Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի ժառանգությունը Լուվրի թանգարանում» ցուցահանդեսին ներկայացվել են նաև հայկական գորգերը

Նոյեմբեր 15,2024 11:41

Ֆրանսիայում կայացած «Ադրբեջանի ժառանգությունը Լուվրի թանգարանում» ցուցահանդեսին ներկայացված էին նաև հայկական գորգերը։ Թե ինչպե՞ս էին հայկական գորգերը հասել Ֆրանսիա, ինչպե՞ս են ադրբեջանցիները փորձում սեփականաշնորհել հայկական գորգագործության ավանդույթը և, առհասարակ, Հայկական լեռնաշխարհում գորգագործության վկայությունների մասին «Գեղարդ» հիմնադրամը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու Հասմիկ Հմայակյանի հետ։ Ըստ Հմայակյանի՝ ադրբեջանցիները փորձում են իրենց մշակույթին վերագրել հայկական գորգագործության ավանդույթները՝ օգտագործելով միջազգային մշակութային հարթակները, մասնավորապես՝ Լուվրի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված գորգերի թվում էին Ջրաբերդ տիպի արծվագորգերը։

Տիկի՛ն Հմայակյան, Լուվրի մշտական ցուցադրությանն Ադրբեջանը ներկայացնում է նաև հայկական երեք գորգեր։ Ի՞նչ նպատակ է այն հետապնդում։

-Պետք է ասեմ, որ ես զբաղվում եմ ընդհանրապես հին շրջանի մշակույթով, պատմությամբ և հայ-փոքրասիական առնչություններով, և վերջին տարիներին ինձ հետաքրքրում է հենց գորգագիտության բնագավառը, քանի որ ես տեսա, որ հենց այդ բնագավառին, այսինքն՝ տեքստիլի, գորգագործության և այլն, արևմտյան ուսումնասիրողները մեծ ուշադրություն են դարձնում այսօր։

Անգամ ստեղծվել են մեծ լաբորատորիաներ, խմբեր, որոնք ուսումնասիրում են Փոքր Ասիայում և հարակից տարածքներում ընդհանրապես տեքստիլի, գորգագործական մշակույթի ստեղծման ավանդույթները, զարգացման պատմությունը և այլն։ Եվ ցավով տեսա, որ որևէ դեպքում Հայկական լեռնաշխարհի նյութը այդ ուսումնասիրություններում ներառված չէ, և այն մի տեսակ խթան հանդիսացավ, որպեսզի ես ուսումնասիրեմ այդ ոլորտը։ Եվ իմ պրպտումների արդյունքում, որը վերաբերում էր գորգին՝ տարբեր բնագավառներում, ժամանակաշրջաններում, հանդիպեցի Լուվրի թանգարանում ադրբեջանական գորգերի ներկայացման այդ իրողությանը, որը պետք է ասեմ, որ առանձնապես շատ չի լուսաբանվել ո՛չ հայկական մամուլում, ո՛չ ընդհանրապես գորգագետների շրջանում։

Որոշ գորգագետների հետ զրուցելուց հետո ես հասկացա, որ տեղյակ չեն եղել։ 2019 թվականին Ադրբեջանի Մշակույթի նախարարությունը, Ադրբեջանի գորգի թանգարանը, Ֆրանսիական համալսարանը Ադրբեջանի և մի շարք պետական հովանավորող այլ մարմինների աջակցությամբ, ինչպես նաև՝ Լուվրի թանգարանի տնօրինության աջակցությամբ այդ երեք գորգերը ներկայացրել են ադրբեջանական։

Հասկանում եք, չէ՞, եթե մշտական ցուցադրությանն արդեն 3 գորգեր կան, ինչքան գորգեր կան պահոցներում և ոչ մշտական ցուցադրությանը։ Հարկ է նշել, որ անգամ չլինելով գորգի մեծ մասնագետ, բայց վերջին տարիներին փորձելով ուսումնասիրել այդ բնագավառը՝ ես անմիջապես տեսա, որ դրանք բուն հայկական գորգեր են, շատ հայտնի հայկական գորգեր։

Որո՞նք են այդ երեք գորգերը։

-Դրանք Ջրաբերդ տիպի արծվագորգերն են, որոնց մասին մեծ ուսումնասիրություն ունի երջանկահիշատակ Վահրամ Թաթիկյանը։ Անգամ իր «Արցախյան տոհմագորգերը» գրքի առաջին էջը հենց այդ գորգի պատկերով է ձևավորված։ Այդպիսի բազմաթիվ գորգեր կան հենց հայերեն արձանագրություններով, որոնք կարող ենք տեսնել հայտնի գորգագետ Աշխունջ Պողոսյանի աշխատություններում և այլն։

Այսինքն՝ արդեն ապացուցվա՞ծ են, որ այդ գորգերը հայկական են։

-Այո՛, հայկական են, և պետք է ասեմ, որ անգամ այդ գորգերից մեկի վրա կան 1800-ականների վերջի թվագրություն և հայերեն արձանագրություն։ Այսինքն՝ ակնհայտ երևում է, որ գործողը հայ է եղել։ Ինձ զարմացրեց այն նյութը, որը հրապարակել էր Ադրբեջանի Հնագիտության ինստիտուտի առաջատար գիտնականներից մեկը, որը, ըստ ամենայնի, փորձում էր ցույց տալ, որ հայերը ընդհանրապես կապ չունեն գորգագործական մշակույթի հետ, և որ դա ի վերուստ եղել է ադրբեջանական մշակույթի անբաժանելի մասը, որ այդ գորգերի վրա իրենց արտացոլումն են գտել հին թյուրքական հավատալիքային համակարգի և սիմվոլների հետ կապված զարդանախշերը, և իզուր են հայերը այնտեղ փորձում խաչեր կամ այլ բաներ որոնել, և որ փոխանակությունների, փոխազդեցությունների արդյունքում հայերը գոնե սովորել են գորգ գործել։ Ես գիտեմ, որ հայերը փորձել են հակազդել, ինչ-որ հակազդեցություն եղել է երևի և՛ ֆրանսահայ հասարակության կողմից, և՛ այստեղ, բայց դա շատ աննշան է եղել, և ոչ մի աղմուկ այդ իրադարձությունների շուրջ չի բարձրացրել։

Տիկի՛ն Հմայակյան, Հայկական լեռնաշխարհում գորգագործության արվեստի հետ կապված ինչոր վկայություններ կա՞ն։

-Իհարկե, Հայկական լեռնաշխարհում, դեռևս 4-3-րդ հազարամյակից սկսած, ունենք վկայություններ։ Գորգագործությունը ենթադրում է բրդի մշակում, գորգագործական գործիքների առկայություն, թել մանող և այլն գործիքներ, ենթադրում է նաև գորգագործական դազգահի և այլնի մնացորդներ։

Հայկական լեռնաշխարհի բազմաթիվ պեղավայրերից հայտնաբերված են անթիվ-անհամար իլիկների գլուխներ, գորգ գործելու համար նախատեսված սանրեր, դազգահի մնացորդներ, գործվածքի կտորներ և այլն։ Օրինակ՝ Պազիրիկ գորգը շատ հայտնի և առաջին լավ պահպանված գորգն է։ Այդ գորգի շուրջ վեճ կա․ հայերն ասում են՝ հայկական է, իրանցիներն՝ իրանական, մի խոսքով, ծագումն այսօր անհայտ է, բայց, ըստ ուսումնասիրողների, այն հավանաբար գործվել է Հայկական լեռնաշխարհում․ ուղղակի չի հայտնաբերվել այստեղ, հայտնաբերվել է Պազիրիկ վայրում։

Էրմիտաժի ուսումնասիրողներն են առաջին անալիզներն արել և պարզել գորգի իսկությունը։ Ուզում եմ ասել՝ հնարավոր չէր, որ լեռնաշխարհը գորգագործի հնամենի ավանդույթներ չունենար, և ոչ միայն Հայկական լեռնաշխարհը, Փոքր Ասիան գորգագործության հնամենի օրրաններից մեկն է, և այդ մասին այսօր բազմաթիվ ուսումնասիրություններ կան։ Փոքր Ասիան նախկին խեթական տարածքն է, որն այսօրվա Թուրքիայի տարածքն է, ինչպես գիտեք, և այստեղից նույնպես գորգագործական մշակույթի մասին վկայող բազմաթիվ իրողություններ են հայտնաբերվել, հնագիտական նյութեր։

Իսկ դրանք ինչոր առումով կապ ունե՞ն հայերի հետ։ Ինձ հետաքրքիր է՝ հնէաբանները, երբ նյութի ուսումնասիրություն են անում, խոսու՞մ են դրանց կապի մասին հայերի հետ։

-Ես Ձեզ ասեմ՝ այն, ինչ հայտնաբերվել է Հայկական լեռնաշխարհում, ունի անընդհատական բնույթ, այսինքն՝ դա 4-3-րդ հազարամյակի, այնուհետև Ուրարտական շրջանի պատկերագրություն է։ Սեպագիր աղբյուրներն են վկայում գորգագործական մշակույթի առկայության մասին։ Հետուրարտական փուլում վկայությունները բազմազան են և երբևէ չեն ընդհատվել, և մենք տեսնում ենք ժառանգական փոխանցումը։ Հայկական լեռնաշխարհի նյութի ուսումնասիրությամբ զբաղվում են նաև հայ գիտնականները։ Այստեղ խնդիր կա, որ պետք է օտար լեզուներով շատ տպագրվել, որպեսզի այդ նյութը մտնի շրջանառության մեջ։

Փոքրասիական տեքստիլի և հարակից տարածքների՝ Էգեյան և այլն, այդ տարածքների տեքստիլի ուսումնասիրությունների մեջ որևէ խոսք չկա Հայկական լեռնաշխարհի նմանատիպ գտածոների մասին, որովհետև իրենք իրենց առաջ այդպիսի խնդիր չեն դրել։ Կարծում եմ՝ այդ խնդիրը մենք պետք է դնենք մեր առջև և ներկայացնենք հավուր պատշաճի։ Բացի այդ՝ մի շատ հետաքրքիր բան ասեմ, իմ ուսումնասիրությունների արդյունքում ինձ հանդիպեց մեկ ուսումնասիրություն, որ կապվում է աշխարհահռչակ գիտնական, Փոքր Ասիայի հնագույն վայրերից մեկը պեղած Մելարտի հետ, որն ամբողջ աշխարհում հանրահայտ հնագետ է, և ինքն է իրականացրել Չաթալ Հույուքի պեղումները, որոնք 7-6-րդ հազարամյակ են։ Այսինքն՝ հնագույն, մշակութային մի հնավայր է, որտեղ ևս հայտնաբերվել են հնագիտական բազմաթիվ գտածոներ, այդ թվում՝ ժայռապատկերներ, քանդակներ, բազմաթիվ զարդանախշեր և այլն։

Եվ ահա այդ պեղումներից տարիներ անց՝ 1980-ականների վերջերին, Մելարտը, համագործակցելով թուրք գորգագետ Բալփինառի հետ, հրատարակել է երեք հատոր գիրք, որ կոչվում է «Կին աստվածուհին Անատոլիայում»։ Այնտեղ ներկայացված են մեզ շատ ճանաչելի բազմաթիվ զարդանախշեր, որոնք նա վերցրել և առանձնացրել է Չաթալ Հույուքի տարբեր պեղածոների վրայից, և փորձել են Բալփինառի հետ գտնել դրանց զուգահեռները Թուրքիայի տարբեր թանգարաններում պահպանվող գորգանախշերի հետ։ Եվ, այո՛, կարող ենք տեսնել Կարսի թանգարանում պահպանված գորգանախշեր կամ կարպետի նախշեր։ Վանի թանգարաններում կամ Թուրքիայի տարբեր տարածքներում պահպանվող գորգերի հետ արվել են համեմատություններ, անգամ լուսանկարները կան․ գորգի լուսանկարը, իսկ կողքին՝ այդ հնավայրից պեղված զարդանախշի լուսանկարը։

Հարկ է նշել, որ Մելարտի կոնկրետ այս աշխատությունը քննադատության է ենթարկվել արևմտյան գիտնականների կողմից, բայց ինչու՞։ Քննադատությունը նրանում էր, որ իրենք չէին հավատում, այսինքն՝ արևմտյան գիտնականները չէին պատկերացնում, թե ինչպես կարող է յոթ կամ ութ հազարամյա զարդանախշը այդպես անընդհատորեն պահպանվել և հայտնվել թուրքական գորգերի վրա։ Ես կարծում եմ իրենք իրավացի էին․ իսկապես, եթե համարենք, որ գորգագործական մշակույթը թուրքերի հետ է ներթափանցել Փոքր Ասիա, պետք է բացատրել՝ ինչպես է ժառանգաբար այդ զարդանախշը հասել գորգագործներին․ չէ՞ որ այդ զարդանախշը պետք է Չաթալ Հույուքի մշակույթի ժառանգորդներն իրենց մեջ կրեին, այնուհետև իրենք իրենց հերթին ժառանգեին, այսինքն՝ այդ մշակութային ժառանգությունը դիտարկել հնարավոր չէ։

Բացի այդ՝ կարծում եմ, որոշ առումներով նաև ճիշտ է Մելարտին մեղադրելն այդ զարդանախշերի որոշ կամայական ներկայացումների մեջ․ այսինքն՝ որ հարմարեցրել է այդ զարդանախշի տեսքը գորգի զարդանախշի տեսքին, բայց երբ որ խոսքը գնում է լուսանկարների մասին, ես չեմ կարծում, որ լուսանկարներում այդ կամայական հարմարացումները կարող են լինել։ Այսինքն՝ սա իմ համար մի այնպիսի հայտնագործություն էր ապշեցուցիչ, որ կարելի է նման մոտեցմամբ ուսումնասիրություն կատարել։

Գիրքը հնարավոր չեղավ ձեռք բերել գրադարաններից․ իմ կոլեգան՝ խեթագետ Ալինա Հովսեփյանը, Ֆրանսիայից իր միջոցներով գնեց գիրքը (գիրքը բավականին թանկ էր), ուղարկեց, և այսօր այդ երեք հատորները ես ունեմ և փորձում եմ հասկանալ, թե ինչպես կարող էին ամենահայտնի մեր գորգանախշերը, կարպետի նախշերը, այդքան հին պատմություն ունենալ ու հին ակունքներ ունենալ։ Եվ ես կարծում եմ, որ եթե այդ գրքի արևմտյան քննադատներն իմանային իրական գորգի պատմությունը, իմանային զարդանախշերի հնարավոր ժառանգականության պատմությունը, հավանաբար այդքան քննադատական չմոտենային հրատարակությանը, քանի որ, բնականաբար, Փոքր Ասիայում եղել է խեթական հզոր տերությունը, այն կործանվելուց հետո նրա մի մասը՝ ենթաշերտային կերպով, մշակութային իր ազդեցությունը թողել է Հայկական լեռնաշխարհի մշակույթի վրա։ Եվ Փոքր Ասիան մշտապես եղել է բնակեցված, և այդ ժառանգությունը հասկանալի կլինի, թե ինչպես է հասել մինչև թուրքեր, երբ որ իրենք հայտնվեցին Փոքր Ասիայում։ Այդ դեպքում, կարծում եմ, այսքան քննադատաբար չէին մոտենա այդ իրողությանը։

Չուսումնասիրված է այդ ոլորտը, կարելի է ասել՝ ուսումնասիրված է մասնակի, ու ում ինչպես ձեռնտու է։

-Երևի թե ինչ-որ քաղաքական ենթաշերտ էլ կա․ գորգի մշակույթն այսօր շատ քաղաքականացված ոլորտ է։ Եվ, բացի այդ, պետք է ասեմ, որ իսկապես այն գորգերը, որոնք գործվել են Փոքր Ասիայում, հետագայում, երբ որ հայտնվել են շուկաներում, երբ որ զարգացած առևտուր է եղել և մեծ պահանջարկ, արդեն եղել է Օսմանյան կայսրություն, և այդ տարածքից են այդ գորգերը գնվել, արտահանվել և այլն։ Եվ գիտեք՝ վաճառականներին, վաճառողներին, գնորդներին չի հետաքրքրում այդ գորգերի իրական գործողները հայերն են, թուրքերը, հույները, թե ով․ նրանց հետաքրքրում է տարածքը՝ որտեղից որ այդ գորգերը ձեռք են բերվել, և այդ պատճառով մենք այդ գորգերի վերաբերյալ մասնագիտական գրականության մեջ մշտապես հանդիպում ենք «թուրքական կարպետ», «թուրքական կիլիմ», «թուրքական գորգ» ձևակերպումներին կամ, եթե դեպի այս կողմ ենք գալիս, դրանց որակում են որպես «Կովկասյան»։

Տարբերակել կարող են միայն նեղ մասնագետները, և նեղ մասնագիտական շրջանակներում տարբեր վեճեր կան՝ այդ գորգերի իրական գործողների հետ կապված, որովհետև մեծ ժամանակաշրջանի հետ գործ ունենք, և այդ ամենը հետին թվով վերականգնելու համար մեծ աշխատանք ու ջանքեր են պահանջվում։ Մեր մասնագետները միշտ աշխատել են այդ ուղղությամբ, և կան արևմտյան մասնագետներ, որոնք իրավացիորեն տեսնում են այդ զարգացումը՝ զարդանախշի ավանդույթի։ Օրինակ՝ Գանցհորն իր «Քրիստոնյա արևելյան գորգը» հսկայական աշխատության մեջ հենց այդ մասին է խոսում։ Այլ գորգագետներ էլ կան, սակայն հիմնականում այդ ոլորտը դեռևս կարոտ է ուսումնասիրության․ մենք շատ անելիք ունենք այդ առումով։

Տիկի՛ն Հմայակյան, եթե վերադառնանք Լուվրի ցուցահանդեսում ներկայացված հայկական գորգերին, կարո՞ղ ենք այստեղ փաստել, որ Ադրբեջանն այս առումով պետական մշակութային լուրջ քաղաքականություն է վարում ի վերջո, հեշտ չէ հասնել Լուվր, այնտեղ ցուցադրել գորգ ու այն նշել որպես ադրբեջանական գորգ։

-Իհարկե, եթե հաշվի առնենք՝ ինչքան ցավ ենք զգում, երբ որ հասկանում ենք, թե ինչ հայկական համայնք մենք այնտեղ ունենք։

Եվ չհաշված մեր բարեկամական հարաբերությունները Ֆրանսիայի հետ։

-Այո՛, մենք ունենք այնտեղ հայկական հզոր համայնք․ Լուվրի հավաքածուն ամենահեղինակավոր հավաքածուներից մեկն է։ Մենք ինքներս կարող էինք այդ հարցը շատ ավելի վաղ արծարծել, կամ ինքներս կազմակերպել նման ցուցադրություն։ Դա մեր բացթողումն է։ Բայց ես Ձեզ պետք է ասեմ, որ նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար պետք է ֆինանսավորում լինի կա՛մ բարեգործական ընկերությունների կողմից, կա՛մ պետական մակարդակով, որովհետև դա մեծ ծախսեր է պահանջում․ դու չես կարող ուղղակի քո հաշվին մեկնես Լուվր՝ արխիվներն ուսումնասիրելու իրավունք ձեռք բերել և այլն։ Այնտեղ միայն երեք գորգ է մշտական ցուցադրության, բայց ինչքան գորգ կա արխիվներում, ես չգիտեմ։

Պետք է իսկապես մեծ ներդրում անել, կապեր ստեղծել, ուսումնասիրել և փորձել հակադարձել կամ գոնե, եթե չենք կարող այլևս հակադարձել, գոնե մենք էլ հաջողացնենք այդպիսի մի ցուցադրություն կազմակերպել, իսկ դա Ադրբեջանում պետական բարձր մակարդակով է արվում․ նրանց գորգի թանգարանն իրենց ինքնության կարևորագույն մասն է համարվում։

Ցավոք սրտի, այսօր նաև Արցախի գորգագործական ավանդույթն են ներկայացնում որպես ադրբեջանական, ու նրանք այս առումով մեծ քայլերով միջազգային ասպարեզում առաջ են գնում։ Տիկի՛ն Հմայակյան, այս առումով ինչոր նոր, սպասվող ծրագրեր կա՞ն։

-Եթե ճիշտն ասեմ, մենք գտել ենք հովանավոր, որ եթե մենք կարողանանք գորգագետների հետ ծրագիր կազմել, ապա նրանք կհովանավորեն նմանատիպ որևէ նախաձեռնություն։ Հիմա առաջին քայլերը կարծես թե արված են, թե ինչ կլինի հետո, ամեն ինչ մեզնից է կախված, բայց ես փորձում եմ համագործակցել գորգագետ Աշխունջ Պողոսյանի հետ, և մեր համագործակցության առաջին քայլերը կարծես թե երևում են, որը կերևա նոր ալբոմ-կատալոգ գրքի ձևով, արդեն՝ անգլերենով, իսկ այս առաջին քայլերից հետո, հավանաբար, մեր հովանավորը կկարողանա նաև աջակցել ավելի լուրջ նախագծերի և ծրագրերի և, ինչու չէ, նաև՝ Լուվրի հետ կապված, բայց պետք է սկսել դեռևս մանր քայլերով, որովհետև դա պետական հովանավորություն չի, դա անձնական մեկենասություն է մեկ մարդու կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930