Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի օրոք հարուցված հերթական քրեական հետապնդումն Աբգարյանների ընտանիքի նկատմամբ ավարտվեց եւ հաստատվեց նրանց անմեղությունը:
Դատարանը նախորդ օրը որոշել է Էդիկ Աբգարյանի եւ Անահիտ Գեւորգյանի կողմից ենթադրաբար կաշառք տալը, այդ արարքի կատարմանը դրդելն ու օժանդակելը, դատավորի կողմից ենթադրաբար կաշառք ստանալը, չկատարելու հիմքով վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել: Աբգարյանն ու Գեւորգյանը ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթացող քրեական գործով մեղադրյալ Վահագն Աբգարյանի (Ալավերդցի Վահագնի) ծնողներն են:
Դատարանի այս որոշման պատճենը կուղարկվի ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչություն, այն քրեական վարույթի նյութերին կցելու եւ սույն որոշման եզրափակիչ մասի երկրորդ կետում նշված անձանց հանձնելու համար:
Ստացվել է, որ միաժամանակ ծնողները եւ կասկածյալներ էին, եւ տուժողներ:
Կարդացեք նաև
Հիշեցնեմ, որ Վահագն Աբգարյանի ծնողները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել 2021 թվականին՝ խարդախությամբ իրենց գույքը հափշտակելու վերաբերյալ: Այդ գործի շրջանակներում իրավապահ մարմինները օպերատիվ գրությամբ որոշել են, որ այն գույքը, որը հափշտակվել է, կապվում է դատավորներից մեկին կաշառք տալու հետ, որով, ի դեպ, Վահագն Աբգարյանը չի անցնում:
Արդյունքում հաստատվեց, որ նման բան գոյություն չունի, չեն կարող լրագրող, գիտնական, բարձր գիտակցություն ունեցող մարդիկ դիմեին կամ դրդեին կաշառք տալու:
Իր գործով (ձերբակալվել է հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու, ինչպես նաեւ Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու կասկածանքով) Վահագն Աբգարյանը բազմիցս հայտարարել է, որ մշտապես իր անձի նկատմամբ նախկին դատախազ Արթուր Դավթյանի օրոք եղել են ճնշումներ, բոլոր հնարավոր միջոցներով, եւ որ ճնշումներից մեկն էլ ծնողների նկատմամբ քրեական այս հետապնդումն էր:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.11.2024