«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները 30 տարի աջակցել էին Հայաստանին. մեկը զենք էր տալիս, մյուսը՝ փող, երրորդը՝ ե՛ւ զենք, ե՛ւ փող, ե՛ւ քաղաքական աջակցություն՝ մի նպատակով, որ մեր հողերը մնան մշտական օկուպացիայի տակ». Ալիեւը հերթական անգամ անկեղծացել է ու դժգոհել:
«Մենք արել ենք ու կանենք ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Անդրկովկասում ամուր խաղաղության համար», անցյալ շաբաթ Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի՝ հավատարմագրերի հանձնման միջոցառման ժամանակ նշել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, թե շարունակելու են աջակցել խաղաղության պայմանագրի, սահմանազատման ու ապաշրջափակման շուրջ աշխատանքներին՝ «2020-22թթ. ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնություններին համահունչ»: «Չեմ կարող չհայտնել գոհունակությունս, որ Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդները օգտվեցին BRICS-ի գագաթնաժողովի հարթակից ու սկզբունքային հարցերի շուրջ կարեւոր զրույց ունեցան՝ ամուր խաղաղության հասնելու համար», – ասել էր Պուտինը։
Հիշեցնենք, որ Կազանում հոկտեմբերի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպեցին, որից հետո նախ Հայաստանի, ապա Ադրբեջանի նախագահները հրամանագրերով վավերացրեցին հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։
Հայ-ադրբեջանական կարգավորումից էր խոսել նաեւ Ռուսաստանի արտգործնախարարը՝ պնդելով, թե Մոսկվայում վստահ են, որ առանց Երեւանի ու Բաքվի դիրքորոշումների համապարփակ հաշվառման ու «գետնի վրայի իրողությունները հաշվի առնելու վաղահաս խաղաղությունը որեւէ լավ բանի չի հանգեցնի», ընդհակառակը՝ լարվածության ու հակամարտության հնարավոր էսկալյացիայի ռիսկ կստեղծի։ Ռուսական ՀԼԸ-ին տված հարցազրույցում Սերգեյ Լավրովը նշել էր, որ Երեւանի ու Բաքվի միջեւ կարգավորման համար ոչ միայն էական ջանքեր, այլեւ ժամանակ է պետք. «Հենց այդ պատճառով ի տարբերություն արեւմտյան պսեւդոմիջնորդների՝ գործընկերներին խաղաղ պայմանագրի հապճեպ ստորագրման չենք դրդում»։ Լավրովը կոնկրետ անուններ չէր նշել։ Ողջունելով հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացում զգալի առաջընթացը՝ Ռուսաստանի ԱԳ նախարարն էլ իր հերթին խաղաղության գործընթացը տարածաշրջանային մակարդակում ամրագրելու կարեւորությունից ու «արտաքին դեստրուկտիվ միջամտության» բացառումից էր խոսել. «Հայ -ադրբեջանական կարգավորման գործընթացից Ռուսաստանին դուրս հանելու Վաշինգտոնի եւ Բրյուսելի ցանկությունը միայն մեծացնում է տարածաշրջանում անվտանգության սպառնալիքները»։
Կարդացեք նաև
Մոսկվան ակնհայտորեն շեշտում է, որ Հայաստան-Ադրբեջան հնարավոր համաձայնությունները պետք է կայանան ռուսական հովանու ներքո կայացած «2020-22թթ. ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնություններին համահունչ» եւ բացի այդ, Արեւմուտքը պետք է հեռու մնա այդ գործընթացից:
Անցյալ շաբաթ Ղրղըզստանի մայրաքաղաքում կայացավ Թյուրքական պետությունների կազմակերպության 11-րդ գագաթնաժողովը, որի հիմնական թեման էր՝ «Թյուրքական աշխարհի ամրապնդում՝ տնտեսական ինտեգրացիա, կայուն զարգացում, թվային ապագա եւ անվտանգություն բոլորի համար»։ Գագաթնաժողովին մասնակցեցին կազմակերպության անդամ երկրների ղեկավարները, ինչպես նաեւ դիտորդ երկրների ներկայացուցիչներ։ Այս գագաթնաժողովի շրջանակում տեղի էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որի ընթացքում նրանք անդրադարձել էին Ադրբեջանում կայանալիք COP29-ին, մի շարք ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացմանը:
«30 տարի անց Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ճանապարհը բաց է», հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության դարաշրջան է մոտենում։ Հուսով ենք՝ Ադրբեջանը կամրապնդի իր պատմական հաջողությունը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելով»,-հավելել էր Էրդողանը։ Իսկ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նշել էր. «Մենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համաձայնագիրը շատ կարեւոր ենք համարում տարածաշրջանում կայունության եւ խաղաղության համար: Մենք գոհ ենք, որ կողմերը համաձայնության են եկել: Վերջին սահմանային համաձայնագիրն այս առաջընթացի լավ օրինակ է: Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի ստորագրումից հետո Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները նույնպես կկարգավորվեն»։
Թուրքիայից հնչող դրական ակնկալիքներին զուգահեռ Բաքուն անցյալ շաբաթ մի քանի առիթներով անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման հնարավորություններին: Մի առիթը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից նոյեմբերի 8-ին Բաքվի «Հաղթանակի զբոսայգում» հնչեցրած ելույթն էր: «Որոշ արեւմտյան հովանավորներ ուզում են Հայաստանից «խաղաղության աղավնի» սարքել։ Իբր այս 30 տարվա օկուպացիան չի եղել, ավերածություններ չեն եղել, դաժանություններ չեն եղել, Խոջալուի ցեղասպանություն չի եղել։ Մեր մզկիթների ավերումը, մեր գերեզմանների ավերումը, ամբողջ Ղարաբաղի ու Արեւելյան Զանգեզուրի ավերածությունները, կարծես թե, չեն եղել։ Այսինքն՝ ուզում են ստիպել միջազգային հանրությանը մոռանալ այդ մասին։ Բայց մենք դա երբեք չենք մոռանա, եւ Ադրբեջանի ժողովուրդը երբեք չպետք է մոռանա դա։ Մեզանից հետո եկող սերունդները պետք է իմանան այս պատմությունը եւ երբեք չմոռանան այն, ինչպես մենք 30 տարի շարունակ չենք մոռացել Ղարաբաղը եւ քայլ առ քայլ մոտեցել ենք այս Հաղթանակին։ Այս պատմական հիշողությունը երբեք չպետք է ջնջվի մեր հիշողությունից», նշել էր նա:
«Մենք պատերազմն ավարտեցինք ճիշտ ժամանակին։ Ես պատերազմի առաջին իսկ օրերին հայտարարել էի, որ թշնամին պետք է մեզ տրամադրի մեր տարածքներից դուրս գալու ժամանակացույց՝ նշելով, թե որ տարածաշրջանից երբ է դուրս գալու, եւ միայն դրանից հետո մենք կդադարեցնենք պատերազմը։ Սակայն որոշ մարդիկ, եւ դա բնական էր, կարծում էին, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի կարողանա դիմադրել այս միջազգային հայամետ ուժերի ճնշումներին, եւ մեր ժողովուրդն անհանգստացած էր, որ գործը կիսատ կմնա։ Դա բնական էր, քանի որ Ադրբեջանն այնքան էլ մեծ պետություն չէ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները 30 տարի աջակցել էին Հայաստանին. մեկը զենք էր տալիս, մյուսը՝ փող, երրորդը՝ ե՛ւ զենք, ե՛ւ փող, ե՛ւ քաղաքական աջակցություն՝ մի նպատակով, որ մեր հողերը մնան մշտական օկուպացիայի տակ։ Դրա համար էլ ադրբեջանական ժողովրդի մի մասը անհանգստացած էր, որ պատերազմը կիսատ կմնա, մենք չենք կարողանա հասնել մեր նպատակին, ինչ-որ մեկը մեզ կկանգնեցնի։ Բայց ես ասացի՝ ո՛չ, ոչ ոք չի կարող մեզ կանգնեցնել, մենք կկռվենք մինչեւ վերջ, կվերականգնենք արդարությունը, միջազգային իրավունքը եւ Հայաստանին ցույց կտանք իր տեղը», նշել էր Ալիեւը, նաեւ մատնանշելով Շուշիի գրավման փաստը եւ նոյեմբերի 9-ին ստորագրված, նրա խոսքով` «կապիտուլյացիայի ակտը», նկատել է Ադրբեջանի նախագահը։
Ըստ Ալիեւի` «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի եւ հակաահաբեկչական գործողությունների արդյունքները բավարար են, որպեսզի Հայաստանը ճիշտ քայլեր ձեռնարկի»։ Սակայն նա նաեւ հավելել է. «Կա մեկ կարեւոր հանգամանք, որը չպետք է մոռանանք. այսօր հակաադրբեջանական ուժերը, որոշ արեւմտյան մայրաքաղաքներում բնակվող իսլամոֆոբները եւ ադրբեջանաֆոբները փորձում են Հայաստանին դրդել նոր պատերազմի։ Սա Հայաստանի պետության համար կարող է լրիվ աղետ լինել։ Ես բազմիցս, ինչպես պաշտոնական ելույթներիս ժամանակ, այնպես էլ շփումների ընթացքում, փորձել եմ նրանց բացատրել, որ խուսափեն այդ սադրանքից։ Նրանց համար իրենց շահերն ապահովելու համար, այսպես կոչված, «բարեկամ» արեւմտյան երկրները պատրաստ են Հայաստանը զոհաբերել՝ տարածաշրջանում նորից արյունահեղություն հրահրելու եւ սեփական շահերը սպասարկելու համար, որ նորից կարողանան պղտոր ջրում ձուկ որսալ: Դեռեւս ուշ չէ, Հայաստանը պետք է հրաժարվի այս ռազմականացման քաղաքականությունից եւ վերջ տա դրան։ Ես բազմիցս ասել եմ այդ մասին, եւ բավարար է, որ նրանք իմ խոսքին ուշադրություն դարձնեն։ Նրանք երբեք չեն կարող մեզ հետ մրցակցության մեջ մտնել։ Մենք պատերազմ չենք ուզում։ Մենք հասել ենք մեր նպատակին, ապահովել ենք մեր տարածքային ամբողջականությունը եւ պետական ինքնիշխանությունը։ Մեր բոլոր սահմաններում տարածքային ամբողջականությունը վերականգնվել է, եւ նախկին բռնի տեղահանվածները, փախստականները վերադառնում են իրենց հայրենի հողերը: Մենք այժմ զբաղված ենք վերակառուցման աշխատանքներով։ Մեր համար հիմնական խնդիրը հենց դա է։ Սակայն, երբ տեսնում ենք, որ Հայաստանը եւ նրա հետեւում կանգնած, Ադրբեջանին թշնամական հայացքով նայող եւ մեզ սառը պատերազմ հայտարարած ուժերը զինում են Հայաստանին, մենք ստիպված ենք համապատասխան քայլեր ձեռնարկել»:
Այսպես, Ալիեւը պնդել է, թե արեւմտյան մայրաքաղաքները հրահրում են Հայաստանին գնալ նոր առճակատման: «Օկուպացիայի երեսնամյա պատմությունն անհնար է ջնջել մեր հիշողությունից։ Երբե՛ք։ Յուրաքանչյուր ոք, որ կցանկանա փորձել մեր ուժը, կրկին պարտություն կկրի եւ միայն կխայտառակվի։ 44-օրյա հայրենական պատերազմն ու հակաահաբեկչական գործողությունը ոչ միայն Հայաստանի պարտությունն է, այլեւ դառը ու ստորացուցիչ պարտությունը նրանց, որ կանգնած էին Հայաստանի ետեւում», – նշել է նա։
Կոնկրետ երկրներ ու անուններ Ալիեւը չի տվել, սակայն պարզ է, որ նրա մեղադրանքի սլաքն Արեւմուտքի ուղղությամբ է։
Արդեն նոյեմբերի 10-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովի նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանի փոխանցմամբ` Շոլցը Ալիեւի հետ քննարկել է Երեւանի հետ խաղաղ բանակցությունների վիճակը եւ վերահաստատել է Գերմանիայի պատրաստակամությունը՝ նպաստել երկու երկրի միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը:
Ալիեւը փոքր-ինչ խաղաղասիրական դիրքերից է հանդես եկել, իր հերթին ընդգծելով, թե Բաքուն է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ պայմանագրի նախաձեռնողը: Նա նշել է, թե «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային հավակնությունները դեռեւս պահպանվում են»։ Ալիեւի խոսքով՝ Հայաստանի կողմից «փաստաթղթի տեքստի ձգձգումները բացասական են ազդել գործընթացի վրա, սակայն չնայած դրան, կողմերը մոտ են փաստաթղթի տեքստի հարցով վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերմանը»:
Ագրեսոր Ալիեւը բարձրաձայնել է, որ Արցախում բարձունքները գրավելը հեռահար նպատակ է հետապնդել։ «Այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց կարեւոր բարձունքների վրա, Ղարաբաղում եւ Հայաստանում պարզ էր՝ կամ նրանք կենթարկվեն Ադրբեջանի օրենքներին, կամ կհանձնվեն, կամ կկործանվեն: Մենք նրանց ընտրություն ենք տվել, բայց նրանք դեռ ճիշտ որոշում չեն կայացրել, դեռ հավատում էին, որ ինչ-որ մեկն իրենց կօգնի, ինչ-որ մեկը կստիպի Ադրբեջանին հրաժարվել իր գործից»,- նշել է Ալիեւը։
Ահա, այսպես նա նշել է, որ ընդամենը մի քանի ժամում 2023թ. սեպտեմբերին իրականացված գործողությունը նրանց եւս մեկ դաս է եղել ու հիմա Ղարաբաղի հողի վրա արցախցիների հետքն էլ չի մնացել։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները 30 տարի աջակցել էին Հայաստանին. մեկը զենք էր տալիս, մյուսը՝ փող, երրորդը՝ ե՛ւ զենք, ե՛ւ փող, ե՛ւ քաղաքական աջակցություն՝ մի նպատակով, որ մեր հողերը մնան մշտական օկուպացիայի տակ», Ալիեւի մշտական մորմոքի առիթը` ԵԱՀԿ ՄԽ-ն է, իսկ այժմ էլ` ՀՀ ինքնիշխան տարածքում ներկայություն ունեցող ԵՄ դիտորդական առաքելությունը:
Միայն նրա չհանդարտվող դժգոհության այս աստիճանը բավական է, որպեսզի պարզ լինի, թե որ ուղղությամբ պետք է Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուներն աշխատեն ու գործեն:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 13.11.2024