«Այսօր մենք խոսելու ենք պետությունից, ավելի կոնկրետ արդի պետականությունից` ձեզ հետ կիսելով պետության ընկալման շուրջ մեր հետազոտությունների արդյունքները: Դրանք իրականացվել են Հովհանիսյան ինստիտուտի՝ Հայկական արդիությունների ուսումնասիրման նախագծի «Մշակույթ և արդիականացում» ծրագրի շրջանակում: Այս ընթացքում պետությունը փորձել ենք դիտարկել ոչ միայն արեւմտյան, այլեւ ոչ արեւմտյան ավանդույթներում, ոչ միայն արդիական, այլեւ նախաարդիական պայմաններում՝ Հին Չինաստանից ու Հնդկաստանից մինչեւ արդի ժամանակակից արեւմտյան պետություններ»,- Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտում կայացած «Հայկական արդիություններ. պետությունը բաղձանքի եւ կենցաղի միջև» միջազգային գիտաժողովի բացմանը նշեց Հովհաննիսյան ինստիտուտի նախաձեռնող եւ համահիմնադիր Վարդան Ազատյանը:
Առաջին նիստի՝ «Պատմություն եւ քաղաքականություն. ստալինյան ժառանգությունից անդին» բանախոսներն էին Ժիրայր Լիպարիտյանը (ԱՄՆ, Հայաստան), Լուսին Շաբոյանը (Հայաստան), Իրինա Շահնազարյանը (Հայաստան) եւ Ռոջեր Մարկվիքը (Ավստրալիա):
Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի հետազոտող, արվեստաբան Լուսին Շաբոյանի ելույթը վերաբերում էր Հայաստանի Առաջին եւ Երկրորդ հանրապետություններում անկախության եւ հեղափոխության գաղափարական ըմբռնումներին ու դրանց մշակութային վերապատկերումների վերլուծությանը: Ըստ բանախոսի, 1918թ․ հռչակված Հայաստանի Առաջին Հանրապետությունը ռազմաքաղաքական հանգամանքների բերումով էր իրողություն դարձել:շ
Կարդացեք նաև
Լուսին Շաբոյանի խոսքով, ի տարբերություն Առաջին Հանրապետությունում Անկախության գաղափարական սրբացմանը՝ խորհրդային օրակարգի ներսում անկախությունը, ենթարկվելով համաշխարհային կոմունիզմի հաստատման ընդհանուր հեռանկարներին, ըմբռնվում էր իբրեւ «միջոց» խաղաղ ստեղծագործ աշխատանքի կայացման համար: Վերջինս էլ իր հերթին միտված էր սոցիալիստական այնպիսի երկրի կառուցմանը, որը ճանապարհ կհարթեր դեպի կոմունիստական հասարակություն:
Շաբոյանի ձեւակերպմամբ. «Մեծ իմաստով հարկադրաբար հռչակված առաջին անկախ պետականությունը ռազմաքաղաքական հանգամանքների բերումով էր իրողություն դարձել, իրողություն, որին պատրաստ չէին ոչ քաղաքական վերնախավի ներկայացուցիչները, ոչ էլ ժողովուրդը: Առաջին Հանրապետության ղեկավարներից Նիկոլ Աղբալյանի խոստովանությամբ. «Իրերի անողոք բերումով եւ տարտամ, շվար ու ընկճված տրամադրությամբ է, որ Հայաստանն անկախ է հռչակվում»: Աղբալյանի համար, սակայն, դժվարությունը ոչ այնքան անկախության հռչակման ծանր իրադարձության մեջ էր, որքան Առաջին Հանրապետության ղեկավարների առջեւ հաջորդիվ ծառացած քաղաքական իրադրության. «Մեծագույն դժվարությունը հոն էր սակայն, որ չէր բավեր ճակատագրական խոսքը արտասանել, չէր բավեր Հայաստանը անկախ հռչակել: Հարկ էր խոսքի բարձրության հասցնել մեր անմխիթար իրականությունը: Պետք է ժողովուրդը, 1000 աղետների մատված հայությունը հենարան դարձնել մեր մեծ ու պատասխանատու հանձնառության»:
Աղբալյանի այս խոսքերը երեւան են հանում ազգային անկախության՝ իբրեւ ներկայի անմխիթարի իրականությանը հակադրված բարձր գաղափարի ու վերջինիս կենսագործման ճանապարհին ժողովրդին հենարան դարձնելու քաղաքական հրամայականը: Ազգային անկախությունն, այսպիսով, չունենալով գործնական հենարաններ հայ հասարակական-քաղաքական կյանքում՝ գրեթե անմիջապես քաղաքականապես սրբացվեց՝ կապվելով կորսված ազգային ազատության վերականգնման նվիրական գաղափարի հետ, հանուն որի պետք էր մաքառել եւ նահատակվել»:
Ի թիվս այլնի, Լուսին Շաբոյանը ներկայացրեց երկու բացիկ՝ մեկը թողարկել էր Առաջին Հանրապետությունում, մյուսը՝ Խորհրդային Հայաստան թերթում տպագրված Հակոբ Կոջոյանի աշխատանքն էր: Դրանց միջոցով նա զուգահեռներ տարավ երկու իրականությունների միջեւ:
Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի հետազոտող, Գեղարվեստի ակադեմիայի ասպիրանտ Իրինա Շահնազարյանն անդրադարձել էր Աշոտ Հովհաննիսյանի անտիպ գրքին: Նրա խոսքով, որպեսզի հնարավոր լինի պատասխանել, թե ինչպիսին է հայաստանյան իրականությունը, պետք է հետամուտ լինել պարզելու, թե ինչ քաղաքականության արդյունք են իրականությունը հասկանալու ձեւերը: Հետազոտողի խոսքով, տեսաբանական այս հարցերը բացահայտելու հնարավորություն է ընձեռում Աշոտ Հովհաննիսյանի «Ուրվագծեր 19-րդ դարի երկրորդ կեսի արեւելահայ հասարակական-քաղաքական մտքի պատմության» հատորն ու դրա շուրջ ծագած քաղաքական եւ պատմագիտական բանավեճի քննությունը:
Իրինա Շահնազարյանը նշեց, որ 1967-ին գրած գրքում Աշոտ Հովհաննիսյանն առաջադրում է արեւելահայ ազգային քաղաքական կուսակցությունների սկզբնավորման իր տեսությունը, իսկ մենագրությունը ոչ միայն հայտնաբերում է քաղաքական ու պատմագիտական մտքի մեր ժառանգությունը, այլեւ երեւան է բերում բրեժնեւյան լճացման տարիներին վեր հառնած ստալինյան քաղաքական եւ գիտական այն մտայնությունը, որ մինչ այսօր թույլ չի տվել բացահայտել այդ ժառանգությունը: Ընդ որում` այդ մտայնության վկայությունը, ըստ բանախոսի, Հովհաննիսյանի՝ չտպագրված եւ մինչ օրս արխիվում փակված գիրքն է:
«Ազգային կոմունիստները մեր քաղաքական մտքի պատմության մեջ հատուկ սերունդ են, որովհետեւ ինչպես Հովհաննիսյանն ինքն էր ասում՝ իրենք գաղափարակից ժառանգներն էին նախընթաց քաղաքական հոսանքների: Սրանք պարզապես խոսքեր չէին, ազգային կոմունիստներից շատերը նախկին դաշնակցականներ էին, նախկին հնչակյաններ, Հովհաննիսյանը ինքը աշակերտական տարիներին հարել էր Դաշնակցությանը, հետո մտել էր սպեցիֆիկների շարքերը, ապա՝ կոմունիստական կուսակցություն: Այսինքն, սա քաղաքական մի սերունդ էր, որը արդի քաղաքական մտքի զարգացման գրեթե բոլոր օղակներով անցել էր»,-նշեց բանախոսը:
Ի թիվս այլնի նա հավելեց, որ ժամանակին հենց դաշնակցությանը վերաբերող հատվածի ու դրա դեմ հարուցված քննադատության պատճառով է առկախվել Հովհաննիսյանի գրքի տպագրությունը. «Դաշնակցության հարցը գրքի հրատարակության խնդիրը գիտական մակարդակից փոխադրել էր քաղաքական մակարդակ՝ Պատմության ինստիտուտից զատ աշխատության քննարկմանը ներգրավելով քաղաքական բարձրագույն ղեկավարությանը: 1969-ին արդեն կենտկոմի քարտուղար Ռոբերտ Խաչատրյանը գրքի հրատարակության հարցով իր մոտ է հրավիրում Հովհաննիսյանին, ԳԱԱ ղեկավարներին եւ Պատմության ինստիտուտի տնօրեն Գալուստ Գալոյանին: Կայացած խորհրդակցությունը վավերագրած Հովհաննիսյանի խոսքով՝ խորհրդակցության ակներեւ նպատակն էր, իր խոսքով, ղեկավար ընկերների միջոցով ձեւակերպել գրքի տպագրության մերժումը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Is this the same person?
‘Ashot Hovhannisian was a signatory of a secret decision made in September 1920 by the leadership of the Communist Party of Armenia which called on members to work to “speed up Armenia’s defeat” in the Turkish–Armenian War and “dissolve the Armenian army by all means” in order to facilitate the Sovietization of Armenia.’