Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ծրագիրը պետք է շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ յուրաքանչյուր տեղահանված չի ապահովվել սեփական տանիքով»․ Լիաննա Պետրոսյան

Նոյեմբեր 15,2024 21:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այն, որ ծրագիրը երկարացվում է երեք ամսով, մի կողմից դրական է, բայց մյուս կողմից էլ կիսում եմ պարոն Ստեփանյանի կարծիքը,  որ պետք է այս ծրագիրը շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ յուրաքանչյուր տեղահանված չի ապահովվել սեփական տանիքով»,- «Մեդիա կենտրոնում» «Ի՞նչ է սպասվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին 2025-ի մարտից հետո» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց արցախցի հասարակական գործիչ  Լիաննա Պետրոսյանը։

Հղում կատարելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի այն տեղեկացմանը,  թե 25 հազար արցախցիներ աշխատանք ունեն, Լիաննա Պետրոսյանն ասաց․ «Նրանց մի մասը հենց զբաղվածության պետական ծրագրով է աշխատանքի ընդունվել, և չենք կարող երաշխավորել, որ նրանք լինելու են փաստացի գրանցված աշխատողներ և ունենալու են այն նույն եկամուտը, ինչ այսօր։ Եթե ունենան էլ, չեն կարողանալու ընտանիքի հարցերը հոգալ և բնակարանային վարձերը վճարել»։

Անդրադառնալով այն փոփոխությանը, որ 2025-ից ներդրվում է խոցելի խմբերի տարբերակումը, Լիաննա Պետրոսյանն ասաց․ «Ինձ ուղղված բազմաթիվ դժգոհություններ կան, թե ինչու երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող մարդիկ չեն ընդգրկվել՝ որպես խոցելի խումբ, քանի որ նրանք ևս ունեն առողջական սահմանափակումներ։ Ընտանիքներ կան, որտեղ երկու հոգի են, որոնք երրորդ կարգի հաշմանդամություն ունեն և աշխատաշուկայում մրցունակ չեն, չեն կարող աշխատել։

Ի՞նչ է լինելու այս մարդկանց հարցը։ Իմ կարծիքով՝ պետք է կարիքների վերլուծություն անել այս ընթացքում։ Եթե անգամ նախագծվում է, որ երեք ամսով պետք է երկարացվի ծրագիրը, եթե հնարավորություն չկա մինչև 2025-ի վերջի համար ավելի երկարաժամկետ ծրագիր մշակել բոլորի համար, ապա գոնե խոցելի խմբերի տարբերակումը պետք է անել 2026-ից և ուշադրություն դարձնելով 3-րդ կարգի հաշմանդամներին։ 55+ մարդիկ ևս մրցունակ չեն աշխատաշուկայում։ Մի շեշտ էլ անեմ՝  2020-ի տեղահանվածները որևէ զբաղվածության ծրագրում չեն կարողանում ընդգրկվել»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930