Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Քվանտայինը և հասարակագիտությունը

Նոյեմբեր 16,2024 12:00

Հասարակական հարաբերությունների բնույթը պարզաբանելիս դժվար չէ նկատել որոշ նմանություններ քվանտամեխանիկական երևույթների հետ: Ի՞նչ նկատի ունենք: Հարցին պատասխանելու համար հակիրճ անդրադառնանք քվանտային մեխանիկային: Նախ նշենք, որ քվանտային մեխանիկան բացատրում է միկրոաշխարհի օրինաչափությունները, ի տարբերություն մակրոաշխարհի, որի օրինաչափությունները բացատրվում են դասական (նյուտոնյան) մեխանիկայի միջոցով: Նշենք նաև, որ մակրոաշխարհ ասելով նկատի ունենք մարդուն շրջապատող աշխարհը, որը մարդը ճանաչում է իր զգայարանների, և իհարկե, բանականության միջոցով: Ֆիզիկական աշխարհի առարկաները ուսումնասիրելու համար որպես կարևորագույն միջոց կիրառվում է չափումը, ընդ որում ենթադրվում է, որ չափման ընթացքում չափվող առարկան որևէ փոփոխության չի ենթարկվում: Այս հանգամանքն ունի հիմնարար նշանակություն, որից հետևում է, որ չափման արդյունքում ստանում ենք առարկայի օբյեկտիվ պատկերը: Մի հանգամանք ևս՝ չափումը ֆիզիկա է ներմուծում թիվը, մեծ հաշվով մաթեմատիկան: Այս ամենը հաջողությամբ բացատրում էր մակրոաշխարհի պատճառահետևանքային օրինաչափությունները, քանի դեռ ֆիզիկան ստիպված չէր ուսումնասիրել միկրոաշխարհը:

19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբին փորձարարական ֆիզիկան բացահայտեց մի շարք երևույթներ, որոնք չէին ենթարկվում դասական ֆիզիկայի օրինաչափություններին: Այս ամենը հանգեցրեց քվանտային գաղափարների առաջացմանը, ապա և քվանտային մեխանիկայի տեսության ստեղծմանը, որի պսակը դարձավ Շրյոդինգերի հավասարումը: Քվանտամեխանիկական համակարգերի բնույթը բացատրվում է Հայզենբերգի անորոշությունների առնչության սկզբունքով: Ըստ այդ սկզբունքի քվանտամեխանիկական համակարգի կոորդինատը (x) և իմպուլսը (p) միաժամանակ ճշգրիտ որոշել հնարավոր չէ, առկա է որոշակի անորոշություն, այսինքն՝ կոորդինատի անորոշությունը (Δx) և իմպուլսի անորոշությունը (Δp) արտահայտվում են բանաձևով (ħ Պլանկի հաստատունն է):

Այսպիսի անորոշությունը պայմանավորված է քվանտային օբյեկտների երկվությամբ՝ մասնիկային և ալիքային բնույթով և, մյուս կողմից՝ ֆիզիկական չափման պատճառով: Բանն այն է, որ միկրոմասնիկների այս կամ այն հատկությունը որոշում ենք մակրոաշխարհի համար ընդունելի սարքերով, որոնք չափումներ կատարելիս իրենց մեծության պատճառով էապես ազդում են չափվող մեծության վրա և այն ենթարկում են որոշակի փոփոխության, ինչն էլ առաջացնում է որոշակի անորոշություն:

Քվանտային մեխանիկային անդրադառնալը պայմանավորված է երկու հանգամանքով. նախ՝ այդպիսի պատկերացումը գիտություն ներմուծեց արմատապես նոր՝ նախկին՝ դասական ֆիզիկայից էապես տարբերվող մոտեցումներ, ինչը հատուկ էր մինչ այդ ընդունված պատկերացումներին ու մտածողությանը: Երկրորդ հանգամանքն այն է, որ մարդկային հարաբերությունները և առհասարակ հասարակական հարաբերությունները բազմաթիվ առումներով իրենց բնույթով ավելի նման են քվանտային երևույթներին:

Մարդկային և քվանտային երևույթների միջև կա որոշակի նմանություն՝ նկատի ունենք այն հանգամանքը, որ երբ փորձում ենք նկարագրել, բացատրել, հասկանալ որևէ մեկին, ապա այդ մեկի հետ շփվելիս հանդիպում ենք լուրջ խնդիրների: Ամբողջ բարդությունն այն է, որ այդ շփման ժամանակ ես ինչ-որ չափով ազդում եմ նրա վրա, իսկ ինքը ինձ վրա: Եվ ինչպես ես, այնպես էլ դիմացինն այդ շփման ընթացքում փոխվում ենք, տարբերվում ենք մինչև շփումը եղածից: Այս առումով մարդն իր վարքով նման է միկրոաշխարհի մասնիկներին, այսինքն ճանաչողությունը միարժեք չէ և միշտ առկա է որոշակի անորոշություն:

Այս նախաբանից հետո նշենք, որ անհիշելի ժամանակներից մարդը փորձել է ճանաչել ինչպես ինքն իրեն, այնպես էլ մյուսներին, նաև մարդկային հանրույթները: Դարերի ընթացքում այս ճանապարհին ամեն մի ժողովուրդ ստեղծել է ճանաչողության տարբեր միջոցներ, որոնք արտահայտվել և ամրագրվել են ժողովրդական պատումներում, սովորույթներում ու ավանդույթներում, բանաձև դարձած առածներում, ասացվածքներում, լեզվական տարբեր դրսևորումներում:

Որպես օրինակ վերցնենք մի տարածված առած. ,Լավություն արա՛, գցի՛ր ջուրըե: Ինչու՞ չի ասվում ,գցիր մի կողմե կամ ,մոռացիրե և այլն, այլ հատկապես ,գցիր ջուրըե: Կարծում եմ այն պարզ պատճառով, որ մարդը վաղուց ի վեր հասկացել է ջրի անընդհատ հոսքը, հավերժական շրջապտույտը և ջուրը դարձել է հավերժության, կյանքի խորհրդանիշ: Պատահական չէ, որ մեր ,Սանասարն ու Բաղդասարըե ծնվեցին մի բուռ ու կես ջրից, իսկ Ծովինարը համարվեց աստվածություն:

Այդ առածը փաստորեն հորդորում է մարդկանց լավություն անել, որքանով դա կորած չէ և ջրի հետ գնալով պետք է ջրի նման վերադառնա լավություն անողին: Այն նաև դաս է, կրթություն և գիտելիք, բարոյական խրատ: Ասվածը վերաբերում է նաև այն սովորույթին, երբ ճանապարհ մեկնողի հետևից մի բաժակ ջուր են գցում, այսինքն՝ բարով գնաս և վերադառնաս, ինչպես ջուրը:

Նշեմ նաև մի այլ առած, որը դժբախտաբար մեկնաբանվում է չափազանց պրիմիտիվ՝ ,որտեղ հաց, այնտեղ կացե: Այնինչ այն ունի չափազանց լուրջ ու խոր իմաստ: Աշխատասեր ժողովուրդը չէր կարող այդպիսի պրիմիտիվ բովանդակություն ունենալ: Այն նշանակում է, որ պետք է ապրել այնտեղ, որտեղ կարելի է արարել, հաց արտադրել, նոր բան ստեղծել, այլ ոչ թե ապավինել ուրիշի ստեղծածին: Խորիմաստ բովանդակություն ունեն բազմաթիվ, անհամար առածներ ու ասույթներ, որոնցում խտացված են ժողովրդի ապրումները, իմաստնությունը, դարերի խորհուրդը: Դրանք իսկապես կարող են դառնալ ճանաչողության ճշմարիտ բանաձևեր, ձևակերպումներ, որոնք, ըստ էության, վերածվում են մարդու և հասարակության կյանքի ընկալման, բացատրության, հասկացման, անհասկանալի թվացող երևույթների խորքը թափանցելու բանալի:

Ասվածը ամբողջությամբ վերաբերում է նաև մեր լեզվին, որում ամբարված է հազարավոր տարիների ողջ ժառանգությունը, հայի մտածողության կերպը, մոտեցումները, մեթոդները և երկարժեք տրամաբանությունից անդին հազար ու մի ճշմարտություններ:

Ասվածը վերաբերում է նախ և առաջ առանձին բառերին, որոնց ստուգաբանությունը, ծագումնաբանությունը, իմաստը կարող են բացատրել բազմաթիվ երևույթներ: Իզուր չի ասվում, որ ամեն մի բառ մի աշխարհ է: Բերեմ առայժմ միայն մեկ բառ՝ ,արևելքե: Վաղնջական ժամանակներում այն ունեցել է միանգամայն այլ իմաստ, ինչն ամենևին չի համապատասխանում ներկայումս նրան տրվող իմաստին (որպես հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք՝ աշխարհագրական կողմերից մեկը): Ժամանակին Հայկական բարձրավանդակի հարևանությամբ ապրող բազմաթիվ ժողովուրդներ համարել են, որ Արմենիա երկիրը գտնվում է արևելքում՝ այնտեղ որտեղ աղի ծովից (այսինքն՝ Վանա լճից) ծագում է Արևը: Իսկ Արմենիա երկրում ապրողները կոչվել են արևորդիներ: Եթե հիշենք, որ ժամանակին եղել ենք արևապաշտներ և աստվածացրել ենք Արևը, ապա ամեն ինչ դառնում է հասկանալի:

Լեզվի հետ առնչվող մի երևույթ ևս կցանկանայի առանձնացնել: Կարծում եմ զարմանալի է, որ հայոց լեզվում օգտագործում ենք թուրքական (թե՞ թյուրքական) բառեր: Զարմանալի է այնքանով, որ թուրքերը չեն ստեղծել որևէ նոր բան, որի բառային արտահայտությունը փոխառնեինք թուրքերենից: Հակառակը, այդ նրանք պետք է փոխառնեին այլ լեզուներից, որոնք նրանից շատ առաջ ստեղծել են հարուստ քաղաքակրթություն: Հետևաբար, այդ երևույթը պետք է ունենա այլ բացատրություն: Ահա մեկ օրինակ. թուքերեն ,սիկտիրե բառը նշանակում է ,գնա, հեռացիրե, այնինչ մեզ համար դա դարձել է հայհոյախոսություն: Մյուս հանգամանքը այն է, որ հայերը շնորհիվ հայոց լեզվի հնչյունական հարստության հեշտությամբ յուրացնում են օտար լեզուն և այդ լեզվի արտահայտությունները և շփվելով թուրքերի հետ ստիպված թուրքին որևէ բան բացատրելու համար նրանց հետ խոսում են իրենց լեզվով և յուրացնելով այդ լեզուն առօրյա խոսակցականում, վարժվում են այդ լեզվի առանձին բառերի և բառակապակցությունների, որոնք էլ սողոսկում են հայոց լեզու: Մյուս կողմից, թուրքերը հայերենից վերցնում են առանձին բառեր, կիսատ-պռատ թարգմանում են դրանց իմաստները կամ աղավաղված ձևով յուրացնում են և դարձնում են իբր թուրքերեն բառեր:

Այն ամենը, ինչի մասին վերը նշեցինք, որևէ նորություն չի պարունակում, դրանցով զբաղվում են բազմաթիվ գիտաճյուղեր, ինչպիսիք են համեմատական լեզվաբանությունը, բանասիրությունը, բանահյուսությունը, ազգագրությունը, հնագիտությունը, հնէաբանությունը և այլն: Մեր կարծիքով, կարևոր է այդ ամբողջ հարուստ նյութից առանձնացնել այն ամենը, որ հատուկ է հայկական մտածողությանը, մեր աշխարհընկալմանը և այլն, այլ կերպ ասած, որն է հայկական ինքնությունը:

Մի քանի այդպիսի առանձնահատկություններ փորձել ենք մատնանշել, ինչպես օրինակ՝ «կա-չկա»-ն, հայ կնոջ դերը հասարակական հարաբերություններում և այլն:

Ընդհանուր առմամբ կարծում ենք կարելի է հանգել այն եզրահանգմանը, որ ի տարբերություն բնագիտական մտքի զարգացմանը, ինչի արդյունքում ձևավորվեց աշխարհի քվանտամեխանիկական պատկերացումը և համապատասխան մտածողությունը, հասարակագիտական միտքը դեռևս չի ստեղծել հասարակական երևույթների բացատրման քիչ թե շատ ամբողջական աշխարհըմբռնումը, կամ այլ կերպ ասած չունի իր անորոշությունների առնչությունները:

անավարտ

Վ. Պողոսյան

«Առավոտ» օրաթերթ
15.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930