Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի վատ զարգացումներ հնարավոր են

Նոյեմբեր 15,2024 14:00

Եթե 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտն ազդարարած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը սթափ եւ սառը դատողությամբ գնահատեինք, այսօր ավելի բարվոք իրավիճակ կունենայինք:

Ինչ խոսք՝ պատերազմի արդյունքում հայկական կողմը կրեց տարածքային մեծ կորուստներ, այդ թվում՝ նախկին ԼՂԻՄ-ի տարածքից, հազարավոր հայորդիներ մարտիրոսվեցին:

Չնայած այս դաժան իրականությանը, ամեն ինչ կորած չէր: Արցախ կար, հայկական էր, ացախցիների մեծամասնությունն էլ շարունակում էր ապրել իր բնօրրանում:

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը կապիտուլյացիա չէր

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը իր տխրահռչակությամբ հանդերձ կապիտուլյացիա չէր, որքան էլ «Հայրենիքի փրկության շարժումը» փորձեր դա այդպես ներկայացնել: Ընդդիմության պնդումները, թե ավելի վատ չի կարող լինել, սխալ դուրս եկան: Արցախին եւ Հայաստանին ավելի դաժան օրեր էին սպասվում:

Սա մեղադրանք չէ «Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցների եւ բոլոր մտահոգ քաղաքացիների հասցեին, քանի որ, իսկապես, նոյեմբերի 10-ի առավոտյան ամեն ինչ ավարտված էր թվում: Թվում էր, թե ավելի վատ բան չի կարող պատահել:

Հասունացող աղետը

Նիկոլ Փաշինյանը Հայաստանին եւ Արցախին տարավ դեպի պատերազմ: ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված «լավրովյան պլանի» շուրջ չբանակցելը, «Արցախը Հայաստան է եւ վերջ» հռչակելը խոսում էին ՀՀ իշխանությունների ոչ կոմպետենտ լինելու մասին: Նիկոլ Փաշինյանի թիմի մեղավորությունն ու պատասխանատվությունը քննարկման ենթակա չեն:

Տրամաբանական կլիներ նաեւ Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ից հետո, կամ գոնե 2021-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, իշխանության նկատմամբ հավակնություն չունենալը:

Այսուհանդերձ, վարչապետ Փաշինյանի ապաշնորհությունը դեռ ամբողջովին բացահայտված չէր։ Արցախը ճանաչելով ադրբեջանական՝ Փաշինյանն Արցախի ժողովրդին տանում էր խոշորագույն աղետի՝ էթնիկ զտման։ Հայաստանի ղեկավարն իրո՞ք հավատում էր, որ մեր հայրենակիցները կարող են արժանապատիվ կյանք վարել՝ գտնվելով Ադրբեջանի ունիտար կազմում։ Այս համատեքստում էր, որ լիարժեք դրսեւորվեց վարչապետի ապաշնորհությունը։

Նոյեմբերի 9-յան իրականությունից ավելի դաժան իրականություն էլ գոյություն ունի

Հայաստանյան իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում 2023-ի սեպտեմբերին պետք է պարզ դառնար, որ նոյեմբերի 9-յան իրականությունից ավելի դաժան իրականություն էլ գոյություն ունի:

2023 թվականի սեպտեմբերին պատմականորեն հայերով բնակեցված Արցախը հայաթափվեց: Արցախյան անկախ պետականությունը լուծարվեց: Սա շատերը, այդ թվում եւ ես, ընկալեցինք եւ շարունակում ենք ընկալել որպես մեր նորագույն պատմության ողբերգության գագաթնակետը։

Կատարվածն, առանց չափազանցության, ողբերգություն էր: Այսօր ենթագիտակցորեն ինձ թվում է, որ ավելի վատ բան հայերի հետ չի կարող տեղի ունենալ: Բայց խնդիրն այն է, որ ինձ եւ շատ-շատերին այդպես էր թվում նաեւ 2020 թվականի պատերազմի ավարտից հետո: Այսօր, սակայն, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստեղծած ստատուս քվոն, որն այդ օրերին կապիտուլյացիա էր անվանվում, շատ երանելի է թվում, քանի որ, թեեւ վիրավոր, բայց Արցախը կանգուն էր:

Իրավիճակը պայթյունավտանգ է մնում

Արցախի ամբողջական հայաթափումից հետո այսօր էլ իրականությունը դաժան է եւ անարդար: Պետք չէ բացառել, սակայն, որ ամիսներ կամ մի քանի տարի անց կարող ենք երանի տալ այսօրվա իրականությանը, ինչպես այսօր երանի ենք տալիս նոյեմբերի 9-ով առաջացած իրականությանը, երբ, անկախ ամեն ինչից, Արցախում հայն էր արարում։

Եթե սթափ դիտարկենք ներկա իրողությունները, կտեսնենք, որ ավելի վատն էլ կարող է լինել։ «Զանգեզուրի միջանցքը», «արեւմտյան ադրբեջանցիների վերադարձը», Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հռետորաբանությունը, Բաքվից հնչող պատերազմի սպառնալիքները, ՀՀ ինքնիշխան տարածքների շարունակական օկուպացիան, Հայաստանի՝ միակողմանի զիջումների գնալու պատրաստակամությունը լակմուսի թուղթ են, որոնք ապացուցում են, թե որքան պայթյունավտանգ է իրավիճակը:

Իսկ հայրենի իշխանությունների պնդումները, որ Հայաստանը զինվում է, իր ինքնիշխան տարածքից որեւէ միլիմետրի զիջում չի կատարելու, ամեն գնով պահպանելու ՝է մեր պետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը, հավատի արժանի՞ են արդյոք:

Այդ նույն իշխանությունները չէի՞ն, որ խոսում էին Արցախի՝ Հայաստանի մաս կազմելուց, անգամ չէին բանակցում նախկին ԼՂԻՄ-ին հարակից շրջանների վերադարձի շուրջ, հայտարարում՝ ԼՂ ժողովուրդը վաղուց լուծել է Արցախի հարցը, 2021-ի ընտրություններին ընդառաջ էլ խոստանում Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա եւ «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառում:

Ամփոփելով՝ պետք է խուսափել մտածել, թե ամեն ինչ ավարտված է, եւ կատարվածից ավելի վատ բան կատարվել հնարավոր չէ:

«Վերջ: Ամեն ինչ ավարտվեց մեզ համար»: Այդպես մտածեցինք 44-օրյայից հետո: Սխալվեցինք: Կարեւոր է, որպեսզի նույն ծուղակում այսօր էլ չհայտնվենք, քանզի Հայաստանի գլխին շարունակում է ոչնչացման վտանգ կախված մնալ: 2020-ի եւ 2023-ի պատերազմներից ավելի վատ զարգացումներ հնարավոր են, ադրբեջանական հարձակում Հայաստանի վրա եւ տարածքների գրավում հնարավոր է: Նոր զոհեր, կրկին, հնարավոր են: Հայկական պետականության կորուստ հնարավոր է:

Վերոգրյալը հնարավոր է, ով էլ լինի իշխանության, բայց գործող իշխանությունների օրոք ականատես ենք եղել մի շարք դժոխային եւ ողբերգական իրադարձությունների, ինչը բավարար հիմքեր է ստեղծում նրան անվստահություն հայտնելու համար։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930