Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաբացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրության «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահը

Նոյեմբեր 16,2024 14:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ վերաբացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրության «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահը: Ցուցասրահի բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Նախարարը Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի ուղեկցությամբ շրջել է արդիականացված և գեղարվեստական նոր ձևավորմամբ ցուցասրահում, ծանոթացել ցուցանմուշներին:

Ողջունելով ներկաներին` նախարարը շնորհավորել է հրաշալի միջավայրի ձևավորման համար. «Այս տարին թանգարանների համար շատ կարևոր էր, քանի որ վերջապես ունեցանք «Թանգարանների մասին» օրենքը, որով մի շարք կարևոր հարցեր լուծելու հնարավորություն ենք ստանում, և արդեն այսօր, երբ իրականացվում են օրենքից բխող ենթաօրենսդրական մշակումները, պարզ է դառնում, որ թանգարանների զարգացման համար դրվել են ինստիտուցիոնալ հիմքեր: Ոլորտի քաղաքականությամբ պետք է օգնենք զարգանալու և նոր ծրագրեր ու հեռանկարներ բացելու»:

Ժաննա Անդրեասյանը նշել է՝ տարին կարևոր էր նաև նրանով, որ ՀՀ կառավարությունը 14 տարվա ընդմիջումից հետո վերականգնեց թանգարանների հավաքածուների համալրման բյուջեն. «Սա նշանակում է, որ մեր թանգարանները ստացել են հնարավորություն տալու իրենց առաջարկները, և այն արժեքավոր նմուշները, որոնցով պետք է համալրվեն թանգարանների հավաքածուները, մասնագիտական հանձնաժողովի եզրակացությամբ կարող են պետության աջակցությամբ ձեռքբերվել: Կարծում եմ՝ սա մեր թանգարանների համար լավ հնարավորություն է՝ նմուշները պարբերաբար թարմացնելու: Թանգարանն այն վայրն է, որտեղ, բացի նմուշներ տեսնելուց, պետք է զգալ ամենակենդանի միջավայրը: Այս թանգարանը դրա լավագույն վկայությունն է, որտեղ զգում ես շունչը, տրամադրությունն ու շարժումը, լսում ես ձայները»:

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությանը, որը պետք է նպաստի թանգարանների մարքետինգային քաղաքականության և վարչատնտեսական կառավարման բարելավմանը: Նախարարին ներկայացվել է՝ Ալեքսանդր Սպենդիարյանը սիրել է հյուրերի համար անակնկալ նվագել, և թանգարանն էլ ավանդույթ ունի տարվա մեջ բացառիկ դեպքերում հնչեցնելու նրա դաշնամուրը: Այդ առիթներից մեկը պատանի սպենդիարյականների երդման արարողությունն է, երբ Ա. Սպենդիարյանի երաժշտական դպրոց ընդունված ավելի քան 150 առաջին դասարանցիներն առաջին քայլը սկսում են հենց կոմպոզիտորի տուն-թանգարանից, և այդ առիթով երեխաներից մեկին հնարավորություն է տրվում նվագելու այդ գործիքով։

Նշենք, որ ցուցադրությունը համալրվել է Ա. Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության փաստագրական և գեղարվեստական նորահայտ նյութերով, որոնք կխթանեն անվանի կոմպոզիտորի ստեղծագործական առանձնահատկությունների հանրայնացումն ու ճանաչողության բարձրացումը: Ինտերակտիվ նոր ձևաչափով ներկայացված է կոմպոզիտորի «Ալմաստ» օպերայի բեմական պատմությունը: Արդիականացված և գրավիչ լուծումներով ցուցադրանքը մեկտեղել է տուն-թանգարանում գործող կրթական ծրագրերը և հնարավորություն տվել նորերի ստեղծմանը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930