Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սիմոնյան. «Գիտությունն ուժ է ցանկացած երկրի համար, որը երկիրը տանում է առաջ, երկիրը դարձնում է ճանաչելի»

Նոյեմբեր 15,2024 20:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետաական ինստիտուտում այսօր կազմակերպվել էր միջոցառումների շարք՝ «Ուժի եւ գիտության խաչմերուկում» խորագրով: Նախասրահում բուհի մասնագիտական  ամբիոններն առանձին տաղավարներում ներկայացրին գիտության ոլորտում ունեցած իրենց ձեռքբերումները, ներկայացվեցին նաեւ «Սպորտ ԿԱԲ» գիտահետազոտական կենտրոնի գիտահետազոտական եւ  աշխատանքային հնարավորությունները: Իսկ վերջում մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆրունզ Գաբրիելյանը ինստիտուտի գրադարանում խոսեց սպորտային մանկավարժություն գիտության ձեռքբերումների մասին:

Միջոցառման ավարտին ՀՖԿՍՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Սիմոնյանը Aravot.am-ին ասաց. «Միջոցառումը կազմակերպել ենք գիտության համաշխարհային օրվա առիթով: Գիտությունն ուժ է ցանկացած երկրի համար: Դա այն ուժն է, որը երկիրը տանում է առաջ, երկիրը դարձնում է ճանաչելի:

Կոնկրետ մեր ինստիտուտի պարագայում դա սպորտային գիտությունն է, որը մենք շատ կարեւորում ենք: Ցավոք, սպորտային գիտությունը Հայաստանում բավականին բացեր ունի, եւ մենք որպես ոլորտային բուհ միակն ենք Հայաստանում եւ փորձում ենք լրացնել եւ զարգացնել այն: Մշտապես նոր մարտահրավերներ են առաջ գալիս եւ ոչ միայն սպորտային գիտությունը, այլեւ հարակից ոլորտները սպասարկող գիտությունները պետք է զարգանան: Եթե մենք ուզում ենք բարձրագույն նվաճումների հասնել սպորտում, ապա դրանք պետք է լավ հիմքի վրա դրված լինեն հենց գիտության տեսքով:

Տեսեք, ցանկացած նվաճում, որ հիմա ունենք, մարզիկների եւ մարզիչների էնտուզիազմի հաշվին է: Բայց մենք չունենք սպորտային հոգեբանություն, սպորտային բժշկություն, սպորտի կառավարում: Եվ դրանք հիմա զարգացնում ենք: Այս պահին պայմանագրեր ունենք կնքած տարբեր երկրների առաջատար համալսարանների ու կենտրոնների, մասնավորապես,  Սոչիի միջազգային օլիմպիական համալսարանի հետ, որի հեղինակավոր մասնագետները կգան, այստեղ, սպորտի կառավարման դասընթացներ, մեր մասնագետների վերապատրաստում կկազմակերպեն: Թարմացրել եւ թարմացնում ենք մեր պայմանագրերը նաեւ այլ երկրների մեր գործընկերների հետ, որոնցով նախատեսվում է մասնագետների եւ ուսանողների փոխանակումներ իրականացնել: Ընդ որում, ցանկանում ենք կազմակերպել այնպես, որ նրանք տեսական գիտելիքները մեր շրջանավարտներին փոխանցեն այստեղ, իսկ հետո արդեն կկազմվեն խմբեր, որոնք գործնական մասը կյուրացնեն իրենց մոտ»:

Պարոն Սիմոնյանը կարեւորեց համագործակցությունը նաեւ հայաստանյան բուհերի հետ: Օրինակ, սպորտային բժշկության մասով Երեւանի բժշկական համալսարանի մասնագետները կդասավանդեն ՀՖԿՍՊԻ-ում, իսկ իրենց  ուսանողները պրակտիկ գիտելիքները կյուրացնեն բժշկական համալսարանի բազայի վրա:

Ինստիտուտի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Հասմիկ Ավագյանը հավելեց, որ ՀՖԿՍՊԻ-ն սպորտային մանկավարժություն գիտության ոլորտը կրողն ու զարգացնողն է եւ որ առանց տեսական կողմի անհնար է պատկերացնել ուժ, առանց ուժի՝ գործնական արդյունք: «Այսօրվա միջոցառման գլխավոր նպատակներից  մեկը եղել է ՀՀ-ում գործող մարզական ակումբներին, դրանցում պրակտիկ գործունեություն ծավալող սպորտային բժիշկներին, ֆեդերացիաներին մեր մարզական օջախ հրավիրելը: Մեր ամբիոնները ներկայացրին գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու ինստիտուտի հնարավորությունները: Արդյունքում արդեն եղածներին ավելացել են նեղ ոլորտային համագործակցության նոր առաջարկություններ, որոնք ընդունվել են»,-ասաց նա:

Տիկին Ավագյանը նաեւ հավելեց, որ ինստիտուտը ակադեմիական մակարդակով լուրջ քայլեր է ձեռնարկում սպորտային իրավունքի կրթական ծրագիր ներդնելու ուղղությամբ, մի ուղղություն, որը Հայաստանում բացակայում է: «Այս ոլորտի աշխարհի լավագույն մասնագետներն են մեր բուհի աշխատակազմից վերապատրաստել ութ դասախոսի, որոնք անմիջական առնչություն ունեն եւ սպորտի եւ իրավունքի հետ»,-ասաց նա:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930