«COP29-ը անցկացվում է բռնապետական մի երկրում, որը չունի հարգանք մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ»,- ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի մոտ անցկացված «Stop Greenwashing Genocide!» խորագրով բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգը՝ անդրադառնալով Ադրբեջանում COP29 բնապահպանական համաժողովի անցկացմանը։
Հիշեցնենք՝ Գրետա Թունբերգը չի մասնակցում Բաքվի համաժողովին, նա երեկ Երևանում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում մասնակցեց «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագրով համաժողովին։
Գրետա Թունբերգը հայտարարեց՝ Ադրբեջանի ձեռքերն արյունոտ են․ «Այն ճնշումները, որոնք Ադրբեջանն իրականացնում է սեփական հանրության նկատմամբ, էթնիկ զտումը և ցեղասպանական գործողությունները Արցախի հայերի նկատմամբ, ֆիզիկական ու հոգեբանական բռնությունն անընդունելի է»։
Կարդացեք նաև
Բնապահպանական ակտիվիստը փաստեց՝ ոչ միայն աշխարհը լուռ է Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների հարցում, այլև հարթակ է տրամադրել նրան՝ հանձին COP29-ի լեգիտիմացնելու իր կատարածը՝ իրականացնելով «կանաչ լվացում», «սպիտակ լվացում» և «խաղաղության լվացում»։
Նա նշեց՝ կոչ է անում COP29-ին մասնակցող բոլոր երկրների ներկայացուցիչներին, միջազգային լրատվամիջոցներին այցելել այն բանտերը, որտեղ պահվում են հայ ռազմագերիները, ինչպես նաև պահանջեն նրանց ազատ արձակումը։
Բողոքի ցույցի կազմակերպիչները նամակ հանձնեցին ՄԱԿ-ին և նշեցին, որ հորդորում են, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այցելի ԼՂ ու հարցնի՝ ինչո՞ւ ԼՂ-ում հայեր չկան։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ