Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ ասել է «բնականոն», երբ մարդիկ իրար տրորելով են մտնում վագոն ու 100 դրամ վճարելով էլ, փոռուփոշման դուրս գալիս կայարանից. «Հրապարակ»

Նոյեմբեր 15,2024 11:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանի մետրոպոլիտենը տարեցտարի ավելի ծանրաբեռնված է աշխատում, բայց վերջին երկու շաբաթը, կարելի է ասել, ամենացայտնոտայինն էին երեւանյան մետրոյի գոյության պատմության մեջ։

Նոյեմբերի տվյալները դեռ ամփոփված չեն, բայց ունենք վերջին շաբաթվա տվյալները։ Մետրոպոլիտենի լրատվականը պաշտոնապես արձանագրում է․ «Երեւանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Նոյեմբերի 4-10-ը մետրոպոլիտենում ուղեւորափոխադրումը կազմել է 544 հազար 657 ուղեւոր: Կատարողականը՝ 100%։ Գիծ է դուրս բերվել 2 հազար 962 շարժակազմ»։ Եթե մեկ շաբաթում կես միլիոնից ավելի ուղեւոր է եղել, ապա այս տեմպի պահպանման պարագայում մեկ ամսում դրանց թիվն անցնելու է 2 միլիոնը, եւ եւս 2 միլիոն ու ավելի՝ դեկտեմբերին։ Արդեն նախնական գնահատականով երեւում է, որ այս տարի ուղեւորահոսքի աճը նախորդ տարվա 160 հազարի համեմատ ահռելի է լինելու՝ անցնելով 500 հազարը, այսինքն՝ եռակի բարձր։ Եվ հանելուկ է մնում, թե ինչ ասել է «բնականոն», երբ մարդիկ իրար տրորելով են մտնում վագոն ու 100 դրամ վճարելով էլ, փոռուփոշման դուրս գալիս կայարանից։

Եվ, միաժամանակ, եթե ուղեւորահոսքը շեշտակի ավելացել է, հետեւապես, մետրոպոլիտենի եկամուտները եւս ավելացել են։ Սակայն ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ մետրոպոլիտենի ղեկավարությունը նոր շարժակազմ չեն գնում։ «Մեր բոլոր վագոնները շատ հին են` 70-ական թվականների վագոններ են, ժեշտը փտած է։ Վրայից ներկում, դզում-փչում են, բայց ոչ մի նոր շարժակազմ չունենք։ Երկու շաբաթ առաջ էլ, կհիշեք՝ որ 100 դրամները նոր սկսեցին պահանջել, հենց այդ օրը մեզ մոտ վագոններ փչացան»,- նշեց կայարաններից մեկի աշխատողը։ Նա էլ իր հերթին էր գանգատվում ուղեւորներից, որոնք «ինչ լինում է», իրենից են պահանջում։ «Բայց մենք ի՞նչ մեղավոր ենք, մենք հասարակ աշխատող ենք, էս ֆորման որ հանում ենք, դառնում ենք ձեզ նման հասարակ ուղեւորներ, ու մեզ էլ է հետաքրքրում, թե ինչու նոր գնացքներ չեն գնում»,- ասում է կինը։ Այս հարցի պատասխանն էլ մետրոյի ղեկավարությունն ունի․ պարզվում է՝ նոր շարժակազմ գնելը չափից դուրս թանկ հաճույք է Երեւանի համար։ «1 վագոնն արժե մոտ 1,5-2 մլն դոլար, երեք վագոնով շարժակազմ ունենալու համար արդեն մոտ 3 մլն եւ ավելի է պետք։ Միայն գնացքը չէ, նորոգումներ ենք իրականացնում, շարժասանդուղքն ենք նորոգում, հազար ու մի աշխատանքներ կան՝ 43-44 տարվա մետրո է, որն ամբողջական չի արդիականացվել։ Հիմա, օրինակ, «Գործարանային» եւ «Սասունցի Դավիթ» կայարաններում հիմնովին փոխում ենք շարժասանդուղքները»,- ասում է Երեւանի մետրոպոլիտենի մամուլի պատասխանատու Աննա Ասլանյանը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930