ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանում է ընթերցողների 5 հարցերին
Հարց առաջին։ Ի՞նչ սպասումներ կարելի է ունենալ ԱՄՆ-ում Թրամփի նախագահությունից։
Պատասխան։ ԱՄՆ նորընտիր նախագահի հետ աշխարհի տարբեր մասերում տարբեր հույսեր են կապում։ Ակնհայտ է, որ այդ բոլոր սպասումները Թրամփի ընտրությունն արդարացնել չի կարող։ Հաճախ խոսվում է գեոպոլիտիկ լարվածության թուլացման հնարավորության մասին՝ նկատի ունենալով ուկրաինական պատերազմը։ Անշուշտ, այդ գլոբալ պայքարի թուլացումը որոշակի պատուհան կբացի նաեւ մեր տարածաշրջանում, որից օգուտով դուրս գալու համար կպահանջվի այս ռեժիմի օրոք անհնարին հմուտ դիվանագիտական խաղ։ Արեւմուտք-Ռուսաստան առճակատումը կփոխարինվի ԱՄՆ-Չինաստան, ԱՄՆ-Իրան տարաձայնությունների խորացմամբ, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում նոր զարգացումներով։
Թրամփի հաղթանակը ինձ համար կարեւոր էր նաեւ այլ դիտանկյունից։ Անկախ իր վրա կարվող տասնյակ գործերից, դատաիրավական եւ տեղեկատվական ռեպրեսիաներից եւ ճնշումներից՝ նա ապացուցեց, որ պայքարող եւ գաղափարական մարդուն կոտրել հնարավոր չէ։ Սպանել, վերացնել հնարավոր է, բայց կոտրել՝ երբե՛ք։
Կարդացեք նաև
Հարց երկրորդ։ Մարդու իրավունքների պաշտպանը վերջերս հայտարարեց, որ ինքը Հայաստանի լավագույն իրավաբանն է։ Դուք նրա պաշտոնավարման ընթացքում մինչեւ հիմա կալանքի տակ եք, ի՞նչ կարծիքի եք իր աշխատանքի մասին։
Պատասխան։ Չեմ կարող ասել, թե ինչպիսի իրավաբան է նա, բայց մարդկային տեսակետից կարող եմ պնդել, որ նման զարհուրելի հայտարարություններով նա ապացուցում է, որ հիվանդագին աստիճանի չկայացած է։ Իսկ որպես ՄԻՊ՝ Հայաստանի վատագույն ՄԻՊ-ն է, նույնիսկ իր նախորդից (Քրիստինե Գրիգորյանից) վատը։ Քրիստինեն, օրինակ, գոնե ստիպված նամակներ էր ուղարկում քաղբանտարկյալների գործերով, ինչի շնորհիվ որոշ աղաղակող փաստեր են ի հայտ եկել նույն իմ գործով։ Նա, իհարկե, ընթացք չտվեց բացահայտված խայտառակություններին, բայց իմ դատավարության ընթացքում այդ փաստերին անդրադառնալու առիթ դեռ կունենանք։
Հարց երրորդ։ Ի՞նչ կարծիքի եք Նազենի Հովհաննիսյանի շուրջ ծավալված բուռն հանրային քննարկումների մասին, որոնց միացավ նաեւ Աննա Հակոբյանը։
Պատասխան։ Ցանկացած ոլորտի հանրային գործիչներն էլ պատրաստ են եւ անցնում են հասարակական բուռն քննարկումների, հիվանդագին սեւեռումների եւ ատելության ցեխաջրերի միջով։ Նազենին, որպես ժամանակին ամենապոպուլյար ֆեյսբուքահայաստանցին եւ առ այսօր մեծ լսարան եւ հեղինակություն ունեցող գործիչ, հաստատ դրանից զարմացած չէ։ Մանավանդ որ ի տարբերություն հայկական «բոհեմի», շոու-բիզնեսի, զանազան ժանրերի բազում «աստղերի»՝ ապացուցել եւ ապացուցում է, որ սրտացավ է, հայրենասեր եւ խիզախ։ Իսկ այս քննարկումներին Հակոբյան Աննայի «խառնվելուց» մի հետեւություն պիտի անել. ամոթ մեզ, որ մեր դատարկ եւ անմակարդակ քննարկումներով նման «արբիտրաժի» համար հող էինք ստեղծել։ Պաշտպանե՛ք, հարգե՛ք, հասկացե՛ք իրար, որ կողքից խրատողները թամաշա չանեն։ Աննան, եթե իրականում ուզենար «բարի ոստիկան» խաղալ եւ կանանց դիսկրիմինացիայի հարցերով զբաղվել, կարող էր ճաշերին իր կողքը նստած ՄԻՊ-ին հորդորեր իր գործով զբաղվել, Սիմոնյան Ալենին սաստեր, որ ընդդիմադիր կին պատգամավորների հետ իրեն չափերի մեջ պահեր, կանխեր իր նախկին գործընկեր կին լրագրողների նկատմամբ տարաբնույթ ախռաննիկների եւ բերետավորների բռնությունները, զոհվածների մայրերի նկատմամբ չբեմադրված հարգանք եւ երախտագիտություն դրսեւորեր։ Իսկ Նազենիին ամուր գրկում եմ եւ շնորհակալ եմ, այդ թվում՝ իմ շինծու գործով արտահայտված դիրքորոշման համար։
Հարց չորրորդ։ Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ԱՄՆ հովանու ներքո բանակցում են ջրային ռեսուրսների համատեղ կառավարման շուրջ։ Մի տեսակ անհանգստացնող լուր էր։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը։
Պատասխան։ Ակնհայտ է, որ գործող իշխանությունների օրոք Հայաստանը ունակ չէ իր շահերը հավուր պատշաճի ներկայացնել, բանակցել եւ պաշտպանել որեւէ երկրի, հատկապես՝ Ադրբեջանի հետ։ Եթե նույնիսկ բազմապատկման աղյուսակի շուրջ բանակցեն։ Էլ ուր մնաց ջրային ռեսուրսների լրջագույն հարցով։ Այսքանից հետո էլ ավելի նյարդայնացնող էր, որ նման կարեւորագույն տեղեկատվության մասին հայ ժողովուրդը ստանում է Բաքվում ԱՄՆ դեսպանի ելույթից։ Այս տհաճ իրողությունը կրկին ապացուցում է, որ Նիկոլը հայ ժողովրդի մեջքի հետեւում հայ ժողովրդի հաշվին թաքուն պայմանավորվածությունների է գնում բոլորի, այդ թվում՝ մեր հակառակորդների հետ։ Նիկոլի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան նույնիսկ գրավոր պարտավորությունները։ Կասկած չունեմ, որ իշխանափոխությունից հետո էլ ավելի սահմռկեցուցիչ փաստեր են ի հայտ գալու։
Հարց հինգերորդ։ Իշխանությունները պարբերաբար խոսում են այն մասին, որ ընդդիմությունը ռուսամետ է, իսկ Հայաստանը նորից չի դառնալու գուբերնիա։
Պատասխան։ Այս դատարկ խլվլոցները նրանց կեղծարար քարոզչության անբաժանելի մասն են։ Զավեշտ է, երբ նրանք ճամարտակում են ինքնիշխանության մասին՝ բայց երկիրը հասցրել են ինքնիշխանության պատմական մինիմումի, ադրբեջանական զորքերով մեր տարածքներում եւ Ալիեւի հաթաթաների տակ մնացած։ Զավեշտ է, երբ խոսում են Ռուսաստանի հետ կապերը թուլացնելու մասին, բայց նույն Ռուսաստանից մեր կախվածությունը հասցրել են պատմական մաքսիմումի։ Զավեշտ են ընդդիմությանն ուղղված այդ ձեւակերպումները, երբ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո իշխանափոխությունը կանխելու համար նրանք պարբերաբար Մոսկվայից մարդ են բերել մեզ վրա (օրինակ, «Իմ քայլը» դաշինքի 2020 թվականի նոյեմբերի 12-ի գիշերային, ափալ-թափալ հայտարարությունը)։ Զավեշտ են Հանրապետականի հասցեին նման զառանցանքները, երբ մենք 2012-ից եվրոպական քաղաքական ընտանիքի անդամ ենք, իսկ սրանց նույնիսկ Մակրոնը չի կարողանում խցկել իր կուսակցական կառույցի մեջ։ Երբ ԵՄ-ի հետ մինչեւ հիմա աշխատում են եւ հպարտանում են մեր թողած CEPA-ով։ Կարճ ասած, ո՛չ Հայաստանն է երբեւէ գուբերնիա եղել, ո՛չ էլ Հայաստանի իշխանությունները՝ սրանց նման «խալոպ»։