Լրահոս
Օրվա լրահոսը

Ստանիսլավ Տարասով․ Հայերն էլ, ինչպես միշտ, ուշանում են կարեւոր որոշումներում, հետ են մնում իրադարձություններից․ «Հրապարակ»

Նոյեմբեր 16,2024 10:56

Մթնոլորտային փոփոխությունների վերաբերյալ ՄԱԿ-ի գագաթնաժողովն այս պահին նաեւ քաղաքական մթնոլորտ է որոշում։

COP-29 գագաթնաժողովի, ինչպես նաեւ այս օրերի մի քանի այլ առանցքային իրադարձությունների եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա դրանց ազդեցության մասին զրուցել ենք Մերձավոր Արեւելքի երկրների գծով ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ, լսել նրա կանխատեսումները։ Նա կարծում է, որ այս պահի դրությամբ «խաղաղության պայմանագրի» ստորագրման հեռանկարը մշուշոտ է, մերկապարանոց։

– Չորեքշաբթի Մոսկվայում կայացավ ՀԱՊԿ երկրների դիվանագետների հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ դեսպանը։ Այս իրադարձության վերաբերյալ միայն պաշտոնական տեղեկություններ են հայտնի, եթե լրացուցիչ տեղեկություն ունեք, խնդրում եմ, փոխանցեք։ Մասնավորապես մեզ հետաքրքիր է, թե հանդիպման ընթացքում արդյոք խոսե՞լ են Արցախի մասին, եւ եթե Փաշինյանը հայտարարել էր, որ սառեցնում է մասնակցությունը ՀԱՊԿ բոլոր միջոցառումներին, հիմա Գուրգեն Արսենյանի ներկայությունը կարելի՞ է համարել ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության ապասառեցում։ 

– Ոչ։ Այդ հանդիպման մասին առայժմ լրացուցիչ տեղեկատվություն չունենք։ Ամենայն հավանականությամբ, Արցախի թեմայով առանձին զրույց չի եղել։ Դիրքորոշումների մեջ փոփոխություն չի եղել։ Սպասվում էր, որ հայկական պատվիրակությունը Միրզոյանի մակարդակով կայցելի Բաքու, բայց նրանք չմեկնեցին, Միրզոյանն այդ օրը գնաց Շվեդիա։ Մթնոլորտի վերաբերյալ կոնֆերանսի անցկացումն առաջին անգամ Կովկասում եւ կոնկրետ Բաքվում, Ադրբեջանի քաղաքական եւ դիվանագիտական հզորության մասին է վկայում, եւ կարելի է ասել, որ Բաքուն հանդես է գալիս ուժի դիրքերից։

– «Խաղաղության պայմանագրի» հեռանկարն ինչպիսի՞ն է։ 

– Կարծում եմ, մշուշոտ է` մերկապարանոց հայտարարությունների մակարդակի, այն պարզ կլինի միայն այն ժամանակ, երբ Թրամփը գա իշխանության եւ սկսի գործել, այսինքն՝ երդմնակալությունից հետո։ Բայց Կովկասը նրա օրակարգում առաջնային չի լինելու, առաջնայինն Ուկրաինան է, Եվրոպան, Մերձավոր Արեւելքը, հետո նոր՝ Կովկասը։ Հավանաբար, հիմա կողմերը սպասում են Թրամփի դիրքորոշմանը։ Ներկայիս կանխատեսումներով՝ ամերիկացիները դուրս են գալու տարածաշրջանից` դա պարզ է, Հայաստանի դիրքը վատթարանում է, որովհետեւ Եվրոպան տարածաշրջանում տապալվելու է, հայերն էլ, ինչպես միշտ, ուշանում են կարեւոր որոշումներում, հետ են մնում իրադարձություններից։

– Ո՞ր որոշումները նկատի ունեք։

– Բոլոր, վերջին որոշումները, Փաշինյանը միշտ ուշանում է, նա պետք է կանխորոշի զարգացումները, իրադարձություններից առաջ ընկնի, մինչդեռ նա, ինչպես միշտ, պոչում է։ Ալիեւը նրանից 2-3 քայլ առաջ է։ Նա արդեն պայմանավորվել է Թրամփի հետ, իսկ Փաշինյանը սպասում է։ Մակրոնը մեկուսացման մեջ է հիմա, Փաշինյանը Մակրոնի հետ է, մինչդեռ Մակրոնից ոչ մի օգուտ չկա։ Եվրոպան ճգնաժամի մեջ է, Հայաստանը Եվրոպայից ի՞նչ օգնություն է սպասում՝ հասկանալի չէ։ Մոսկվայից հեռավորություն է պահում։ Մոսկվան առաջարկել է տարբեր ձեւաչափեր, Հայաստանը չի արձագանքում։ Ադրբեջանում ներկա պահին հակված են այն կարծիքին, որ ուժային գործոնին անցնելն ավելորդ գլխացավանք է բերելու, եւ ավելորդ չի լինի հիմա կանգ առնել ու սառեցնել իրավիճակը։ Ամենայն հավանականությամբ, Ալիեւը կսառեցնի իրավիճակը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930