Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք ինչո՞վ կամ ինչքանո՞վ կապ ունեք Հայաստանի ու հայության հետ. «Փաստ»

Նոյեմբեր 16,2024 09:50

Այսպես կոչված՝ կարկառուն քպականներից մեկը, որ պատանեկան տարիքում, իր ասելով, արտասվել է, երբ լսել է «Կիլիկիա» երգը, հայտարարեց, թե հասունանալով՝ հասկացել է, որ Կիլիկիան՝ ուր, ինքն՝ ուր: Ու, առհասարակ, Կիլիկիան այդ քպական կարկառունի, առհասարակ, որևէ քպականի համար պատմական հայրենիք չէ, «ուրիշի հող» է, որտեղ «մի քանի հոգի գնացել են խոպան»: Կարծում ենք՝ արժե գնահատել քպական կարկառունի անկեղծ ցինիզմը: Չնայած, այդ հարցում նրանց առաջնորդը մրցակցությունից դուրս է: Վերջինս խոստովանեց, որ իրեն հունից հանում է (թեպետ, այդ ե՞րբ է նա «հունի մեջ»), երբ 25-30 տարեկան երիտասարդները ոչ միայն հիշում, այլև նշում են իրենց պատմական արմատները:

Այսինքն, երբ ասում են, որ սասունցի են, մշեցի են, կարսեցի, իգդիրցի, վանեցի, բիթլիսցի, մուսալեռցի, ալաշկերտցի և այլն, և այդպես շարունակ: Մեր պատմությունն ու ճակատագիրն է այդպիսին, արմատները շատ են, կորուստները՝ ևս: Նա՝ կարկառուն ու ոչ այնքան կարկառուն քպականների առաջնորդը, փաստացի ապազգային ու քայքայիչ որոմ է նետում, որ եթե, օրինակ՝ դիլիջանցին ասում է, որ ինքը արմատներով ալաշկերտցի է կամ վանեցի, այդպիսով նա արմատապես ժխտում է Դիլիջանը, Դիլիջանի գոյությունն իսկ, կարճ ասած՝ «Դիլիջանը կորցնում ենք»: Նրան, որ Ենոքավանից այն կողմ չի կարողանում գնալ՝ իր պապերի կամ նախնիների արմատների փնտրտուքում, առհասարակ որևէ մեկը պետք է հուշի, որ Դիլիջանը համեմատաբար նոր անուն է, իսկ պատմական անվանումը եղել է Հովք: Սա՝ իմիջիայլոց: Բայց գանք Կիլիկիային: Քպականներն, ուրեմն, ասում են, թե՝ իրենք՝ ուր, Կիլիկիան՝ ուր, դա իրենց պատմական հայրենիքը չէ: Սա ասում են նրանք, որ մի 5-6 տարի առաջ գնում, նուռն ափերի մեջ նկարվում էին ու գրում. «Աղդամն իմ հայրենիքն է»:

Հիմա, իհարկե, որ ահեղ դատաստանով էլ սպառնան, նման բան ոչ միայն չեն անի, այլև չեն համարձակվի Արցախ բառն արտասանել անգամ: Ընդհանրապես, ինչ-որ տեղ իրենք ճիշտ են ասում: Այն իմաստով, որ եթե իրենց մնա, ապա ո՛չ Մեծ Հայք է եղել, ո՛չ Հայկ Նահապետ է եղել, ո՛չ Արարատյան թագավորություն է եղել, ո՛չ Տիգրան Մեծ արքա: Ո՛չ Վանն է հայկական, ո՛չ էլ՝ Սիփանը, ո՛չ Մուշը, ո՛չ էլ՝ Կարինը, ո՛չ Սիսը, ո՛չ էլ՝ մնացածը: Ու, առհասարակ, ըստ քպիզմի «տեսության», հայերը երբեք ոչ մի բան չեն ունեցել՝ ո՛չ տերություն, ո՛չ արքաներ, ո՛չ արքայական դինաստիաներ, տո՛ ո՛չ էլ՝ պատմություն ու մշակույթ: Կարող են ասել՝ գրեր էլ չենք ունեցել, որովհետև գրերի գյուտն արել է Մեսրոպ Մաշտոցը, ով Տարոնից էր, իսկ դա քպականների համար Հայրենիք չէ: Նիկոլական «տեսության» համաձայն, Հայրենիք ասվածն ընդամենը Փաշինյանի՝ լոբզիկով կտրած ՀՀ քարտեզի կտորն է ու… վերջ: Այսինքն, սրանց ասելով՝ կարսեցու ժառանգները չպիտի հիշեն, որ իրենք կարսեցի են, նախիջևանցիները չպիտի հիշեն, որ նախիջևանցի են, գանձակեցիները չպիտի հիշեն, որ գանձակեցի են, արծվաշենցիները պիտի մոռանան, որ արծվաշենցի են, դե՝ արցախցիներն ընդհանրապես ոչ միայն պիտի մոռանան, որ արցախցի են, այլև քպական իշխանության ու Նիկոլ Փաշինյանի համար անձնական թշնամի են:

Կարճ ասած՝ ով իր նախնիներին, իր արմատները չի ուրանում, իր պատմական հիշողությունը պահպանում ու փոխանցում է, նա փաշինյանական ռեժիմի թշնամին է: Իսկ քանի որ, անկախ ամեն ինչից, հայության 99 տոկոսը պահպանում է պատմական հիշողությունը, ուրեմն… հետևությունն ինքներդ արեք: Ու այստեղ հարց է ծագում: Եվ իսկապես, ՔՊ-ն ու քպականներ ո՜ւր, Կիլիկիան՝ ո՜ւր: Արևմտյան Հայաստանն ո՜ւր, պատմական Հայաստանն՝ ո՜ւր, Արցախն՝ ո՜ւր: Տո, որ ավելի «խորասուզվենք», ընդհանրապես՝ Հայաստանն ո՜ւր, դուք՝ ո՜ւր: Դուք ինչո՞վ կամ ինչքանո՞վ կապ ունեք Հայաստանի ու հայության հետ: Նրանով, որ ձեր անձնագրերում ազգության դիմաց գրված է՝ հա՞յ, միայն ազգանվան վերջավորությա՞մբ կապ ունեք, թե՞ նրանով, որ ՀՀ պետական պաշտոններ եք զբաղեցնում ու պարգևավճարվում՝ ազգի ու պետության համար ոչինչ չանելու, ավելին՝ պետության ու ժողովրդի դեմ ինչ ասես՝ անելու համար:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930