Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազնիվ եղե՛ք գյումրեցու նկատմամբ, պաշտոնակատար եք նշանակում, որ ինքն իր ընտրությունը կազմակերպի՞»․ Կարեն Մալխասյան

Նոյեմբեր 15,2024 21:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՔՊ-ականների՝ օրենսդրական փոփոխություններ մտցնելու ու այս միջոցով Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար նշանակելու մտադրությանը, կարծիք հայտնեց, որ սա ազնիվ քայլ չէ գյումրեցիների հանդեպ։ Նա իր առաջարկն արեց՝  որ օրենքի  որ դրույթը փոխել, որ տեղի ունենան բնականոն արտահերթ ընտրություններ, ու գյումրեցիները իրենք որոշեն՝ ով է  լինելու իրենց համայնքապետը։

«Երբ սկսվել են այս զարգացումները Գյումրիում, մենք դիրքորոշում ենք հայտնել, որ Գյումրիում պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ՝ օրենքով սահմանված նվազագույն ժամկետում։ Այն ենթադրում է, որ կառավարության կողմից ավագանու  գործունեությունը դադարեցնելուց հետո 30-40 օրվա ընթացքում։

Նույն պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ դարձյալ դիրքորոշում հայտնել ենք, որ համամասնական ընտրակարգով հնարավոր չէ պաշտոնակատար նշանակել։

Օրենքով նախատեսած 30-40 օրյա ժամկետում ընտրություններ կազմակերպելը կբերի, կհանգեցնի այն կետին, որ համայնքը կունենա ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, որը կլծվի այս ճգնաժամի հաղթահարմանը և քաղաքի հետագա զարգացումն ապահովելուն։

Այո՛, կան խոսույթներ, որ պատրաստվում են օրենսդրական որոշակի փոփոխություններով կազմակերպել պաշտոնակատարի նշանակում, ինչը ես շատ վատ եմ գնահատում։

Կարող եմ նաև հուշել իրենց՝ որ օրենքի կետը, տառը պահեն, ավելի ազնիվ գտնվեն կոնկրետ Գյումրիի բնակիչների և ամբողջ հասարակության նկատմամբ։

Նկատի ունեմ այն, որ եթե  կան օրենսդրական բացեր, որոնք հնարավորություն չեն տալիս պաշտոնակատար նշանակել և պատճառ բերվում է այն, որ ընտրությունները կազմակերպելու  համար համայնքապետը որոշակի ցուցակներ է ստորագրելու, տեղամասերի հետ կապված որոշակի հարցեր կան, պարզվում է համայնքապետի ստորագրությունն է անհրաժեշտ, շատ բարի, եթե կա նման  խնդիր, եթե դուք ազնիվ եք, արդար եք ու թափանցիկ, փոխեք օրենքի այն դրույթը, որը հնարավորություն  կտա Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կազմակերպելու այդ տեխնիկական գործառույթները և ոչ թե դա պատճառ  կհանդիսանա փոխել օրենքի այն դրույթը, որ հնարավորություն կտա իրենց նշանակելու պաշտոնակատար։

Ես, նաև բոլորն են այն կարծիքին, որ իրենք հնարավորություն են տալիս պաշտոնակատարին կազմակերպելու իր ընտրությունը։ Որպես արձանագրված փաստ, որպես ապացույց՝ կարող եմ մատնանշել Անի խոշորացված համայնքի օրինակը, երբ ընտրությունները տեղի ունեցան ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն չհավաքեց բավարար ձայներ՝ համայնքի ղեկավար ընտրվելու համար, դրանից հետո նա նշանակվեց պաշտոնակատար, և ինքը կազմակերպեց  իր ընտրությունը։ Դրանից հետո 50 + 1 ձայնով ընտրվեց համայնքի ղեկավար։

Այս սցենարը ո՛չ օրենքի կետին է համապատասխան, ո՛չ էլ բարոյական նորմեր մեջ է  մտնում։ Համոզված եմ՝ Գյումրիի բնակիչը իր քվեով իր գնահատականն անպայման կտա»։

Մեր զրուցակցի ասելով, օրենքը Գյումրու դեպքում պաշտոնակատարի նշանակում չի նախատեսում, իսկ ցանկացած միջամտություն այս դեպքում տանում է իշխանազավթման։

«Եթե անգամ մի պահ ընդունենք, որ անհրաժեշտ է պաշտոնակատարի նշանակումը, որ քաղաքը  կոլապսի չենթարկվի, ճգնաժամից դուրս գա, այդ պարագայում պետք է լինի այն մարդը, ով ընդհանրապես չպիտի մասնակցի ընտրություններին, կապ չպիտի ունենա «Քաղաքացիական պայմանագրի» հետ։ Դա կտևի մեկ ամիս, երկու ամիս, մինչև ընտրությունների կազմակերպումը, թող գա այդ պաշտոնակատարը, բայց նա չլինի այն մարդը, որը գալու է, լինելու է իրենց թեկնածուն և կազմակերպելու է ինքն իր ընտրությունը», -ասում է «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը։

Aravot.am-ի ճշտող հարցին, թե  Գյումրին իրո՞ք կոլապսի է ենթարկված, թե՞ չափազանցված բնութագրում է դա,  Կարեն Մալխասյանը պատասխանեց․ «Դուք շատ ճիշտ եք ասում, ուռճացված է, քաղաքը կոլապսի ենթարկված չէ։ Այնպես չէ, որ խնդիր չկա, բայց ասում են՝ քաղաքացին դիմում է ներկայացրել, բայց քանի որ համայնքի ղեկավար չկա, վարչական վարույթ չեն կարող իրականացնել, քաղաքացուն չեն կարող պատասխանել։

Բերեք ազնիվ գտնվենք և ասենք՝ նույն «Քաղաքացիական պայմանագրի» «Բալասանյան դաշինքի» հետ համատեղ կառավարման ժամանակ, երբ քաղաքացիները դիմում էին ներկայացնում, նույնիսկ մենք, երբ գրություն էինք գրում համապատասխան, ամիսներով  չէին պատասխանում։ Երբ, ինչ ձևով ուզում, ներկայացնում են․ մի դեպքում, երբ իրենք են համատեղ ղեկավարում ու ամիսներով չեն պատասխանում, մի պատճառ գտնում են, որ այ՝ էս պատճառով չենք պատասխանում։ Հիմա, երբ պետք է ներկայացնեն՝ վայ, տեսեք, համայնքի ղեկավար չկա և դրա պատճառով  անհրաժեշտ է  անհապաղ պաշտոնակատար նշանակվի,որ քաղաքացու դիմումին պատասխանեն։ Ես գտնում եմ, որ երկակի մոտեցում է։ Դա այն խնդիրը չէ, որ օրենք փոխենք ու պաշտոնակատար նշանակենք, այլ պետք է թափանցիկ, արդար ընտրություններ կազմակերպել և ապահովել ժողովրդի քվեով իշխանության ձևավորումը Գյումրիում»,- ասում է Կարեն Մալխասյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930