Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերաքննիչ դատարանը կիրառել է միջազգային այն պայմանագիրը՝ Քիշնեւի կոնվենցիան, որը չպետք է կիրառեր». Վճռաբեկ դատարանի որոշումից

Նոյեմբեր 16,2024 13:30

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Թամար Բուրջանաձեի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 29-ին կայացվում է հեռակա որոշում անհատ ձեռներեց Տիգրան Սողոմոնյանի գործով: Այն մտնում է օրինական ուժի մեջ: Ապա գործը հասնում է Հայաստանի Հանրապետություն՝ ՀՀ վճռաբեկ դատարան:

Վճռաբեկ դատարանն առաջին անգամը չէ, որ առնչվում է արտերկրի դատարանների կողմից կայացրած դատական ակտերի հետ: Իր այս վերջին որոշման մեջ Վճռաբեկը հիշատակում է նմանօրինակ մի քանի գործերով իրավական դիրքորոշումների մասին, օրինակ, ՌԴ պաշտպանության նախարարության Պոլեւայա Դաշտային N զորամասի միջնորդության` թիվ 2-22/2014 քաղաքացիական գործով Ռուսաստանի Դաշնության 5-րդ կայազորային զինվորական դատարանի 19.03.2014 թվականի վճիռը ՀՀ տարածքում ճանաչելու եւ Հայաստանի Հանրապետության տարածքում կատարումը թույլատրելու պահանջների մասին (թիվ ՇԴ/0011/16/14 քաղաքացիական գործ, ՀՀ վճռաբեկ դատարանի 2016 թվականի փետրվարի 4-ի որոշում), Թամմի Ավանսիի դիմումի` Կանադայի Օնտարիո նահանգի Գերագույն դատարանի Ընտանեկան դատարանի 23.04.2018 թվականի ժամանակավոր որոշումը ճանաչելու եւ կատարման թույլատրելու պահանջների մասին (ՀՀ վճռաբեկ դատարանի 2020 թվականի մարտի 12-ի որոշում)…

Վրաստանի արդարադատության նախարարության հարկադիր կատարման ազգային գործակալության 28.03.2023 թվականի գրությունից տեղեկանում ենք, որ Թբիլիսիի դատարանի այդ որոշումը չի կատարվել մինչ օրս, քանի որ որոշմամբ սահմանված պարտավորությունները պարտապանի կողմից չեն կատարվել, ինչի արդյունքում դատական ակտը մինչեւ օրս մնացել է անկատար:

Ըստ Վճռաբեկ դատարանի, տվյալ դեպքում Թբիլիսիի քաղաքային դատարանի քաղաքացիական գործերով խորհրդի 2021 թվականի հուլիսի 13-ի որոշման համաձայն՝ հայցի եւ կցված փաստաթղթերի բովանդակության վերաբերյալ պատասխանողը ծանուցվել է հանրային հրապարակումների միջոցով. որոշումը հանրայնացվել է 2021 թվականի հուլիսի 20-ին՝ 7 օր ժամկետով, իսկ պատասխանող կողմը պատասխան չի ներկայացրել։ Դատարանն էլ պատասխանող կողմի պատշաճ ծանուցումն ապահովելու համար՝ կայացրել է հայցը բավարարելու վերաբերյալ որոշում։ Այն, որ նման դատական ակտ կա Հայաստանում քննված դատական վեճերից մեկով, տեղեկացանք Վճռաբեկ դատարանի նոյեմբերի 11-ի որոշումից:

Դատարանը գրավոր ընթացակարգով քննել է «Մարտին Պամաչ» ՍՊ ընկերության բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի այս տարվա մարտի 20-ի որոշման դեմ՝ Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը ճանաչելու եւ Հայաստանի տարածքում դրա կատարումը թույլատրելու պահանջի մասով:

Նախապատմությունը հետեւյալն է. «Մարտին Պամաչ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Էդգար Եղիազարյանը 2023 թվականի ապրիլի 14-ին դիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով ճանաչել Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից 29.09.2021 թվականին կայացված որոշումը եւ թույլատրել դրա կատարումը Հայաստանի Հանրապետությունում:

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Լ.Գրիգորյանի 2023 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ, եւ կիրառվել է հայցի ապահովման միջոց՝ հայցագնի՝ 527.663,47 եւ 5.050 լարիին համարժեք՝ 81.942.068 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել պարտապան Տիգրան Սողոմոնյանին պատկանող գույքերի վրա՝ մինչեւ սույն գործով վերջնական դատական ակտի կայացումը: 2023 թվականի նոյեմբերի 29-ին Երեւան քաղաքի քաղաքացիական դատարանը մերժել է ՍՊ ընկերության ներկայացուցիչ Տիգրան Սոլոմոնյանի դիմումը:

Այս տարվա մարտի 20-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանն էլ մերժել է բողոքը, որոշումը թողնելով ուժի մեջ:

Վճռաբեկ դատարանն անդրադառնում է օտարերկրյա դատարանների դատական ակտերը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչելու եւ կատարման թույլատրելու հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։ Ըստ դատարանի. «օտարերկրյա դատական ակտերը Հայաստանի Հանրապետությունում ինքնըստինքյան չեն կարող ունենալ իրավական գործողության այն հատկանիշները (պարտադիրություն, անհերքելիություն, կատարելիություն, նախադատելիություն), ինչ ունեն ներպետական դատարանների օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը: Միեւնույն ժամանակ պետության ինքնիշխանությունը չի բացառում օտարերկրյա դատական ակտերի ճանաչման եւ կատարման հնարավորությունը Հայաստանի տարածքում, ինչը, նախ եւ առաջ միջազգային համագործակցության դրսեւորում է»:

Վճռաբեկ դատարանի իրավական հետեւությունների համաձայն՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հայաստանի եւ Վրաստանի դատարանների դատական ակտերը միմյանց տարածքում ճանաչելու ու կատարման թույլատրելու իրավահարաբերությունների նկատմամբ Քիշնեւի կոնվենցիան կիրառելի չէ, քանի որ Վրաստանը Քիշնեւի կոնվենցիան չի վավերացրել, այսինքն՝ նշված կոնվենցիան Վրաստանի համար ուժի մեջ չի մտել (Քիշնեւի կոնվենցիայի 120-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասեր): Խոսքը Քիշնեւի կոնվենցիայի 56-րդ հոդվածի մասին էր, որը կարգավորում է դրա մասնակիցների՝ պայմանավորվող կողմերի տարածքներում կայացված դատական ակտերը ճանաչելու եւ կատարելու պայմանները։

Շարադրվածի արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այս գործով Վերաքննիչ դատարանը կիրառել է միջազգային այն պայմանագիրը՝ Քիշնեւի կոնվենցիան, որը չպետք է կիրառեր։

Վճռաբեկ դատարանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ քաղաքացիական գործերով իրավական օգնությունը, այդ թվում՝ դատարանի որոշումների ճանաչման ու կատարման հետ կապված հարցերը, կարգավորվում են «Վրաստանի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ քաղաքացիական գործերով իրավական օգնության» 04.06.1996 թվականի պայմանագրով: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վրաստանի դատարանների դատական ակտերը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչելու եւ դրանց կատարումը թույլատրելու հարց քննարկելիս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 354-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ դատավարությանը մասնակցելուց զրկված լինելու փաստը պետք է գնահատել պայմանագրի 21-րդ հոդվածի «գ» կետի լույսի ներքո։

Ստորադաս դատարանը 2023 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ նշել է անգամ. «Գործով մասնակից եւ ճանաչման ենթակա ակտով պարտապան հանդիսացող Ա/Ձ Տիգրան Սողոմոնյանը փաստացի չի ստացել հայցը, դատավարական փաստաթղթերը, զրկված է եղել դատավարությանը մասնակցելու հնարավորությունից, այսինքն՝ դատական ակտը կայացվել է առանց կողմի մասնակցության», արձանագրելով, որ «առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 354-րդ հոդվածով նախատեսված օտարերկրյա դատական ակտի ճանաչելը մերժելու հիմք»։

Վճռաբեկ բողոքը բավարարվել է, բեկանվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2024 թվականի մարտի 20-ի որոշումը եւ գործն ուղարկվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930