությունը: «Չնայած այս հարցի պաշտպանության եւ բարձրացման հստակ հումանիտար եւ դիվանագիտական առավելություններին՝ Փաշինյանը բազմիցս ու միշտ խուսափել է այս հարցին անդրադառնալուց: Երբ իրեն հարց է տրվում, թե ինչու, նա պնդում է, որ վերադարձի պաշտպանությունը Հայաստանի շահերից չի բխում, սակայն ոչ մի հստակ հիմնավորում նա չի տալիս: Այս պնդումը անհասկանալի, կասկածելի եւ շփոթեցնող է, քանի որ բազմաթիվ հիմնավոր բացարկներ հուշում են հակառակը:

Նախ, Հայաստանը պարտավոր է պաշտպանել վերադարձի իրավունքը: Հայաստանի կառավարությունն ունի բարոյական եւ դիվանագիտական պատասխանատվություն՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքները, որոնք բռնի տեղահանվել են ագրեսիայի եւ էթնիկ զտման գործողությունների արդյունքում: Եթե Հայաստանը չպաշտպանի նրանց վերադարձի իրավունքը, որեւէ այլ երկիր չի զբաղվի այս հարցով նույն հրատապությամբ եւ համոզմամբ:

Երկրորդ, այս հարցը բարձրացնելը Հայաստանի համար կարող է կարեւոր բանակցային գործիք լինել: Ներկայումս Հայաստան-Ադրբեջան բանակցությունների սեղանին չկա որեւէ հարց, որը նպաստավոր է Հայաստանին՝ թողնելով Հայաստանը առանց լծակների: Վերադարձի իրավունքի պահանջով հանդես գալը Հայաստանի համար կարող է փոխել դիվանագիտական քննարկումներն իր օգտին: Բացի այդ, վերադարձի իրավունքի համընդհանուր աջակցությունը գրեթե անվիճարկելի է: Եվ որեւէ չեզոք երկիր չի կարող դեմ լինել դրան որպես սկզբունք: Միջազգային իրավունքը եւ դիվանագիտական նորմերը նպաստում են տեղահանված ժողովուրդների հայրենիք վերադառնալու իրավունքին առհասարակ: Այս դիրքորոշումն առավել ամրապնդվում է մի շարք իրավական որոշումներով եւ միջազգային բանաձեւերով՝ կոնկրետ Ղարաբաղի նկատմամբ, ներառյալ 2023 թվականի նոյեմբերի 17-ին միջազգային դատարանի որոշումը եւ 2024 թվականի մարտի 12-ի եւ հոկտեմբերի 25-ի Եվրոպական խորհրդարանի բանաձեւերը, որոնք հաստատում են այս իրավունքը եւ հորդորում են Ադրբեջանին՝ ապահովել նրանց անվտանգ վերադարձը:

Ավելին` ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահողները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, հրապարակայնորեն աջակցել են վերադարձի իրավունքին:

Նորընտիր նախագահ Թրամփը նույնիսկ ճանաչել է հայերի էթնիկ զտումը Արցախում՝ հաստատելով նրանց վերադարձի իրավունքը:

Ֆրանսիան նույնպես նմանատիպ աջակցող հայտարարություններ է արել բազմիցս:

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը վերջերս զգուշացրել է Հայաստանին՝ չշտապել խաղաղության պայմանագրի ստորագրմամբ՝ առաջարկելով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը դեռ կարող է ծառայել որպես կոնֆլիկտի լուծման հիմք եւ հնարավոր վերադարձի ուղի:

Շվեյցարիայի խորհրդարանականները նույնիսկ քննարկում են հարցը այսօր, որպեսզի ստեղծվի ֆորում, որտեղ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները կարողանան քննարկել արցախցիների վերադարձի հարցը:

Այս միջազգային արձագանքները ընդգծում են լայն համակարծություն եւ ցուցադրում են Հայաստանի ակտիվ մասնակցության կարեւորությունը: Նույնիսկ Ադրբեջանի նախագահ Ալիեւը չի առարկում վերադարձի իրավունքին՝ թեեւ իր պայմաններով:

Ադրբեջանը, իհարկե, արցախցիների տեղահանումը ներկայացնում է որպես կամավոր, ինչը մոլորեցնող է եւ բարոյապես, իսկապես, դատապարտելի: Բայց միջազգային հանրության համար ակնհայտ է, որ տեղահանումը տեղի է ունեցել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետեւանքով:

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն իր 2023 թվականի զեկույցում այս գործողությունները դատապարտել է որպես ցեղասպանություն՝ ընդգծելով ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայի խախտումները:

Նույնպես վերջերս Freedom House-ի 2024 թվականի զեկույցը նկարագրում է Ադրբեջանի համակարգված ջանքերը, Արցախից հայ բնակիչներին դուրս բերելու նպատակով իրենց մշակույթն ու ժառանգությունը ոչնչացնելու փորձով:

Այս փաստարկների լույսի ներքո Հայաստանի կառավարության լռությունը վերադարձի իրավունքի վերաբերյալ ոչ միայն զարմացնող է, այլեւ բացահայտում է բարոյական համոզմունքի, ռազմավարական հեռատեսության եւ համարձակության իսպառ բացակայությունը: Արցախի ժողովուրդը, չնայած տեղահանությանը, այսօր իր ծանր պայմաններին, վճռական է իր որոշման մեջ՝ վերադառնալ իր հայրենիք եւ ձեւավորել իր քաղաքական ճակատագիրը: Վերադարձի իրավունքի պաշտպանությունը ոչ միայն Հայաստանի շահերից է բխում, այլեւ բարոյական պարտականություն է: Կառավարության գործողությունների բացակայությունը խարան է նրա խղճին, բացահայտ անգործություն ու թերացում իր ժողովրդի նկատմամբ եւ այսպիսի անհասկանալի եւ անբացատրելի զիջում, որի ուրվականը մեզ հավերժ հետապնդելու է»,-ասել է Վարդան Օսկանյանը:

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930