Լրահոս
Օրվա լրահոսը

Տիկին Վարդապետյան, Ստրասբուրգում կամ ԱԺ-ում, բարի եղեք նաեւ նշել, որ ոչինչ չեք անում ոչ մարտական պայմաններում զոհվածների գործերի բացահայտման համար. իրավապաշտպան

Նոյեմբեր 15,2024 13:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Շուտով կամփոփենք 2024թ, եւ այս 5 գործերի՝ Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում ծառայելու ընթացքում զոհված զինծառայողներ Տիգրան Օհանջանյանի, Վալերիկ Մուրադյանի, Արթուր Ղազարյանի, Անդրանիկ Մկրտչյանի, Լևոն Թորոսյանի գործերի վերաբերյալ պետք է նշեմ, որ հիմա շատ ավելի վատ, անմխիթար վիճակ ունենք, քան օրինակ 2022 կամ 2023 թվականն ամփոփելիս»,- Մեդիա կենտրոնում՝ «Ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների գործերով քննություն․ ի՞նչ գործողություններ են արվել 2024-ին» թեմայով ասուլիսի ժամանակ նշեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան, իրավահաջորդների ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը:

«Որքան հեռանում ենք, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ այն անձինք եւ պաշտոնյաները, որոնք պետք է ապահովեին քննության արդյունավետությունը, բացարձակապես շահագրգիռ չեն դրանում: Խոսքը հատկապես վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ հանձին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի:

Ես կարող էի նշել նաեւ քննչական կոմիտեին՝ նախագահ Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ, բայց եթե դատախազական հսկողությունը եւ շահագրգռությունը բացակայում են, ապա քննչական կոմիտեի քննիչներն ընդհանրապես հետաքրքրված չեն այս գործերով ինչ-որ բան անելու համար: Տարվա ընթացքում տիկին Վարդապետյանը հրապարակայնորեն 3 անգամ անդրադարձել է այս 5 գործերին՝ 2 անգամ ԱԺ բարձր ամբիոնից եւ մեկ անգամ Ստրասբուրգում, երբ քննարկում էր, ու տիկին Վարդապետյանը հատկապես ընդգծել է, որ վարչապետի ստեղծած աշխատանքային խմբում ոչ մարտական պայմաններում ծառայելու ընթացքում զոհված զինծառայողների խնդիրը կարեւոր է: Բազմաթիվ պաշտոնյաների ներկայությամբ դրանով ի ցույց է դրել, որ Հայաստանը շահագրգիռ է այս խնդիրները լուծելու»,-ասաց Պապիկյանը:

Ապա դիմեց ՀՀ գլխավոր դատախազին. «Տիկին Վարդապետյան, երբ թեման ներկայացնում եք Ստրասբուրգում կամ ԱԺ-ում, բարի եղեք նշել նաեւ, որ ոչինչ չեք անում այս գործերի բացահայտման համար: Ձեր ենթակա դատախազները եւ նրանց հսկողության տակ գտնվող քննիչներն ընդհանրապես անգործություն են ցուցաբերում: Երբ դուք ԱԺ ամբիոնից ինչ-որ արտահայտություններ եք անում այս գործերի վերաբերյալ, ապա խնդրում եմ՝ բարի եղեք ճիշտն ասել: Մենք եւ իրավահաջորդները լայն հնարավորություն չունենք այդ ամենի մասին հանրությանը տեղյակ պահելու, իսկ դուք ունենալով այդ հնարավորությունը՝ չարաշահում եք ձեր այդ իրավունքը»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930