Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մարդկանց ծախսերը քչանո՞ւմ են, թե հաշմանդամը գործունակ է դառնում, կերակրողին կորցրածը կերակրողը վերականգնում է»․ Գեղամ Ստեփանյանը՝ արցախցիների սոցիալական աջակցության կրճատման մասին

Նոյեմբեր 15,2024 16:08

«Այս փոփոխությունների վերաբերյալ հանրության գերակշռող մասի կարծիքն այն է, որ քանի դեռ երկարաժամկետ բնակարանային կեցության հարցը կարգավորված չէ, անձինք պետք է շարունակեն ստանալ սոցիալական աջակցություն»,-«Մեդիա կենտրոնում» «Ի՞նչ է սպասվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին 2025-ի մարտից հետո» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նա հարցրեց՝ արդյոք այդ ծրագիրը դադարեցնելու կամ վերափոխելու պատճառն այն է, որ ֆինանսական միջոցների անբավարարություն կա, թե՞ իրապես նպատակ է դրված մարդկանց սոցիալական կախվածությունից ազատել ու նշեց․ «Եթե սոցիալական կախվածությունից ազատելն է նպատակը, ապա այս պահին առկա իրավիճակը դրա նախադրյալները չի ստեղծում»։

Գեղամ Ստեփանյանն ասաց՝ ողջունելի է, որ ձմեռվա ամիսների համար երկարացվեց աջակցությունը, բայց ծրագիրը նախաձեռնվել էր բնակարանային կեցության ապահովման, զբաղվածության հարցերի կարգավորման մինչև համապատասխան մակարդակի ինտեգրում ապահովելը։ Նա նշեց՝ դատելով արցախցիներից ստացած հետադարձ կապից, անձինք դեռ զբաղվածության համապատասխան մակարդակի չեն եկել․ «Անգամ նրանք, որոնք եկել են այդ մակարդակի, ուղղակի հարց են տալիս՝ աշխատավարձից ստացված գումարը կամ պետք է ուտեմ, կամ բնակարանային վարձ վճարեմ։ Կարող ենք անհատական մակարդակում ասել, որ 13 հազար մարդ այդքան աշխատավարձ է ստանում, բայց կարող է մեկ անձ է աշխատում այդ ընտանիքում, հինգ հոգու վրա է ծախսվում այդ գումարը, դրանից բացի՝ կան նաև կոմունալ ծախսեր, բնակարանի վարձ և այլն»։

Նա խնդրեց ներկայացնել, թե որքան մարդ է դուրս մնալու այս ծրագրից։

Ըստ Գեղամ Ստեփանյանի՝ այս փոփոխություններից հետո երկու խումբ մարդիկ են լինելու․ «Մարդիկ, որոնք հայտնվելու են դրսում և մարդիկ, որոնք ընտրություն են կատարելու՝ ուտե՞ն, թե՞ բնակարանի վարձ վճարեն։ Էլ չենք խոսում նրա մասին, որ բնակարանային այս երկարաժամկետ ծրագիրը, թեև լավ լուրերի եք սպասում, ամեն դեպքում հինգ ամիս գործարկված ծրագիրը, եթե անգամ եռանիշ թիվ է ցույց տալիս, արդեն խոսում է այն մասին, որ ամեն ինչ այնպես չէ, որ մարդկանց բավարարում է և շտապում են օգտվել այդ ծրագրից»։

Գեղամ Ստեփանյանը հարցրեց՝ ի՞նչն է պատճառը, որ հունիսից սկսած հաշմանդամների կամ մյուս խոցելի խմբերի համար ավելի է քչացվում աջակցությունը․ «Այդ մարդկանց ծախսերը քչանո՞ւմ են, թե հաշմանդամը գործունակ է դառնում, կերակրողին կորցրածը կերակրողը վերականգնո՞ւմ է։ Ո՞րն է տրամաբանությունը։ Ի՞նչն է պատճառը, որ մյուսների համար հունիս-դեկտեմբեր քչացվում է աջակցությունը։ Այդ մարդու կյանքում եկամուտների աճ չի լինելու, ինչո՞ւ ենք քչացնում»։

Գեղամ Ստեփանյանը մտահոգություն հայտնեց՝ խորհրդի հետ, որի հետ քննարկումներ են անում և ներկայացնում, թե արցախցիների հետ քննարկումների արդյունքում են որոշում կայացրել, այդ խորհրդում չկա մի անձ, որին ինքը ճանաչում է․ «Որևէ մեկին չեմ ճանաչում խորհրդի կազմում։ Գոնե այնպիսի մարդիկ լինեն, որոնք հանրային հեղինակություն են։ Հավաքել եք մի խումբ մարդկանց, որոնք ընդհանրապես ներկայացուցչական որևէ բան չունեն, հետո այդ քննարկումների արդյունքում եզրակացնում եք, որ արցախցիների հետ քննարկումների արդյունքում ձևավորված դիրքորոշում է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930