Նոյեմբերի 13-ին կայացավ Հյուսիսային Կալիֆորնիայի չորս ամենօրյա հայկական դպրոցների (ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան, Ֆերահյան, Ռոզ և Ալեքս Փիլիպոս, Մեսրոպեան) աշակերտական խորհուրդների կողմից կազմակերպված երթը ՝ պահանջելով Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը:
Քայլերթը, որը սկսվեց Էնսինոյի Սրբոց Նահատակաց հայ առաքելական եկեղեցուց եւ շարունակվեց մինչև Վան Նայզի Սուրբ Պետրոս հայ առաքելական եկեղեցի, նպատակ ուներ դատապարտել Ադրբեջանի կողմից 120 000 հայերի բռնի տեղահանումը իրենց բնօրրանից՝ Արցախից, ինչպես նաև միջազգային հանրությանը հիշեցնել Ալիևի վարչակարգի հայատյաց քաղաքականության մասին:
Երթի ընթացքում աշակերտներն իրենց ելույթներում եւ կոչերում անդրադարձան նաև COP29 ՄԱԿ-ի կլիմայի գագաթնաժողովի անցկացման վայր ընտրված Բաքվի հարցին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը, որպես մի երկիրը, որը մշտապես հայտնի էր մարդու իրավունքների շարունակական խախտումներով, իսկ հիմա արդեն՝ ծանրագույն հանցագործություն՝ էթնիկ զտում իրականացրած երկիր, ամենեւին պատշաճ վայր չէր նման մեծամասշտաբ միջազգային միջոցառման համար։
Կարդացեք նաև
Մասնակիցները կոչ արեցին միջազգային մակարդակով ճանաչել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները և աջակցել բռնի տեղահանված հայերի վերադարձին՝ իրենց պատմական հայրենիք։
Հավաքվածներին իրենց խոսքերով դիմեցին արքեպիսկոպոս Գեղամ Խաչերյանը, արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը,և աշակերտական խորհուրդների ղեկավարները: Միջոցառմանը մասնակցում էր նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Ադրին Նազարյանը, նա նշեց, որ շատ գնահատելի էր այն փաստը, որ բոլոր հայկական դպրոցների աշակերտները միավորվել էին նույն գաղափարի շուրջ՝ անկախ իրենց եւ իրենց դպրոցների քաղաքական հայացքներից ու դիրքորոշումներից, ինչը պակաս կարևոր չէ: