Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Խաչատուրովի փաստաբան. «Եկել ենք օգնելու դատարանին, որպեսզի դատախազության գործով որեւէ խախտում չիրականացնի»

Նոյեմբեր 15,2024 23:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ այսօր կայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը, որին ներկայացել էր միայն Արմեն Գեւորգյանը:

Նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը դատավարության մասնակիցներից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունեն մեղադրյալներ Քոչարյանի, Խաչատուրովի եւ Օհանյանի բացակայության պայմաններում նիստը շարունակելու հնարավորության մասին: Նաեւ հանրային մեղադրողներից ցանկացավ լսել, թե արդյո՞ք նրանց նկատմամբ հարկադրանք կիրառելու միջնորդություն ունեն: Մինչ հանրային մեղադրողները եւ տուժողի իրավահաջորդները կհայտնեին իրենց կարծիքը, Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող Արամ Վարդեւանյանը առարկեց դատարանի գործողությունների դեմ՝ նշելով, որ ինքը ստացել է ծանուցագիր, որտեղ որեւէ տեղ հիշատակված չէ «մեղադրյալ Ռոբերտ Քոչարյան» բառակապակցությունը: «Նախորդող դատական նիստում նաեւ դատարանը ուղիղ արձանագրեց, որ Ռոբերտ Քոչարյանին դիմելիս չի օգտագործվում «մեղադրյալ» եզրույթը: Հետեւաբար, ինչո­՞վ է պայմանավորված, որ նիստի քարտուղարը Ռոբերտ Քոչարյանի պարագայում օգտագործեց այդ եզրույթը: Ինձ համար զարմանալի է, որ դատարանը եւս օգտագործեց «մեղադրյալներ» եզրույթը: Մեղադրյալի կարգավիճակ ունի միայն պարոն Գեւորգյանը»,-ասաց պարոն Վարդեւանյանը:

Դատավորը չընդունեց առարկությունը: Իսկ հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը միջնորդեց պատշաճ ծանուցված մեղադրյալներին հարկադրաբար դատարան ներկայացնելու մասին որոշում կայացնել:

Արմեն Գեւորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ դատական նիստը պետք է շարունակվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս գործով իր պաշտպանյալից բացի այլ մեղադրյալ չի կարող լինել: «Պարոն Գեւորգյանը ներկայացել է: Ես գտնում եմ, որ այս գործով բացակա անձ գոյություն չունի, դրա համար էլ դատական նիստը պիտի շարունակվի, որովհետեւ միակ անձը, որ այս գործով ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, Արմեն Գեւորգյանն է եւ այս դատական նիստին ներկա չպիտի գտնվեն եւ կարծիք չպիտի արտահայտեն անձինք, որոնք չունեն դատավարական կարգավիճակ այս քրեական գործով»:

Յուրի Խաչատուրովի շահերը ներկայացնող Միհրան Պողոսյանն էլ նշեց. «Հարգելի մեղադրողները նշում են, որ պետք է դատական նիստը հետաձգվի եւ մեղադրյալներին հարկադիր կարգով դատարան ներկայացնել: Այս հարցի ամբողջ առանցքը, որի շուրջ պտտվում ենք, մեղադրյալ, թե ոչ մեղադրյալ լինելն է: Հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ 2021 թվականին Յուրի Խաչատուրովը ունեցել է մեղադրյալի, այնուհետեւ, ամբաստանյալի կարգավիճակ: Եվ ՍԴ կողմից կայացրած որոշումից հետո Յուրի Խաչատուրովը կամ մեղադրյալ չէ, կամ մեղադրյալ է հանդիսանում մի հոդվածով, որը չկա: Այսօր ես եկել եմ եւ ուզում եմ բացահայտել, թե ով է մեղադրյալը: Մեղադրյալը պետք իր համար հասկանալի լեզվով հանգամանորեն տեղեկացված լինի: Չկա այդ հոդվածը, գոյություն չի ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Այն գոյություն չունենալուց հետո դատախազությունը եթե ինչ-որ նպատակներ ունի, կամ այդ նպատակները հետո են ծնվել որոշ աշխատասենյակներում, այդ ժամանակ պետք է գործողություններ աներ: Գնացել-գնացել են, հիմա էլ դատարանին են խնդրի առաջ կանգնեցնում, որ դուք որոշում կայացնեք, դատավարական կարգավիճակ չունեցող անձի իրավունքների սահմանափակում իրականացնեք՝ հարկադրանքի միջոց կիրառեք: Մենք դրան ենք դեմ: Ես եկել եմ այստեղ, որպեսզի կանխեմ իմ նախկին պաշտպանյալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ նմանատիպ գործողությունները…Պետք է հասկանալ, թե ինչո՞ւ գլխավոր դատախազությունը ՍԴ որոշումից հետո 3-4 տարվա ընթացքում օրենքով սահմանված իր լիազորությունները չի իրականացրել ու այսօր է փորձում այս դատարանի միջոցով այդ ամեն ինչը անել: Չի եղել նոր մեղադրանք, ինչին ձգտում են այս պահին»: Միհրան Պողոսյանը նաեւ ասաց, որ իրենք եկել են օգնելու դատարանին, որպեսզի դատախազության գործով որեւէ խախտում չիրականացնի:

Սեյրան Օհանյանի շահերը ներկայացնող փաստաբան Կարեն Մեժլումյանը նույնպես նշեց, որ իր պաշտպանյալը մեղադրյալի կարգավիճակ չունի: Իսկ նախագահող դատավորի հարցին, թե ինչու պարոն Օհանյանն այսօր դատարան չի եկել, պատասխանեց, որ լինելով պատգամավոր՝ ԱԺ-ում բյուջետային քննարկման հետ կապված քվեարկություններ պետք է լինեն: «Ասաց, որ այսօր ծանրաբեռնված է Ազգային ժողովում: Ու նաեւ քանի որ մեղադրյալի կարգավիճակ չունի, պարտավոր չէ ներկայանալ»,-ասաց փաստաբանը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը նույնպես պնդեց, որ ՀՀ երկրորդ նախագահը չի կարող ունենալ մեղադրյալի կարգավիճակ եւ որպես հիմնավորում մեջբերեց օրենսգրքի մի շարք դրույթներ եւ պարզաբանումներ:

Այդուհանդերձ, դատարանը գտավ, որ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի եւ Սեյրան Օհանյանի ներկայությունը դատական նիստերին պարտադիր է եւ որոշեց նրանց հարկադրաբար ներկայացնել ՀԿԴ՝ հերթական դատական նիստին նրանց մասնակցությունը ապահովելու նպատակով: Իսկ որոշման կատարումը հանձնարարել ՀՀ ոստիկանապետին:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 28-ին, ժամը 10:00-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930