Լրահոս
Օրվա լրահոսը

Վկայություններ են հավաքվել 330 վկաների հարցազրույցներից

Նոյեմբեր 15,2024 13:30

Փաստահավաք զեկույցը հաստատում է՝ Լեռնային Ղարաբաղում փաստագրված գործողությունները հանդիսանում են ռազմական հանցագործություններ եւ մարդկության դեմ հանցագործություններ

2024 թվականի նոյեմբերի 8-ից մինչ երեկ ադրբեջանական թելեգրամյան ալիքները տարածում էին օկուպացված Ստեփանակերտում գտնվող «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի լուսանկարները, տեսանյութերը: Վանդալիզմի հերթական երեւույթին ականատես եղան շատերը. հուշարձանի ետնամասը պատված է մեծաքանակ գրություններով՝ հիմնականում հուշարձան այցելած ադրբեջանցիների անուններ, ազգանուններ, բնակավայրերը ցուցող տեղանուններ, հայերին եւ Հայաստանը ծաղրող գրառումներ: Հուշարձանի շրջակա տարածքը վնասված էր: Մեկ այլ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածված լուսանկարների՝ նույն ժամանակահատվածում ոչնչացվեց Ստեփանակերտի զոհված ազատամարտիկների պանթեոնը։ «Գեղարդ» հիմնադրամը հաղորդագրություն տարածեց, որում հայտնում էր. «Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը թիրախավորված պղծում եւ ոչնչացնում է Արցախի եղբայրական գերեզմանոցներն ու արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրները»:

Ու այս ամենը կատարվում է «Խաղաղության պայմանագիր» կնքել-չկնքելու համատեքստում, Հայաստանն ու հայ ժողովուրդն անցնում է համբերության փորձաշրջան, իսկ ազերիները՝ վրեժի փորձաշրջան:

Պետությունը լռում է, պետական ինստիտուտները բերանները ջուր առած՝ անգամ դատապարտող հայտարարություններ անելուց են վախենում, որպեսզի իրենց կարծիքով չվնասեն «ԽՊ փորձաշրջանը»:

Ու այս օրերին իրավապաշտպան կազմակերպություններից մեկը բարձրաձայնեց մի զեկույցի մասին, որը հետագայում պետք է ներկայացվի Միջազգային քրեական դատարան:

«Ինչո՞ւ Լեռային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցը երկլեզու է՝ հայերեն եւ անգլերեն:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկացնելով զեկույցի մասին, նշում է, որ այն ներկայացնում է Լեռնային Ղարաբաղում ապրող էթնիկ հայերի իրավիճակը 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ավարտից մինչեւ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական վարչակարգի ռազմական հարձակումը, ինչպես նաեւ դրա հետեւանքները։

Ըստ իրավապաշտպան կազմակերպության՝ զեկույցը բացահայտում է բազմաթիվ խոշոր խախտումներ մարդու իրավունքների, միջազգային մարդասիրական իրավունքի եւ միջազգային քրեական իրավունքի նկատմամբ, որոնք իրականացվել են ադրբեջանական իշխանությունների կողմից՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության դեմ: Դրանք ներառում են արտադատական սպանություններ, բազմամսյա շրջափակում, հարկադիր տեղահանություն, ինչպես նաեւ տեղահանությունից հետո մշակութային ջնջման եւ գույքի ոչնչացման քաղաքականություն։

Ամբողջական զեկույցը վկայություններ է հավաքել 330 վկաների հարցազրույցներից, որոնք ներկայացնում էին Լեռնային Ղարաբաղի 107 համայնքներից 71-ը: Այն մանրամասնում է 2024 թվականի հունիսին հրապարակված նախնական բացահայտումները՝ լրացուցիչ փաստագրված ապացույցներով եւ վերլուծություններով 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական հարձակման, դրան հետեւած Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի տեղահանման եւ դրա հետեւանքների վերաբերյալ, ընդգրկելով մանրամասներ բոլոր այն ուղիների վերաբերյալ, որոնցով բնակիչները տարհանվել են։

Զեկույցի համաձայն, էթնիկ հայ բնակիչների իրավունքներն ու ազատությունները բազմիցս ոտնահարվել են։ Փաստահավաք խումբը փաստագրել է բնակիչների կյանքի, առողջության, սննդի, տեղաշարժի ազատության, համապատասխան կենսապայմանների, ազատության եւ անձնական անձեռնմխելիության, կրթության եւ սեփականության իրավունքների խախտումների մասին: Խախտվել են նաեւ մշակութային իրավունքները։ Էթնիկ հայերը նաեւ ենթարկվել են խոշտանգումներից եւ վատ վերաբերմունքից զերծ՝ ապրելու իրենց իրավունքների խախտմանը։ Հանցագործները դիտավորյալ սպանել են խաղաղ բնակիչների՝ նույնիսկ խաղաղապահների ներկայությամբ, եւ օգտվել են բացարձակ անպատժելիությունից։ Սա էլ ավելի է խորացրել անապահովությունը եւ սարսափի մթնոլորտը բնակչության շրջանում մինչեւ 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած զանգվածային տեղահանությունը։

Խախտումները Լեռնային Ղարաբաղում շարունակվում են՝ հայկական մշակութային եւ պատմական ներկայությունը ջնջելու տեսքով։ Սա ներառում է հայկական մշակութային հուշարձանների, եկեղեցիների, գերեզմանատների եւ բնակելի թաղամասերի պլանավորված կամ արդեն իրականացված ոչնչացումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930