Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տրամաբանությամբ՝ ավելի լավ է գերեվարվածները փտեն թուրքական բանտերում, քան թե ընդդիմությունը վաստակի «կապիտալը». «Ազգ»

Նոյեմբեր 15,2024 09:30

Մեր պետականության համար իսկական պատուհաս դարձած ՔՊ-ական խմբակը միաձայն եւ միահամուռ մերժեց ընթացք տալ Բաքվի բանտերում ավելի քան մեկ տարի կտտանքների եւ անարգանքի ենթարկվող արցախյան ռազմաքաղաքական ղեկավարության եւ գերեվարված մյուս պատանդների ազատ արձակումը պահանջող ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած օրինագծին: Առարկությունը՝ «նման հայտարարությունը ի՞նչ կփոխի գերեվարվածների կյանքում»…

… Առարկությունների շարքում, խորհրդարանի այդ նիստի ընթացքում, շեդեւրը (chef-d oevre) հնչեց Կիլիկյան թագավորության հիմնադիր տոհմի անուն-ազգանունը կրող ՔՊ-ական պատգամավորի կողմից: Նա ամբաստանեց օրինագիծը ներկայացնող կողմին պատանդների հարցը «կապիտալի» վերածելու համար: Այսինքն, եթե օրինագիծն ընդունվի, ապա ընդդիմադիրները կշահեն, եթե չընդունվի, կկորցնեն թանկագին «կապիտալը»: Հետեւաբար, պետք է մերժել օրինագիծը: Քանի որ, թուրք բանագնաց Քլըչի հայ արքադաշի տրամաբանությամբ, ավելի լավ է գերեվարվածները փտեն թուրքական բանտերում, քան թե ընդդիմությունը վաստակի «կապիտալը»:

Սպասում էի, որ պատգամավորներից մեկն ու մեկը, ընդդիմադիր թե իշխանական կողմից, վեր կկենա եւ խորհրդարանին կառաջարկի ընդունել նախագիծը եւ «ախպերավարի» կիսել «կապիտալը»

Ի դեպ, առաջին անգամ չէ, որ խորհրդարանի ՔՊ-ական մեծամասնությունը, միշտ միեւնույն Առաջնորդի հրահանգով, մերժում է Արցախին եւ արցախահայությանը վերաբերող որեւէ նախագիծ կամ բանաձեւ: Դրանցից ամենակարեւորը, ես կասեի՝ ամենաճակատագրականը եղել է 2023 թ. մարտի 21-ին Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման վերաբերյալ ընդդիմության բերած հայտարարության մերժումը, երբ ՔՊ-ն չմասնակցեց քվեարկությանը ու լքեց դահլիճը: Դրանով փաստորեն (de facto) վավերացվեց Արցախն ու արցախցուն լքելու Ն. Փաշինյանի միանձնյա որոշումը: Այդ նիստում խորհրդարանը չանդրադարձավ նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի որոշմանը, որը պարտավորեցրել էր Ադրբեջանին երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների երթեւեկը եւ ապահովելու նրանց կենսագործունեությունը, որով վերջ կտրվեր ազգաբնակչության սովահարությանը:

Հետեւանքը գիտենք բոլորս:

Տխուր հետեւանքը բացառված չէ նաեւ այս անգամ, երբ մերժվում է 32 մեր պատանդների ազատարձակման պահանջագրի ընդունումը, մերժվում է միանալ միջազգային կազմակերպությունների, միջազգային ամենահեղինակավոր դեմքերի հայտարարություններին, մերժվում է դիվանագիտական որեւէ քայլ ձեռնարկել այդ ուղղությամբ, մանավանդ այս օրերին, երբ Բաքվում, գոնե համաշխարհային մամուլի մակարդակում, երկրագնդի տաքացման հարցի քննարկումներից ավելի արծարծվում են ալիեւյան վարչակարգի չարագործությունների, մարդու եւ ազգերի իրավունքների խախտումների, պետության կոռումպացվածության հետ կապված փաստերը:

Կարող էինք միասնաբար շահել «կապիտալը»:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930