Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի հյուրընկալած COP 29-ն՝ առանց համաշխարհային առաջնորդների. ԻՔՄ

Նոյեմբեր 15,2024 17:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նախօրեին՝ նոյեմբերի 11-ին, Ադրբեջանում մեկնարկել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը՝ COP 29-ը․ խոշորագույն միջոցառմանն ամեն տարի ավանդաբար մասնակցում են բարձրաստիճան պատվիրակություններ ՄԱԿ անդամ գրեթե բոլոր երկրներից, հազարավոր գործիչներ։

Հատկանշական է, որ այս տարի Բաքվում անցկացվող միջոցառման մեկնարկից օրեր առաջ Democracy For Sale կազմակերպության հետաքննող լրագրող Լուկաս Ամինը բացահայտել էր, որ Ադրբեջանը մոտ $5 մլն է վճարել բրիտանացի քաղաքական գործիչների ու նավթային ինդուստրիայի հետ սերտ կապեր ունեցող Teneo լոբբիստական խորհրդատվական ընկերությանը՝ «միջոցառման շրջանակում օգնելու բռնատիրական ռեժիմին բարելավել սեփական հեղինակությունը»։ 

Կլիմայի փոփոխության արշավի մասնակիցները քննադատել էին Teneo-ին՝ Ադրբեջանին սեփական իմիջը «պարզաջրելու» (greenwash) գործում օգնելու համար։

Ավելի վաղ էլ, ընդդեմ Բաքվի ռեժիմի արշավին միացել էր նաև շվեդ հայտնի բնապահպան Գրետա Թունբերգը՝ մեղադրելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու, երկրում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների համար․ Թունբերգը COP 29-ը Ադրբեջանում անցկացնելն անվանել է «քաղաքական երեսպաշտության օրինակ»։

Այսպիսով, չնայած Բաքվի՝ սեփական հեղինակությունը բարձրացնելու փորձերին, միջազգային մամուլը, բնապահպանական ու իրավապաշտպան հանրության ազդեցիկ կառույցներ ու գործիչներ հիմնականում բոյկոտում են միջոցառումը՝ քննադատելով այն Բաքվում անցկացնելու որոշումը։

Ուշագրավ է նաև միջոցառմանը երկրների քաղաքական ներկայացվածությունը․ համաշխարհային բազմաթիվ առաջնորդներ ու մի շարք կարևոր քաղաքական կառույցների ղեկավարներ չեն ներկայացել Բաքվի հյուրընկալած միջոցառմանը։ Մինչդեռ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի նախորդ՝ 28-րդ նստաշրջանին, որն անցկացվել էր Արաբական Միացյալ Էմիրություններում, պետությունների պատվիրակությունները հիմնականում գլխավորել էին հենց առաջնորդները։

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» ի մի է բերել ու համադրել է COP 29-ին և COP 28-ին մասնակցած համաշխարհային առաջնորդների ու քաղաքական կառույցների ղեկավարների ցանկը։

Այսպես, COP 28-ին մասնակցել է 167 երկրների պատվիրակություն, որից մոտ 60-ը գլխավորել են այդ երկրների առաջնորդները՝ նախագահի, միապետի կամ էլ վարչապետի կարգավիճակում։ COP 29-ին մասնակցում են գրեթե նույնքան՝ 164 պատվիրակություններ։

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ԱՄՆ պատվիրակությունը չի գլխավորել նախագահ Ջո Բայդենը։ Սակայն ի տարբերություն  COP 28-ի, որի շրջանակում Միացյալ Նահանգների պատվիրակությունը գլխավորել էր փոխնախագահ Քամալա Հարիսը, COP 29-ին այն գլխավորել է ԱՄՆ նախագահի միջազգային կլիմայական քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Ջոն Պոդեստան:

Ի տարբերություն նախորդ միջոցառման, այս տարվա միջոցառումը բաց է թողել նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Փոխարենը կառույցը, ինչպես նախորդ տարի, ներկայացրել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Բաքվում կլիմայի փոփոխությունները չի քննարկի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Միացյալ Թագավորության միապետ Չարլզ 3-րդը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ինչպես նաև Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը։

ԵՄ երկրներից Բաքու են մեկնելու Բելգիայի, Բուլղարիայի, Կիպրոսի, Խորվաթիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Հունաստանի, Մալթայի, Լեհաստանի ու Չեխիայի ղեկավարները։

Մերձավոր Արևելքի երկրներից միջոցառմանը, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ներկայացված են Թուրքիայի և Իսրայելի նախագահները, ըստ հրապարակված պաշտոնական ցանկի՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ևս ներկա է լինելու միջոցառմանը։

Չնայած ադրբեջանական ԶԼՄ-ները պնդել էին, թե միջոցառմանը ներկա է լինելու նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, սակայն վերջինիս գլխավորությամբ պատվիրակություն Բաքու չի մեկնել։ Միջոցառմանը չի մասնակցելու նաև Հորդանանի թագավորը, նրա փոխարեն երկիրը թագաժառանգն է ներկայացնելու։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս չի մասնակի COP 29-ին․ երկրի  պատվիրակությունը կգլխավորի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Ի դեպ, նախորդ տարի ՌԴ-ն ներկայացել էր ՌԴ նախագահի օգնականի մակարդակով։ Միջոցառմանը եվրասիական տարածաշրջանից մասնակցում են նաև Վրաստանի, Բելառուսի, միջինասիական երկրների ղեկավարները։

Հնդկաստանը ևս չի մասնակցելու Բաքվի հյուրընկալած միջոցառմանը։ Համաշխարհային առաջնորդներից միջոցառմանը ներկա չի լինելու նաև Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը։

Միջոցառմանը ներկա չեն լինի Լատինական Ամերիկայի այնպիսի խոշոր երկրների առաջնորդներ, ինչպիսին են Բրազիլիան, Մեքսիկան և Կոլումբիան․ այս երկրների ղեկավարները, նշենք, մասնակցել էին ԱՄԷ-ում անցկացված COP 28-ին։

Ստորև ներկայացված է COP 28-ին և COP 29-ին մասնակցած տերությունների առաջնորդների ցանկը։

Նանե Մանասյան 

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930