Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխատավարձի հարցը հասցնել այն մակարդակին, որ ԱԺ-ում հարց հնչեցվի, վարչապետը պատասխանի, նոր վճարում կատարվի, անթույլատրելի է»․ Կարեն Մալխասյան

Նոյեմբեր 15,2024 22:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն, Aravot.am-ի հետ հարցազրույցում անդրադարձ կատարելով ՔՊ-ականների այն գրառումներին, թե Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի արդյունքում է կարգավորվել  Գյումրու համայնքապետարանի 2000-ից ավելի աշխատակիցների աշխատավարձի հարցը, ասաց․ «Շատ լավ է, շատ ուրախ եմ, որ Գյումրու համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձը վճարվել է, բայց գիտեք ինչ, խնդիրը ծագել է նոյեմբերի 1-ից,  երբ մարդիկ ակնկալել են, որ իրենց աշխատավարձը պիտի ստանան, այդ խնդիրն առկա է եղել։

Առաջիններից մեկը հենց մենք ենք եղել, որ բարձրաձայնել ենք, որ այս խնդիրը հնարավոր է լուծել աշխատակազմի ղեկավարի կամ մեկ այլ պաշտոնյայի միջոցով։ Եվ ըստ այդմ՝ համայնքապետարանից գրություն  է ուղղվել Ֆինանսների, ինչպես նաև Տարածքային կառավարման նախարարություններ՝ կոնկրետ ցուցում ստանալու նպատակով, թե ինչ ձև կազմակերպենք աշխատանքը։

Տեսեք՝ նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամանակ պահանջվեց, որպեսզի կարողանան կազմակերպել շատ պրիմիտիվ հարց, որը կարգավորվում էր «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն, և ըստ այդմ՝ ֆինանսիստին թույլատրություն է տրվել վճարելու աշխատավարձը։

Այսինքն՝ սա օրենքի կետին է համապատասխան, և սա հասցնել այնտեղ, որ Ազգային ժողովում  հարց հնչեցվի և վարչապետը պատասխանի հարցին, նոր դրանից հետո այստեղ աշխատավարձ վճարվի, ես գտնում եմ, որ ճիշտ չէ այդ աստիճանի հասցնել։

Եթե մենք նույնիսկ վերադառնանք միջնադար, երբ մարդիկ ձիերով  են մի թագավորի հրովարտակը տարել, տեղ հասցրել, 14 օրը էլի շատ կլինի, որ ձիերով հասնեինք Երևան, հետ գայինք ու պատասխանը բերեինք։ Էսօր զարգացած դար է, էսօր Mulberry  փաստաթղթաշրջանառության համակարգով, էլեկտրոնային փոստերով մեկը մյուսին գրություն են գրում ու արագ պատասխանում են։

Այսինքն՝ նախարարությունում, լիազոր մարմնում այնպիսի մարդիկ չեն եղել, որոնք կարողանային 5 օրում կամ 10 օրում այդ հարցը լուծել, այլ 14 օրում հասցրել են այն մակարդակին, որ Ազգային ժողովում հարց հնչեցվի, վարչապետն այդ հարցին պատասխանի, նոր հաջորդ օրն էստեղ աշխատավարձ տան։ Շնորհակալ են մեր 2000-ից ավել աշխատակիցները, որ աշխատավարձը տվել են, բայց չի կարելի նման մոտեցմամբ աշխատել»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930