Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ կոչեցյալը չի հանդուրժում իրեն անվերապահորեն չհնազանդվող հարուստներին՝ սարսափելով, որ նրանք կարող են ֆինանսավորել ընդդիմությանը․ «Փաստ»

Նոյեմբեր 16,2024 10:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ձերբակալություններ «ապօրինի զենք պահելու մեղադրանքով», ձերբակալություններ և կալանավորումներ, որոնց հիմքում, ըստ տարբեր փորձագետների կարծիքների, տարակարծությունն ու քննադատությունն է՝ ուղղված գործող իշխանություններին: Ինչպե՞ս է դատական համակարգն արձագանքում այս ամենին և արդյո՞ք տեղի ունեցողը բռնապետության նախանշաններ են: «Փաստն» այս թեմաների մասին զրուցել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանի հետ:

-Պարո՛ն Իշխանյան, վերջին շրջանում մի շարք ձերբակալություններ եղան՝ «ապօրինի զենք պահելու» մեղադրանքով: Ունենք բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ անազատության մեջ են հայտնվում քաղաքական և, առհասարակ, երկրի ապագայի վերաբերյալ կարծիք արտահայտելու համար: Սա գործող իշխանությունների վախերի դրսևորմա՞ն, թե՞ մարդկանց բողոքը զսպելու տարբերակ է:

-Չնայած վարչապետ կոչեցյալի գրպանային իրավապահ համակարգին բացարձակապես չեմ վստահում, այնուամենայնիվ, ձեռնպահ կմնամ «ապօրինի զենք պահելու» մեղադրանքով ձերբակալություններին գնահատական տալ՝ համոզված լինելով, որ այդ հոդվածն, իհարկե, յուրայիններին չի վերաբերում։ Ինչ վերաբերում է քաղաքական հայացքների համար և երկրի ապագայով մտահոգված քաղաքացիներին, ինչպես նաև վրեժխնդրության մոլուցքով տարված՝ վարչապետ կոչեցյալի հրահանգով մեղադրանք առաջադրելուն և կալանավորելուն, ապա դա նորություն չէ, այն սկսվեց 2018 թ.-ի ստի և կեղծիքի հեղափոխությունից անմիջապես հետո։ Դրա ամենավառ ապացույցն է վարչապետ-ՀՔԾ պետ-ԱԱԾ տնօրեն եռակողմ հեռախոսային խոսակցությունը։ Հիշենք նաև Ռուբեն Վարդազարյան-Գագիկ Ջհանգիրյան գաղտնազերծված խոսակցությունը։ Սա վարչապետ կոչեցյալի կառավարման միակ ձևն է՝ ստեղծել վախի մթնոլորտ, ընդդիմադիրներին, անհնազանդներին և չհամակերպվողներին պատժել՝ ասֆալտին փռելով, կալանավորելով, խոշտանգելով։ Այս ամենը բռնապետական հակումներ ունեցող, միաժամանակ բարդույթավորված, վախկոտ մարդու հոգեբանություն է։

-Ապօրինի գույքի բռնագանձման թեման ևս շարունակում է ակտուալ մնալ: «Տեսարանների» ապահովման այս տարբերակը դեռ ազդեցություն ունի՞ հասարակության լայն շերտերի վրա և շեղո՞ւմ է նրա ուշադրությունն առկա վտանգավոր մարտահրավերներից:

-Ապօրինի գույքի բռնազավթումն, իմ կարծիքով, այս իշխանության ամենակասկածելի գործողությունն է։ Չեմ վիճում, որ նախորդ տարիներին իշխանության որոշ ներկայացուցիչներ տարբեր կոռուպցիոն գործունեությամբ հարստացել և ձեռք են բերել բազմաթիվ ինչպես անշարժ, այնպես էլ շարժական գույք։ Բայց նաև բացարձակապես չեմ վստահում վարչապետ կոչեցյալի գրպանային Հակակոռուպցիոն կոմիտեին և դատախազությանը։ Ապօրինի գույքի դեմ պայքարի լավագույն միջոցը համապատասխան հարկային քաղաքականություն վարելն է և, իհարկե, անձնական օրինակը։ Հարկային քաղաքականություն ասելով՝ նկատի ունեմ, որ որոշակի նվազագույն սեփականությունից սկսած, որը չնչին է հարկվում, հարկերը բարձրացվում են երկրաչափական պրոգրեսիայով՝ ավելի մեծ սեփականության պարագայում։ Իսկ այն, ինչ կատարվում է ապօրինի գույքի բռնագանձման անվան տակ, ընդամենը սեփականության վերաբաշխում է՝ հօգուտ յուրայինների։ «Ապօրինի գույքի բռնազավթման» բարձրագոչ անվան տակ տեղի են ունենում ամենաստվերային գործարքները, այսպես ասած, «նախկինների» գույքը նվիրաբերելով յուրայիններին։ Այստեղ առկա է նաև այլ հանգամանք։ Վարչապետ կոչեցյալը չի հանդուրժում իրեն անվերապահորեն չհնազանդվող հարուստներին՝ սարսափելով, որ նրանք կարող են ֆինանսավորել ընդդիմությանը։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930