Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ոստիկանությանը «պրետենզիաներ» են ներկայացվում ուժ կիրառելու համար, շատ դեպքերում ես զգում եմ, որ մարդիկ չեն հասկանում, ասում են՝ մենք մեր գործն ենք արել. Փաշինյան

Նոյեմբեր 15,2024 13:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Բազմիցս եմ ասել, որ ուժային կառույցները հենց իրենք իրենց մասին ասում են, դրանք կառույցներ են, որ պետք է ուժ կիրառելու հնարավորություն ունենան, բնականաբար, օրինական, լեգիտիմ։ Այսինքն, եթե ոստիկանությունը ուժ կիրառելու հնարավորություն, իրավունք չունենա, այդ ոստիկանության գոյությունը ուղղակի անիմաստ է։ Այսինքն` հենց ոստիկանությունը դրանով է ոստիկանություն, որ ըստ պատեհության, օրենքով սահմանված դեպքերում ուժ կիրառի»,- այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի, քանի որ քաղաքական քննարկումները շատ են, ինքը ցանկանում է ընդգծել, որ սա իր դիրքորոշումը չէ որպես վարչապետ: Նա հիշեցրեց, որ 2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ, երբ ցուցարարների և ոստիկանության միջև միջադեպ էր եղել, այդ օրը իր ելույթի ժամանակ ասել էր, որ ոստիկանությունը պետության ողնաշարն է, և չի կարելի ոստիկանությանն իր ծառայության համար թիրախավորել: Ըստ Փաշինյանի՝ այն ժամանակ էլ էր դա իր համոզմունքը, հիմա էլ է իր համոզմունքը:

«Բայց շատ կարևոր է, որ մենք հիմա ոստիկանության բարեփոխումների տրամաբանության մեջ ուժի կիրառման հասկանալի և տեսանելի ստանդարտ ունենանք, ու սա երկու կողմի համար է կարևոր, որովհետև շատ դեպքերում կա այսպիսի հարց, երբ ոստիկանությանը «պրետենզիաներ» են ներկայացվում ուժ կիրառելու համար, շատ դեպքերում ես զգում եմ, որ մարդիկ չեն հասկանում, ասում են՝ մենք մեր գործն ենք արել, դա մեր աշխատանքն է, և ինչ-որ առումով ճիշտ են ասում: Բայց ճիշտ են ասում նաև նրանք, ովքեր ասում են՝ դրան պետք է որոշակի ձև լինի, չափ լինի, սահման լինի, և մենք, այս հարցն ուսումնասիրելով, հասկանում ենք, որ մեր երկրում ուժի կիրառման ստանդարտ գոյություն չունի: Որ անկեղծ ասեմ, ինքս էլ վստահ չեմ, որ այլ երկրներում, գոնե մի շարք երկրներում այդ ստանդարտը գոյություն կունենա: Այս համատեքստում սա մեր ամենակարևոր հարցն է, որ բոլորի համար թափանցիկ լինի, թե ոստիկանությունը որ դեպքում ինչ տիպի ուժ պետք է կիրառի»:

Անդրադառնալով ոստիկանության ծրագրվող բարեփոխումներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Եթե նախկինում մենք ունեինք ոստիկանության մարզային վարչությունների ու քաղաքային բաժինների համակարգ, որը 90-ականների սկզբին ներդրվեց ու պետք է արձանագրենք, որ ՀՀ-ում իրավակարգի ամրապնդման գործում արդյունք ունեցավ, բայց որոշակի փոփոխության ժամանակը հասունացավ, հիմա մենք այդ համակարգն այլեւս չունենք: Բոլոր մարզերում ունենք ուղղաձիգ ենթակայության երեք հիմնակառույցներ՝ քրեական ոստիկանություն, որը զբաղվելու է ծանր եւ առանձնապես ծանր հոդվածներով: Զուգահեռ ներդրել ենք համայնքային ոստիկանություններ, որի օպերատիվ հատվածը զբաղվելու է ոչ մեծ ծանրության հանցանքների օպերատիվ սպասարկմամբ ու քաղաքացիականի հետ առնչություն ունեցող մի շարք գործառույթներ: Հաջորդ ուղղությունը պարեկային ոստիկանությունն է: Այս բոլոր կառույցները ենթարկվելու են ոստիկանության հանրապետական ղեկավարությանը: Ոստիկանություն 4-րդ ուղղությունը ոստիկանության գվարդիան է, որը մենք կունենանք 2025 թվականի հոկտեմբերից: Ոստիկանության գվարդիան ոստիկանության զորքերի իրավահաջորդն է լինելու, ունենալու է մարզային բախշվածություն»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930