Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Վճռաբեկ դատարանի՝ ստորադաս դատարաններում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք

Նոյեմբեր 15,2024 13:00

Քաղաքացիական գործերով առաջին անգամը չէ, որ առաջին երկու դատական ատյաններում անցնելուց հետո, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ երկու դատարանների գործը չէր դա:

Նոյեմբերի 11-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը գրավոր ընթացակարգով քննելով Մխիթար Ալումյանի բողոքն ընդդեմ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության՝ արտաժամյա աշխատանքի դիմաց չվճարված վարձատրության գումարը բռնագանձելու պահանջի մասին,  հանգել է այն եզրակացության, որ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության դեմ պահանջը «հանրային ծառայության իրականացման հիմքով առաջացած վեճ է, որի քննությունը վերը նշված իրավական վերլուծությունների հիմքով ընդդատյա է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին»: Ըստ Վճռաբեկ դատարանի՝ ստորադաս դատարաններում առկա է եղել գործի վարույթը կարճելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմք, այն է՝ գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով, ուստի անկախ վերաքննիչ բողոքի հիմքերից ու հիմնավորումներից՝ դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է եղել անվերապահ բեկանման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Մխիթար Ալումյանն աշխատել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում, որպես Հրազդանի էներգետիկ համակարգի պահպանության վաշտի 1-ին դասակի ոստիկան։ Նա 2002 թվականի սեպտեմբերից մինչեւ 2011 թվականի սեպտեմբերի 30-ը 24 ժամ ծառայելուց հետո, օրենքով նախատեսված 72 ժամի փոխարեն հանգստացել է 48 ժամ, սակայն պատճառ հանդիսացել է Հրազդանի էներգետիկ համակարգի պահպանության համար նախատեսված անձնակազմի ամբողջությամբ համալրված չլինելու հանգամանքը, որի պատճառով ղեկավարությունը ստիպված է եղել համակարգի պահպանությունն ապահովելու համար ծառայության գրաֆիկները կազմել հանգստի օրեր տրամադրելով 48 ժամ, այսինքն՝ հայցվորը ներգրավված է եղել արտաժամյա աշխատանքի, որը օրենքով սահմանված կարգով ենթակա է փոխհատուցման: Սակայն պատասխանող կազմակերպությունը արտաժամյա աշխատանքի վարձատրության գումարը նրան չի վճարել: Ի դեպ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել, ապա հանցակազմի բացակայության հիմքով կարճվել էր այն, Ալումյանին էլ բացատրվել էր քաղհայցով դատարան դիմելու իրավունքի մասին: Առաջին ատյանի դատարանը բավարարել էր հայցապահանջը, իսկ Վերաքննիչ դատարանի այս տարվա հուլիսի 4-ի վճռով ոստիկանության բողոքն էր բավարարվել, վճիռը բեկանվել եւ փոփոխվել էր:

ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն հետեւության, որ հանրային ծառայողի գործունեության հետ կապված հարցերը, որոնք չեն բխում նրա վարչաիրավական կարգավիճակից, կրում են աշխատանքային բնույթ, իսկ դրանց իրավակարգավորման հիմքը ՀՀ աշխատանքային օրենսգիրքն է եւ հանրային ծառայության վերաբերյալ օրենքների համապատասխան դրույթները: Հետեւաբար դրանք պետք է դիտարկվեն միասնության մեջ` որպես մեկ իրավակարգավորում: Դատարանը հղում էր կատարել Արտաշես Արտաշեսյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/2087/05/12 վարչական գործով իր որոշմանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930