Քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը, որը մեղադրվում է «Սև Բերդ» ամրոցի շրջակա հողատարածքներին ապօրինի տեր կանգնելու մեջ և գտնվում էր տնային կալանքի տակ։
Նրա խափանման միջոցը խստացրել են՝ տեղափոխել են Արմավիր քրեակատարողական հիմնարկ։
Գյումրու նախկին քաղաքապետի շրջապատից հաստատել են Aravot.am-ի այս տեղեկությունը։
Հիշեցնենք, որ Խաչատուր Բալասանյանին ձերբակալել էին հոկտեմբերի 12-ին « Զվարթնոց» օդանավակայանից։ Նա մեկնում էր ԱՄՆ՝ Սամվել Բալասանյանի ծննդյան 70-ամյակին մասնակցելու։
Կարդացեք նաև
Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել էր տնային կալանքը՝ 70 միլիոն դրամ գրավի կիրառմամբ։
«Սև բերդ» ամրոցի շրջական հողատարածքների ապօրինի օտարման փաստով հարուցված քրեական վարույթով անցնում են 5 հոգի՝ Սամվել Բալասանյանը, նրա կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, որը Սամվել Բալասանյանի քրոջ ամուսինն է, ներկա փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, որը ևս գտնվում է տնային կալանքի մեջ և Սիրական Մկոյանը։
Նախաքննական մարմինը ձերբակալման որոշում կայացրել է նաև ԱՄՆ-ում բուժման նպատակով գտնվող Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի նկատմամբ։
Ինչպես պարզաբանել էր ՀՀ ՔԿ ՀԿԳ ՔԳՎ ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վաչե Մխիթարյանը,
Սամվել Բալասանյանը որպես մեղադրյալ է ներգրավել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու երկու դրվագով խոշոր չափով փողերի լվացման համար։ Որդին ևս որպես մեղադրյալ է ներգրավվել՝ երկու դրվագով խոշոր չափ փողերի լվացման համար։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ