Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտով Նիկոլի նշանակությունն ավարտվում է». Մոսկվան Հայաստանում իշխանափոխությո՞ւն կանի

Նոյեմբեր 16,2024 14:00

«Ինչ վերաբերվում է մյուս 23 ռազմագերիներին, որոնց մեջ է նաեւ Արցախի նախկին քաղաքական ղեկավարությունը, ապա Հայաստանի կողմից նման պահանջ Բաքվին չի դրվել, քանի որ Երեւանում շատ լավ են հասկանում, որ Արցախի նախկին ղեկավարներն ի վիճակի են մոբիլիզացնել բռնագաղթված արցախցիներին, ինչը կարող է բողոքի այնպիսի ալիք բարձրացնել Երեւանում, որը կհանգեցնի իշխանափոխության»,-«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

– Ամերիկյան ընտրությունների ֆոնին, ի՞նչ աշխարհաքաղաքական փոփոխությունների սպասել, այդ թվում նաեւ Հարավային Կովկասում. բոլորը փոփոխությունների ակնկալիքներով են։

– Թրամփը հանրապետական է եւ առաջ է քաշելու Հանրապետական կուսակցության արտաքին քաղաքականության հիմնական ռազմավարությունը, ինչը նախատեսում է ավելի քիչ ներգրավվածություն աշխարհում եւ ավելի շատ ուշադրություն ներամերիկյան խնդիրներին։ Սակայն զարմանալի չէ, որ նման մոտեցումներն այսօրվա աշխարհում բերելու են ԱՄՆ դերի ավելի մեծացմանը։

Ուկրաինան եւ Ռուսաստանն արդեն կոնկրետ քայլերով պատրաստվում են հունվարի 20-ին, երբ Թրամփը ստանձնելու է նախագահությունը, նախապատրաստական աշխատանքների մասին է խոսում Իրանը, զիջումների մասին ակտիվ քննարկումներ են Մերձավոր Արեւելքում։ Թրամփը խոստացել է ավարտել բոլոր պատերազմները, որ Ամերիկան ավելի հանգիստ շնչի, սակայն, բնականաբար, դա նշանակում է, որ գոնե խաղաղություններ հաստատելու գործընթացում Թրամփն ավելի շատ (շատերը կարծում են, որ ավելի կոշտ) կազդի այդ գործընթացների վրա։ Կոնկրետությունների մասին դեռ վաղ է խոսելը, շատ են ներկայացված նախագծերը, սակայն պարզ է, որ Իրանի հանդեպ ճնշումներ են ավելանալու, ռուս-ուկրաինական պատերազմը գնալու է հանգուցալուծման, Մերձավոր Արեւելքում դադարելու են կրակել։ Այս բոլորը բնական գործընթացներ են, այս կոնֆլիկտներն արդեն մաշվել են, մարդիկ հոգնել են դրանցից, եւ ԱՄՆ նոր քաղաքականություն մշակելը հարմար առիթ է դրանք ավարտելու համար։

Քանի որ այս ամենը հենց մեր հարեւանությամբ են, ապա Հարավային Կովկասի եւ Հայաստանի համար սրանք եւս ինչպես նոր խնդիրներ կառաջացնեն, այնպես էլ նոր հնարավորություններ կբացեն։ Սպասենք առաջիկա քայլերին։

– Վրաստանի եւ Մոլդովայի ընտրություններն ինչի՞ մասին են խոսում։

– Վրաստանում եւ Մոլդովայում գնացին հակադարձ գործընթացներ՝ եթե Վրաստանում հաղթեց Ռուսաստանը, ապա Մոլդովայում կարողացան գտնել ձեւեր, որոնց շնորհիվ Ռուսաստանն այստեղ պարտվեց։ Վրաստանում եւս պրոռուսական ուժերը հաղթեցին փոքր առավելությամբ եւ շատ մեծ ջանքերի, ըստ բազմաթիվ պնդումների՝ մեծ խախտումների, շնորհիվ։ Միանշանակ եզրակացությունն այն է, Մոսկվան չի կարողանում հստակ իրեն ենթարկել ողջ հետխորհրդային տարածքը, Ռուսաստանի ցանկությունները միշտ չէ, որ համընկնում են այս երկրների քաղաքացիների եւ էլիտաների ցանկությունների հետ, նաեւ՝ ազդեցության եւ մանիպուլյացիաների ռուսական մեթոդներն արդեն շատ արդյունավետ չեն։

-Եթե փորձենք դիտարկել հայաստանյան զարգացումները՝ ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականության համատեքստում, հայ-ամերիկյան հարաբերություններն ի՞նչ տրանսֆորմացիաներ կունենան։

– ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը հաղթեց ոչ միայն նախագահական ընտրություններում, այլեւ Կոնգրեսի երկու պալատն էլ այլեւս Հանրապետական են։

Ըստ մամուլի հրապարակումների՝ Հայաստանի իշխանությունները ընտրություններին նախորդած շրջանում աշխատել են բացառապես ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության հետ, ինչը նշանակում է, որ սկզբնական շրջանում նրանք կունենան հաղորդակցություն հաստատելու եւ տեսակետներ ներկայացնելու որոշակի դժվարություն։ Իհարկե, այստեղից չի հետեւում, որ ԱՄՆ նոր ադմինիստրացիան նեղացած կեցվածք կցուցաբերի փաշինյանական ռեժիմի նկատմամբ (ի դեպ, խորհրդանշական էր նախընտրական շրջանում Թրամփի եւ Արամ կաթողիկոսի հեռախոսազրույցը), այլ կառաջնորդվի ԱՄՆ շահերի համար իրենց տեսլականով։

Իրանի հանդեպ Թրամփի կոշտ մոտեցումը նշանակում է, որ մեզ կարող են առաջարկվել մասնակցել այդ կոշտությանը, ինչը, հաշվի առնելով Իրանի լուրջ դիմադրությանը՝ Մեղրիի միջանցքը ռուսներին հանձնելուն, կարող է այստեղ որոշ խնդիրների հանգեցնել։

Հայաստանի համար առավել էական ազդեցություն կարող է ունենալ ռուս-ուկրաինական պատերազմի նախատեսվող ավարտը։ Այժմ արդեն ակնհայտ է, որ Նիկոլը Ռուսաստանի կողմից Հայաստանում նշանակվել է Ուկրաինայի դեմ պատերազմին նախապատրաստվելու ժամանակ որպես «տվող» ղեկավար, որի ձեռքով պետք էր Թուրքիային տարածքներ տալ, որպեսզի այդ պատերազմի ժամանակ ապահովվեր Թուրքիայի խիստ արժեքավոր դարձող պրոռուսական կեցվածքն ու քայլերը։

Չնայած վարչախմբի հակառուսական խոսվածքին, Նիկոլի քայլերը միշտ եղել են այնպիսին, որպիսին նրանից պահանջել են, կամ ակնկալել են ռուսները։ Իսկ հակառուսական բառերն, իհարկե, նրա համար են, որ Հայաստանի պրոբլեմներում Ռուսաստանը հետո կարողանա մեղադրել ոչ թե հայ ժողովրդին, այլ Նիկոլին։ Պատերազմի ավարտով Նիկոլի այդ նշանակությունն ավարտվում է, եւ Մոսկվան բավականին արագ նոր ղեկավար կնշանակի Հայաստանում, ով կսկսի մեծարել Ռուսաստանին, մաքրելով այդ «սորոսական» դավաճանությունը, եւ կվերադառնա մեծ եղբոր հետ դարավոր բարեկամության նարատիվին։

– Հայաստանում որոշակի սպասելիքներ են ձեւավորվում, որ արտաքին դերակատարների նոր մոտեցումները նաեւ մեր ներքաղաքական կյանք կմտնեն եւ հիմնական խաղացողների վերադիրքավորումները բարենպաստ իրավիճակ կստեղծեն մեր երկրում իշխանափոխության համար։ Տեսնո՞ւմ եք նման հնարավորություններ։

– Եթե ի նկատի ունեք Արեւմուտքի ակտիվացումը, ապա նման բան չի նախատեսվում հենց այն պատճառով, որ Հայաստանում չկա որեւէ լուրջ արեւմտամետ ուժ, որի միջոցով Արեւմուտքը Հայաստանի քաղաքացիներին կկարողանա ներկայացնել իր մոտեցումները։ «Սորոսականները» կամ տեռորիստ  «Սասնա Ծռերը» լավ են Նիկոլի պրոռուսական օրակարգը քողարկելու համար, սակայն նրանք այնպիսի դերակատարներ չեն, որի միջոցով Արեւմուտքը կարող է քաղաքականություն կառուցել։ Ի դեպ, այն, որ իր մանր-մունր քաղաքական քայլերը Արեւմուտքն անում է Նիկոլի հետ, չի նշանակում, որ այնտեղ չեն հասկանում վարչախմբի պրոռուսականությունը, պարզապես Հայաստանում այլ քաղաքական դերակատար չկա, ո՞ւմ հետ նրանք կարող են զրուցել։

Միաժամանակ, թեեւ նոր արտաքին դերակատարները չեն ակտիվանա, ինչպես ասացի, պատերազմի ավարտով կփոխվի Ռուսաստանի մոտեցումը Նիկոլի նկատմամբ, եւ նրան նոր ղեկավարով փոխարինելը շատ հավանական է։

– Ադրբեջանում COP 29 -ի միջոցառումները մեկնարկեցին այդ երկրի ղեկավարների կողմից ՀՀ-ին ուղղված մեղադրանքներով, պահանջներով. նույնիսկ սպառնալիք կարելի է որակել այն հայտարարությունը, որ չմասնակցելով այդ միջոցառմանը, ՀՀ իշխանությունը հնարավորություն կորցեց։ Զուգահեռաբար, ՀՀ իշխանությունը տապալեց ՀՀ խորհրդարանում հայ գերիներին ազատ արձակելու հայտարարության ընդունումը։ Ի՞նչ կասեք այս մասին։

– Խորհրդանշական է, որ կլիմայի փոփոխությանը նվիրված COP բարձր մակարդակի հանդիպումներն անց են կացվում նավթային երկրներում, այսինքն՝ այն երկրներում, ովքեր ամենամեծ ներդրումն են ունենում էկոլոգիայի փոփոխության մեջ եւ ովքեր անխնա նավթ ու գազ վառելու հիմնական լոբբիստներն են։ Սա խոսում է այն մասին, որ կլիմայական բաղադրիչն այս ժողովերում նենգափոխվել է, եւ փոխարինվել երկրների պրիստիժների ներկայացման խնդիրներով։

Ադրբեջանցի ընդդիմադիրները հետաքրքիր բացահայտում արեցին այն մասին, որ Արաբական Էմիրաթներում կայացած նախորդ՝ COP 28 հանդիպման ժամանակ Ադրբեջանը եւ ֆինանսապես, եւ քաղաքականապես կաշառել է Հայաստանի պատվիրակությանը, որպեսզի վերջինս վետոյով հանդես չգա։ Որպես քաղաքական բաղադրիչ Բաքուն այդ ժամանակ ազատ արձակեց 32 ռազմագերու։ Ինչ վերաբերում է մյուս 23 ռազմագերիներին, որոնց մեջ է նաեւ Արցախի նախկին քաղաքական ղեկավարությունը, ապա Հայաստանի կողմից նման պահանջ Բաքվին չի դրվել, քանի որ Երեւանում շատ լավ են հասկանում, որ Արցախի նախկին ղեկավարներն ի վիճակի են մոբիլիզացնել բռնագաղթված արցախցիներին, ինչը կարող է բողոքի այնպիսի ալիք բարձրացնել Երեւանում, որը կհանգեցնի իշխանափոխության։

Հիմա, քանի որ արդեն վճարել են, Ադրբեջանի ղեկավարությունը կարող է հանդես գալ պրիստիժային մեղադրանքներով ու սպառնալիքներով, եւ քանի որ արդեն վճարվել են, Հայաստանի ղեկավարությունը պարտավոր է լռել մնացած գերիներին ազատ արձակելու մասին։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
15.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930