Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխատունակ անձինք կարող են աշխատել, եկամուտ ունենալ, ուստի աջակցության մասն իրենց մասով նվազեցնելը հիմնավորված է»․ Աննա Ժամակոչյանը՝ արցախցիների սոցիալական աջակցության մասին

Նոյեմբեր 15,2024 14:55

«Առաջիկա երեք ամիսների համար կպահպանվի աջակցությունը բոլոր նրանց համար, որոնք այսօր էլ ստանում են հիսուն հազարական դրամները և չունեն բնակարանային պայմաններ։ Բայց մենք ունենք տվյալներ, որ բնականաբար, մարդիկ ինտեգրվել են նաև աշխատաշուկայում, ունենք 25 հազար անձ կայուն աշխատատեղով»,- «Մեդիա կենտրոնում» «Ի՞նչ է սպասվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին 2025-ի մարտից հետո» թեմայով քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։

Նա նշեց, որ 25 հազար անձանցից, որոնք աշխատանք ունեն, 13705-ը 100 հազարից 500 հազար միջակայքում են ստանում իրենց աշխատավարձը․ «Ունենք ավելի սակավ թվով բարձր աշխատավարձ ստացողներ՝ 3500-ից քիչ ավելի անձինք ստանում են 500 հազարից մինչև մի քանի միլիոն եկամուտ։ Թվերի համամասնությունը, բաշխումը տրամաբանական ու համադրելի է ՀՀ բնակչության աշխատավարձերի բաշխմանը։ Սա նշանակում է, որ ինտեգրված են նույն պայմաններով, ինչպես տեղացիներն աշխատաշուկայում»։

Նշենք, որ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է նախագիծ, որով առաջարկվում է լրացուցիչ երեք ամսով երկարաձգել սոցիալական աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ ընդգրկելով 2025 թվականի հունվարից մարտ ժամանակահատվածը. տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50000 դրամ: 2025 թվականի ապրիլից միայն տեղահանված անձանց հատուկ խմբեր կունենան սոցիալական աջակցության իրավունք:

Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներից շատերը դժգոհություն են հայտնել բնակարանային և զբաղվածության ծրագրերից:

Նախարարի տեղակալը, ելնելով այս իրավիճակից, ասաց․ «Կարող ենք տեսնել, որ աշխատունակ անձինք կարող են աշխատել, եկամուտ ունենալ, ուստի աջակցության մասն իրենց մասով նվազեցնելը հիմնավորված է։ Ամեն դեպքում ձմեռային ամիսներին իրենք ևս կշարունակեն աջակցություն ստանալ։ Իսկ արդեն առավել հատուկ խմբերի համար թիրախային աջակցության մասը կշարունակվի ապրիլից 3 ամսով 40 հազար նվազեցված չափով։ Այս նվազեցումները հաջորդ երկու եռամսյակին կշարունակվեն 30 հազար դրամի չափով։ Հինգ թիրախ խումբ ենք առանձնացրել՝ 1-ին խումբ հաշմանդամություն ունեցողներ, 2-րդ խումբ հաշմանդամություն ունեցողներ, կերակրողին կորցրածի նպաստ ստացողներ, երեխաները և 63 + տարեկան անձինք։ Երբ ասում ենք 63+, նկատի չունենք հենց կենսաթոշակառուներին, այլ օրենսդրությամբ կենսաթոշակային տարիքի հասած անձանց մասին է խոսքը»։

Աննա Ժամակոչյանն ասաց, որ նոր ծրագրով ամբողջ տարվա ընթացքում մարդիկ կշարունակեն աջակցություն ստանալ, եթե օգտվեն հիմնական բնակարանային ծրագրից։ Նա ասաց, որ բնակարանային ծրագիրը թափ է հավաքում։ Նախարարի տեղակալը հուսով է, որ առաջիկա շաբաթներին եռանիշ թվերով հաստատված դիմումներ ենք ունենալու։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930