Լրահոս
Օրվա լրահոսը

Ես էլ բան չունեմ տալու, որովհետեւ ինչ ինձնից ուզել եք՝ տվել եմ. Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 15,2024 12:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ խորհրդարանում նախորդ օրերին ընդդիմադիր պատգամավորների քննադատություններին:

«Ընդդիմությունը վեր է կենում, ասում է` էս թվին էս ես ասել, էս թվին էս ես ասել: Իշխանությունից մեկը չի եկել, ասել՝ գիտես ինչ, դու էս թվին էս ինչ բանն ասել ես, հիմա ես իրականացրել եմ: Մի հատ նման եզակի դեպք չկա»,- ասաց Փաշինյանը:

Հետո դիմելով կառավարության անդամներին՝ ասաց. «Մեզ պետք են արդյունքներ, հարգելի գործընկերներ: Մենք չունենք բացատրություն հիմա: Ի հեճուկս բոլորի, որ թոշակների, սոցիալական խնդիր կա, աշխատավարձեր ենք կրկնապատկել, կառույցներ ենք ստեղծել, ավտոմեքենաներ ենք առել, օրենքներ ենք փոխել, էլի բացատրություններ:

Էս օրենքի էս ինչ կետն էս է ասում, էն մեկը հիվանդ է: 7 տարի դատավարություն են անում: Ամենամեծ խնդիրն ուրիշ բան է, մարդիկ չեն հավատում, որ այդ բոլոր բեմականացումների սցենարների տակ ես չեմ ստորագրում: Ու սա լրջագույն քաղաքական խնդիր է:

Ես չեմ ուզում հասնեմ նրանց, որ էլի գնանք շենքեր շրջափակենք, հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում: Այս խնդիրը պետք է լուծվի: Երեք, չորս տարի առաջ էլ եմ ասել, որ կոռուպցիոներները սրճարաններում, ռեստորաններում առավոտից իրիկուն քեֆ են անում, այսօր էլ եմ ասում:

Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ չենք տվել մեր իրավապահ համակարգին: Էլի էդ նույն մարդիկ, որոնք հանրապետությունում ճռռիկներ, վռռիկներ էին անում, էդ նույն մարդիկ էդ նույն բանն անում են, նրանք, որ մյուսներին վերեւից էին նայում, էդ նույն բանն էլի անում են: Սա չի կարող շարունակվի:

Լավ, ես կարող եմ մի տարի, երեք տարի համբերել, հարգելի՛ գործընկերներ, իմ համբերության բաժակը լցվել է: Ես ձեզ ուղիղ բոլորիդ ասում եմ, ոնց որ, կներեք, քյասիբի ռադիո լինեմ: Գալիս եմ ձեր միջոցառումներին ելույթ ունենում, ասում, խոսում, դուք ծափ եք տալիս, ես թողնում եմ, գնում եմ:

Հաջորդ տարի էլի գալիս եմ նույն ելույթն ունենում, ավելի ուժեղ եք ծափ տալիս, ես թողնում եմ, գնում եմ: Ուզում եմ հասկանալ՝ ով է ում ձեռ առնում:

Ես էլ բան չունեմ տալու, որովհետեւ ինչ ինձնից ուզել եք՝ տվել եմ: Չեմ միջամտել ոչ մի բանի, չեմ մտել որեւէ մեկի գործի մեջ: 2018-ին, 2019-ին հասկացանք, ես որ գյուղ գնամ, մտնեմ, մարդիկ էլի նույն բաներից խոսեն: Որ էս մեկը էն ժամանակ էլ էր բան, բոլորը վախենում էին իրենից, հիմա էլ են վախենում: Ու ստացվի, որ Հայաստանում թույլ իշխանությո՞ւն է: Անընդհատ պետք է ապացուցելու անհրաժեշտություն ունենա՞նք: Ոնց կարող է պետության մեջ մեկը ընդհանրապես թպրտա: Ես հի՞մք եմ տվել որեւէ մեկին ասելու, որ ես համարում եմ, որ նման բան կարող է լինել»:

Վարչապետն ասաց, որ այս թեմայով այլեւս խորհրդակցություններ չի անցկացնի, կայացնելու է որոշումներ. «Չեմ կարող թույլ տալ, որ այս երկրում որեւէ մեկը մտածի, որ վարչապետի ասածը դե հա բան էր ասաց, գնաց: Չի կարող նման բան լինել: Չեմ կարող ամեն մանրամասնի մեջ մտնել, ես տալիս եմ գաղափարական, հայեցակարգային քաղաքական ուղղություն, ամբողջ պետական կառավարման համակարգը պետք է դասավորվի դրա տակ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930