Լրահոս
Օրվա լրահոսը

«Առողջ սնուցումը պետք է սկսվի կյանքի առաջին վայրկյանից»

Նոյեմբեր 15,2024 17:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սննդի թվային մարքեթինգը, հեռուստատեսությամբ հաճախակի գովազդվող անառողջ ու արագ սնունդը, պետության և պատասխանատու գերատեսչությունների, համայնքային կառույցների գործելակարգերը, օրենքի վերահսկողության և մշտադիտարկման թերի գործելակերպը, սննդային վարքագիծը, կրթական ու իրազեկվածության արշավների պակասը խոչընդոտում են Հայաստանում սնուցման ծրագրերի իրականացմանը՝ եզրակացրել են  Հայաստանի ամերիկյան համալսարանում նոյեմբերի 14-15-ին Հայ օգնության ֆոնդի ջանքերով կազմակերպված «Այսօրվա սնուցումը կարևոր է վաղը» միջազգային երրորդ համաժողովի բանախոսներն ու մասնակցները։

Սնուցման հետ կապված բացերը լրացնելու և հատկապես երեխաների շրջանում թերսնման, գերքաշի ու ճարպակալման խնդիրները լուծելու համար անհրաժեշտ են մշակել և իրականացնել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն կոնկրետ գործոնների վերահսկմանը և վերացմանը։

«Այլապես մենք հետագայում ունենալու ենք առողջության վատթարացում ու տարբեր քրոնիկ հիվանդություններ՝ մասնավորապես շաքարային դիաբետ, քաղցկեղային ու սրտանոթային հիվանդություններ, որոնք էլ իրենց հերթին բերում են առողջապահական ու սոցիալ-տնտեսական կորուստներ», – շեշտել է Դիանա Անդրեասյանը Ազգային առողջապահության ինստիտուտից Հայաստանում սնուցման վերահսկողության իրավիճակի վերաբերյալ հետազոտության արդյունքները ներկայացնելիս։

Երեխաների և դեռահասների սնուցման արդի հարցերին նվիրված միջազգային երրորդ համաժողովն անցկացվել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Սնուցման ինստիտուտի և Տեխասի գյուղատնտեսության, սննդի և սնուցման գիտական կենտրոնի հետ համատեղ։

Համաժողովի հիմնական նպատակն էր ուշադրություն հրավիրել երեխաների և դեռահասների սնուցման, նրանց շրջանում ավելորդ քաշի և ճարպակալման ու դրանից բխող առողջական խնդիրներին ու դրանց կանխարգելմանը, ինչպես նաև սնուցման ծրագրերում տվյալահեն հետազոտությունների կիրառմանը։

«Հանրային առողջության ոլորտում աշխատանքներ իրականացնելը, թերևս, ամենադժվար աշխատանքներից է մեր երկրում՝ ոչ մշտապես խրախուսվող, քննադատության ենթարկվող հարցերից է, բայց առանց հանրային առողջապահական միջամտությունների մենք չենք կարողանա հասնել մեր նպատակին՝ մեր բնակչության առողջության պահպանման խնդիրների լուծմանը։

Այսօր մենք մի շարք ծրագրեր ենք նախաձեռնել՝ կապված հենց առողջ սնուցման հետ, որը պետք է սկսվի նորածնի առաջին վայրկյանից, կրծքով սնուցումից, բայց երբեմն մոռանում ենք, որ պիտի սկսենք հղիների ու դեռահասների առողջությունից, քանի որ դեռահասներն են, որ պետք է հետո հղիանան ու երեխա ունենան։ Հետևաբար պետք է սկսել դեռահասների վարքաբանական փոփոխություններից», – բացման իր խոսքում շեշտել է Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

Երկօրյա զեկույցներով են հանդես եկել նաև հայաստանցի և օտարերկրացի բժիշկներ, սննդաբաններ ու փորձագետներ, որոնք ներկայացրել են աշխարհում ու Հայաստանում իրականացվող սնուցմանը վերաբերող ծրագրերն ու հետազոտությունները։

«Նման համաժողովները կարևոր են հատկապես նրանով, որ ընդգրկվում են արտերկրի փորձագետները, որոնց ապացուցահեն փորձառությունն այս չափազանց կարևոր խնդրի վերաբերյալ թարմ շունչ կարող է բերել մեր հետազոտություններին։ Տարբեր երկրների տվյալների համեմատությունն առհասարակ օգնում է ավելի լավ հասկանալ գլոբալ միտումները և ավելի հստակ սահմանել հետագա ուղենիշները», – նշել է ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը։

Համաժողովը կրեդիտավորված էր՝ նախատեսված ՀՀ սննդաբանների, մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, աղեստամոքսաբանների, ինչպես նաև երեխաների սնուցման հարցերով քաղաքականություն մշակողների համար։ Մասնակիցները ստացել են 8 կրեդիտ։

 2013-ից ՀՕՖ-ի ծրագրային պորտֆելում առանձնակի կարևորություն ունեն երեխաների՝ մասնավորապես նախադպրոցականների սնուցմանն առնչվող հարցերը։ Տավուշի և Արագածոտնի մարզերում տարիներ շարունակ իրականացվող նախադպրոցականների սնուցման բարելավմանն ուղղված ծրագրերին զուգահեռ՝ ՀՕՖ-ը, 2014-2016թթ համագործակցելով Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Սնուցման ինստիտուտի հետ,  պարբերաբար կազմակերպում է երեխաների սնուցման խնդիրներին նվիրված համաժողովներ։

ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930