Լրահոս
Օրվա լրահոսը

«Համերաշխություն հանուն կանաչ, թե՞ մոխրագույն աշխարհի»

Նոյեմբեր 15,2024 15:14

Հայտարարություն Ադրբեջանում անցկացվող COP29-ի վերաբերյալ

Այս տարի աշխարհի ամենախոշոր «կլիմայական կոնֆերանսը»՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի համաժողովը (COP), տեղի է ունենում Ադրբեջանում։ Դատելով նախորդ տարվա հյուրընկալող երկրների ընտրությունից և համաժողովին հաջորդող սկանդալներից, ինչպես նաև այս տարվա համաժողովը Ադրբեջանում անցկացնելու որոշումից, երկիր, որը տարեկան 33.6 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ նավթ և գազ է արտահանում, որը կազմում է երկրի ամբողջ արտահանումների ավելի քան 90%-ը, պարզ է դառնում, որ COP-ը ծաղրախաղ է։ Սա մի համաժողով է, որի նպատակն է համաշխարհային հանրության առջև ստեղծել մի պատրանք, թե աշխարհի ազդեցիկ դեմքերը, կառավարությունները, պետությունների ղեկավարները, և որ ամենից կարևորն է, «կանաչ» ընկերությունները կենսակայուն ապագա տանող ճանապարհ կհարթեն։ Մենք հավատացած ենք, որ «կանաչ» կապիտալիզմի ներքո կենսակայուն զարգացման որևէ ճանապարհ չկա  մինչդեռ հենց դա են փորձում աշխարհի ժողովուրդներին պարտադրել այս բոլոր կառույցները, գլխավոր դերակատարները և պետությունների ղեկավարները, մինչ նրանք՝ COP-ը ղեկավարող համաշխարհային վերնախավը, շարունակում է հսկայական քանակությամբ հարստություն, ռեսուրսներ և հողեր կուտակել։

Մենք հավատացած ենք, որ անհնար է հավաքականորեն աշխատել մեր ապագան փրկելու ուղղությամբ՝ առանց անդրադառնալու «սենյակում գտնվող փղին»՝ հարստության և ռեսուրսների անհավասար բաշխմանը։ Եթե ամենամյա COP համաժողովը չի անդրադառնում այս ակնհայտ խնդրին, որն ուղղակիորեն կապված է աշխարհի ժողովուրդների և համայնքների ահագնացող դժվարակացության և անկայունության հետ՝ լինի սովի, ծովի մակարդակի բարձրացման թե բերքատվության զանգվածային կորուստների հետևանքով, և դրա փոխարեն փորձում է մեզ՝ համաշխարհային հանրության վրա «սաղացնել» մի շարք անատամ «քաղաքականություններ», անկիրարկելի «համաձայնագրեր», ինչպես նաև կեղծ խոստումներ, ինչպիսին «հանածո վառելիքին վերջ տալու» սին խոստումն է, ապա մենք պատճառ չենք տեսնում լուրջ ընդունելու այս համաժողովը։

COP-ի հիմքում ընկած կապիտալիստական այս ոգին չունի էկոլոգիայի ոչնչացմանը, այդ թվում՝ ռազմական ագրեսիայի պատճառով մարդկային կյանքերի կորուստներին վերջ տալու լուծումներ, քանի որ հզորները միշտ էլ կհասցնեն թույլերին ստիպել զիջել սեփական ռեսուրսների և հողերի նկատմամբ վերահսկումը՝ հանուն կապիտալի կողմից շահագործման, որը, ի վերջո, հանգեցնում է մարդկային և ոչ մարդկային կյանքերի, հողերի և տեղաբնակ մարդկանց մշակութային ժառանգության ոչնչացմանը, որոնք բոլորն էլ անփոխարինելի են մեր հավաքական գոյության համար:

Հայերն այս երևույթի դրսևորումը տեսան իրենց հայրենի բնօրրաններից մեկում՝ Արցախում (հայտնի նաև որպես Լեռնային Ղարաբաղ)։ Ադրբեջանը, օգտվելով իր եկամտաբեր նավթագազային բիզնեսի շահույթից, ձեռք բերեց առաջատար, ժամանակակից զենքեր և հարձակվեց Արցախի բնիկ հայերի վրա՝ 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծելով 44-օրյա պատերազմ։ Ռազմականորեն զիջելով՝ հայերը պարտություն կրեցին պատերազմում։ Մի քանի տարի անց Ադրբեջանը շրջափակման մեջ առավ Արցախում գտնվող 120.000 հայերին՝ նրանց սովամահության հասցնելու անթաքույց նպատակով։ Ինը ամիս տևած շրջափակումից հետո Ադրբեջանը սկսեց ռմբակոծել Արցախը՝ թիրախավորելով քաղաքացիական բնակավայրերը՝ այս անգամ հայերին իրենց նախնյաց հողից դուրս մղելու անթաքույց նպատակով։ Այս էթնիկ զտումը պատմական այն եզակի դեպքն է, երբ Արցախն առաջին անգամ մնաց առանց իր 2000-ամյա հայ համայնքի։ Ի՞նչ շահեցին Ադրբեջանն ու նրա գործընկերները այս գաղութատիրական ագրեսիայից․ ավելի շատ հող՝ հանքանյութերի շահագործման համար, ջրի և այլ «վերականգնվող» էներգիայի ռեսուրսների հասանելիություն, ինչպես նաև ավելի բարենպաստ ռազմավարական դիրք Սյունիքի մարզի ուղղությամբ՝ Հայաստանի Հանրապետության հարավում, որը վերջին շրջանում մեծ ուշադրության է արժանացել՝ որպես Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող խոշոր առևտրային ուղու հավանական առանցքային կետ:

Պատահական չէ, որ Ադրբեջանը հյուրընկալում է COP համաժողովը մի ժամանակաշրջանում, երբ առևտրային ճանապարհի կառուցման շուրջ բանակցություններն ակտիվացել են, և մեծ տերություններն կարծես դեսանտ են իջեցնում տարածաշրջան՝ իրենց շահերը ներկայացնելու համար։ Բոլորովին զարմանալի չէ, որ Ադրբեջանի՝ հայերի նկատմամբ ագրեսիան աջակցություն է ստանում նրա ռազմավարական էներգետիկ և անվտանգային գործընկերների՝ Թուրքիայի և Իսրայելի կողմից, ինչպես նաև դյուրացվում և խրախուսվում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի կողմից, որոնք տարածաշրջանի վերաբերյալ ծրագրեր ունեն՝ հիմնված իրենց շահերի և ինքնահարստացման հեռանկարների վրա։

Արցախում տեղի ունեցածը ցուցիչն է այն աշխարհի, որն առաջարկում են կենսակայուն ապագա խոստացող կապիտալիստական «լուծումները». մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր դերակատար պայքարում է ռեսուրսների, հարստության և իշխանության համար, և որտեղ թույլերը ենթարկվում են աճող շահագործման, կորզման և ունեզրկման։ «Կենսակայուն լուծում» գովազդվող կապիտալիստական մոտեցման տիպիկ օրինակ է Ադրբեջանի «Կանաչ էներգետիկ գոտի» ծրագիրը Արցախում, որը, ըստ տարածված լուրերի,  լինելու է այս տարվա կլիմայական համաժողովի «ներկայանալի» նախագծերից մեկը։ Այս նախագծի կեղծիքն ակնհայտ է։ Տարածաշրջանը էթնիկ զտումների և զանգվածային էկոլոգիական ավերածության ենթարկելուց հետո Ադրբեջանը խոստանում է նոր կենսակայունության դարաշրջան՝ «կանաչ» նախաձեռնությունների անվան տակ։ Սակայն նման ծրագրերը պետք է կոչվեն այնպես, ինչպես որ կան՝ ցինիկ ձեռնածություն, որի միջոցով նավթագազային բռնապետության մի ղեկավար փորձում է փրկել իր բռնապետության դեմքը՝ ռազմական ագրեսիայի, բնական միջավայրի ոչնչացման և մարդու իրավունքների խայտառակ խախտումների ֆոնին՝ «կանաչազօծելով» այն՝ միաժամանակ նախատեսելով շահագործել այս նոր նվաճված հողերը՝ կորզելով դրանցում առկա պաշարները և դրանցում այլ մարդկանց վերաբնակեցնել։

Մենք պայքարում ենք հանուն ապագաղութացված էկոլոգիայի, որը իրական ճանապարհ է դեպի կենսակայուն ապագա, որը վեր է կանգնում կապիտալիզմի սահմանափակումներից և հաշվի է առնում աշխարհի տարբեր համայնքներին պարտադրված անհավասար հնարավորությունները և ռեսուրսների անհավասար հասանելիությունը։ Եթե սա չհամարվի անհրաժեշտ սկզբունք, մենք անխուսափելիորեն կհայտնվենք համընդհանուր կործանման վտանգի առաջ։ Որպես կապիտալիզմի շրջանակներում կազմակերպված հաստատություն՝ COP-ը հետաքրքրված չէ ապագաղութացված էկոլոգիայով։ Ուստի այս համաժողովին շնորհված ցանկացած լեգիտիմություն վտանգում է իրական կենսակայունության ճանապարհը և ակամա ամրապնդում է կապիտալիզմի տրամաբանությունը, որը կարելի է ամփոփել այսպես՝ «կորզում հնարավոր ցանկացած եղանակով»։

Մեր պայքարը այս կործանարար համակարգի դեմ շարունակական է, և մենք կշարունակենք համայնքային նախաձեռնություններով մերժել և ի վերջո տապալել այս համակարգը։ Կոչ ենք անում մեր բոլոր ընկերներին՝ բարձրացնելու իրենց ձայնը այս համաժողովի, դրա կապիտալիստական ոգու, ինչպես նաև Ադրբեջանի և նրա գործընկերների կողմից քարոզվող կեղծ «կանաչ» օրակարգի դեմ, որը թուլացնում է կենսակայունության նպատակը և ուշադրությունը շեղում իրական խնդիրներից և լուծումներից։ Թեև մեր պայքարը չենք սահմանափակում միայն մեկ իրադարձությամբ՝ այս դեպքում COP29-ով, մենք գիտակցում ենք, որ այս տարի Ադրբեջանը հյուրընկալի իր կարգավիճակը կօգտագործի՝ աշխարհում իր համբավը բարելավելու, իր բիզնես շահերը խթանելու և գլոբալ կապիտալիստական կառուցվածքի առաջատար ուժերի հետ ավելի սերտ կապ հաստատելու համար։ Ուստի մենք պահանջում ենք որպես առաջնային քայլեր՝

  • Վե՛րջ տալ Արցախի օկուպացիային և ադրբեջանական զինված ուժերը հեռացնել Հայաստանի Հանրապետության սահմաններից
  • Վերականգնե՛լ Արցախի հարկադրաբար տեղահանված բնակչության տները, ունեցվածքը և անձնական գույքը, ինչպես նաև ապահովել Արցախի բնակիչների անվտանգության և կենսակայուն կյանքի երաշխիքներ
  • Ազատ արձակե՛լ Ադրբեջանում բանտարկված քաղաքական գործիչներին և հայ ռազմագերիներին։

«Արարատ» կոլեկտիվը հիմնվել է 2020 թ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Բեռլինում՝ որպես հակաֆաշիստական կոլեկտիվ։

«Արարատ» կոլեկտիվ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930