Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս լեգիոներները ոչ միայն մասնակից են, այլ մեր օպերային թատրոնի բալետային խմբի հիմնադիրը

Նոյեմբեր 15,2024 15:48

Առժամանակ առաջ Հայաստանի ֆիլհարմոնիկ և սիմֆոնիկ նվագախմբերում արտերկրի երաժիշտների ներգրավվածության առիթով մենք անդրադարձել ենք  լեգիոներական արվեստ հասկացությանը: Լեգիոն (legion) բառի բազմաբնույթ և իրարամերժ մեկնաբանությունների մեջ չխճճվելու համար, ընդամենը փաստենք, որ լեգիոները պայմանագրային աշխատավարձով արտերկրից հրավիրված բարձրակարգ մասնագետն է:

Այսօր կրկին անդրադառնալով այս թեմային, խոսենք մեր ժամանակներում իր հաստատուն տեղը գտած, արվեստի տարբեր ոլորտներում  լեգիոներների առկայության մասին, ինչը բնորոշ է ազատ աշխարհին, որտեղ ամեն մասնագետ փորձում է գտնել իր կարողության և տվյալ ստեղծագործական խմբին փոխադարձաբար օգտակար լինելու չափով աշխատանքային ու ժամկետային համագործակցությունը: Նաև փաստենք, որ հազարամյակներ շարունակ  լեգիոներականությունը առնչվում էր բացառապես զինվորական կառույցներին և  լեգիոն կամ  լեգիոներ պարզապես նշանակում էր վարձկանների զորախումբ կամ վարձկան զինվոր: 20-րդ դարի կեսերից սկսած՝  լեգիոներ երևույթը տարածում ստացավ նախ մարզաշխարհում` որպես արտասահմանցի բարձրակարգ (վարձու) մարզիկ, իսկ անհամեմատ շատ ավելի ազատ շփումների մեր ժամանակներում  լեգիոներականությունը տարածվեց արվեստի ու գիտության ոլորտում, հատկապես կոլեկտիվ արվեստներում: Իսկ հիմա կոնկրետ բալետային արվեստում` լեգիոներականության դրսևորումների մասին:

Վերջերս, հինգ բալետի արտիստ –  լեգիոներներ են հրավիրվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Նրանք արդեն ընթացիկ թատերաշրջանի մեկնարկից (սեպտեմբերից) ընդգրկվել են ներկայացումներում: Նրանք Ռուսաստանից են, բացառությամբ մեկ արտիստի: Իսկ ռուսական բալետը, որ աշխարհում թիվ 1 դպրոցի համարումն ունի, բնականաբար համագործակցում է հնարավոր բարձրակարգ այլ դպրոցների հետ:

Հետաքրքիր է իմանալ, որ 1933թ. Երևանի օպերայի և բալետի թատրոնի հիմնադրումից հետո, պարային խմբի ձևավորման բարդ գործն իր վրա է վերցրել ռուս ճանաչված բալետմայստեր Վալենտին Պրեսնյակովը: Սկսած 1934-ից Երևանի թատրոնում բեմադրություններ են իրականացրել իրենց գործի տաղանդավոր արվեստագետներ Միխայիլ Մոիսեևը, Եկատերինա Սեմյոնովան, Լեոնիդ Լավրովսկին, Արբատովը, Վլադիմիր Բուրմեյստերը, Դուդինսկայան, Ռադունսկին, Սախարովան և մյուսները: Իսկ Յուրի Գրիգորովիչի, Օլեգ Վինոգրադովի, Հենրիխ Մայորովի, Գեորգի Կովտունի`խորհրդային ժամանակներից սկսած համագործակցությունը մեր թատրոնի հետ, շարունակվում է մինչ օրս: Մի խոսուն փաստի մասին չմոռանանք նշել. որ մեծանուն Եվգենի Չանգան, բացի իր հեղինակած բեմադրություններից, 1961-67թթ հանդիսացել է մեր թատրոնի գլխավոր բալետմայստերը: Մինչ այդ էլ 1953-55թթ այդ պաշտոնը վարել է Վլադիմիր Վարկովիցկին:

 

Վերադառնանք թատրոնի  լեգիոներ արտիստներին, որոնց հետ հանդիպեցինք ու հետաքրքրվեցինք նրանց կրթությամբ, գործունեությամբ և ի վերջո Երևանի օպերայի ու բալետի թատրոնն ընտրելու որոշմամբ:

Յանա Սեմբան, որը ծնունդով Սոչիից է, ուսանել է Մոսկվայի պետական խորեոգրաֆիայի ակադեմիայում, որն ավարտելուց հետո 2020թ. աշխատանքի է անցել Վյաչեսլավ Գորդեևի բալետային խմբում, մասնակցել Չայկովսկու երկերով ներկայացումներում` «Կարապի լիճը» (հարսնացու), «Շչելկունչիկ» (իսպանական տիկնիկ), Մինկուսի «Դոն Կիխոտ» (Կիտրիի ընկերուհին): Ընդգրկված է եղել նաև «Չիպոլինո», «Կոպելիա» և այլ ներկայացումներում: Յանան հավաստիացնում է, որ իրեն վաղուց ծանոթ էր բալետի պրեմիեր պարող Ռուբեն Մուրադյան անունը, խնդրանքով դիմել են նրան ու, կարճ ասած, նրա միջնորդությամբ է, որ այսօր երևանյան բեմում է շարունակում գործունեությունը:

Մոսկվայի պետական խորեոգրաֆիայի ակադեմիան է ավարտել նաև Նիկիտա Յակիմչուկը, որը 2015-ից հանդիսացել է դարձյալ Վյաչեսլավ Գորդեևի բալետի արտիստ: Հավաստիացնում է, որ ինքը, մանավանդ վերջին շրջանում, շատ է լսել Երևանի թատրոնի հարուստ խաղացանկի, Հայաստանի ու հայերի մասին, իր խոսքով`«լավ երկիր, հիանալի ժողովուրդ բոլոր առումներով, գումարած բազմադարյա արվեստ ու մեր ժամանակների մշակույթի բացառապես բոլոր ոլորտներում ներկայացվող բարձրակարգ արվեստ» արտահայտությունները:

Նաբերեժնի – Չելնիում ծնված, Կազանի խորեոգրաֆիայի պետական քոլեջում, այնուհետև Մոսկվայի պետական խորեոգրաֆիայի ակադեմիայում ուսանած Վալերիա Բեսսոնովան Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնում կարիերան սկսել է 2017 թ., մասնակցել «Դոն Կիխոտ» (Ամուր), «Շչելկունչիկ» (Կոլոմբինա), Ջ. Տելբոտիի «Ձմեռային հեքիաթ» (երիտասարդ հովիվ) և այլ ներկայացումներում: Ընդհանուր մենապարերի թիվը մոտենում է 15-ի: Մի առանձնակի հպարտությամբ ու շեշտադրմամբ բարձրաձայնեց մասնակցությունը երևանյան «Գայանեին», «Սպարտակին», <<Անտունիին>>, <<Դիմակահանդեսին>>: Հավելեց նաև, թե մեր օպերային թատրոնի բալետային խումբը, առանց չափազանցության` համերաշխ մի ընտանիք է:

Վրաստանից Անդրեյ Ղուկասյանին ներկայացրել ենք: Հիշեցնենք, որ նա Սանկտ Պետերբուրգի Արվեստի ինստիտուտի շրջանավարտ է, «Էրմիտաժ թատրոն» բալետային խմբում 5 տարի ստեղծագործելուց, շրջագայելուց (նաև այս ամռանը ` Երևան), համաշխարհային բալետային գրականության գլուխգործոցներում մենապարերով հանդես գալուց հետո այսօր Երևանի թատրոնում է: Հայ արտիստը մեր թատրոնում առաջին` գլխավոր Արքայազնի դերապարով բեմ է բարձրացել հոկտեմբերին: Մասնակից է այլ ներկայացումներին նույնպես, իսկ նոյեմբերի 20-ին առաջին բեմելն է Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ»-ում` Ռոմեոյի կերպարով:

Քսենիա Անդրեենկոն Սանկտ Պետերբուրգի Ագրեպինա Վագանովայի անվան ռուսական բալետի ակադեմիայի շրջանավարտ է, Երևանում է 2023-ից, զբաղված է խաղացանկային բոլոր ներկայացումներում: Իր խոսքում նշում է, որ Երևանի օպերայի և բալետի թատրոնը ստեղծագործական սերտ կապերի մեջ է ռուսական բալետային թատրոնների հետ: Այս մասին ինքը տեղեկացված է, քանի որ հանդես է եկել Ռուսաստանի մի շարք թատրոններում, իսկ հիմա երկրում է, որովհետև ցանկություն ունի ընդլայնել իր մենապարերի խաղացանկը և, իհարկե, սա յուրատեսակ փորձի փոխանակման, ինչու ոչ, վարպետության դասերի անցկացման առիթ է:

Վերջում ասենք, որ  լեգիոներ-արտիստները, զրույցի ընթացքում, կարծես պարտադիր պայման նշում էին թատրոնում աշխատանքը խթանող բարի մթնոլորտի մասին, իրենց գործընկեր և ղեկավար Ռուբեն Մուրադյանի, բալետմայստերների, նվագախմբի երաժիշտների, դիրիժորների և իհարկե, մաեստրո Կարեն Դուրգարյանի հետ բարեկամական առօրյա շփումների ու ստեղծագործական բուռն ու հետաքրքիր համագործակցության մասին:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում`լեգիոներ-արտիստներն են ու նրանց մասնակցությամբ տեսարաններ ներկայացումներից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930