Լրահոս
Օրվա լրահոսը

Գրողները կնշեն ՀԳՄ 90-ամյակը, բայց չեն մոռանա տարածքների ու դատական գործընթացների մասին

Նոյեմբեր 14,2024 23:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի գրողների միությունը (ՀԳՄ) նշում է հիմնադրման 90 տարին: Միությունը շուրջ 600 անդամ ունի: Սփյուռքում ստեղծագործող անդամների թիվն էլ 150 է: Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ ստեղծագործական միությունները աջակցում են ստեղծագործողի, բնագավառի զարգացմանը, սոցիալական, ստեղծագործական, այլ հարցերի ապահովմանը, միջազգային կապերի հաստատմանը, գրողների թարգմանական հնարավորությունների ընդլայնմանը:

Նա հավելեց, որ իրենց կազմակերպած Թարգմանչաց տոների նպատակը հայ գրականության տարածումն է , ինչպես նաեւ այլ երկրների գրական հայտնի գործերի թարգմանությունը, ինչի արդյունքում մեր թարգմանական դաշտն է հարստանում եւ հայ գրականությունն է հրատարակվում արտասահմանում:

ՀԳՄ նախագահը հավելեց, որ միության աշխատանքը նաեւ ստեղծագործողների հանգիստը ապահովելն է, աշխատանքների ներկայացումը: Նշեց, որ պարբերաբար կայանում են գրքերի շնորհանդեսներ, պլենումներ, քննարկումներ, աշխատանք գրականության ինստիտուտի, բուհերի, թանգարանների ու դպրոցների հետ:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ մանկական գրականության շաբաթին, Գիրք նվիրելու օրվա առիթով դպրոցներում գրողների հետ հանդիպումներին, հոբելյաններին, Սփյուռքի, Արցախի գրողների հետ աշխատանքին, ՀԳՄ գրական մամուլին: Միլիտոնյանը նշեց, որ վերջերս էլ Ծաղկաձորում կազմակերպվել է երիտասարդ գրողների հավաք եւ մրցանակաբաշխություն՝ ՀԲԸՄ-ի հետ համատեղ: Ընդգծեց, որ երիտասարդները հնարավորություն են ունենում հրատարակվելու «Գրեթերթում» :

Վաղը հոբելյանի առիթով միջոցառում է նախատեսվում Հայաստանի գրողների միությունում, որտեղ ՀԳՄ նախագահի խոսքով, ի թիվս այլնի անդրադարձ կարվի, թե վերջին 50 տարվա կտրվածքով ինչ է արվել, ինչպես է միությունը համախմբել իր խոսքով՝ վերջին հարյուրամյակի գրականության մեծերին: Տեղեկացանք, որ ՀԳՄ տարածքների մասին էլ կխոսեն ե՛ւ միության նախագահը, ե՛ւ փաստաբանը:

«Մեր բոլոր հիմնավորումները ներկայացրել ենք փաստաբանի միջոցով՝ եւ ՀԳՄ շենքի եւ Սեւանի ու Ծաղկաձորի մեր ստեղծագործական տների հետ կապված, հիմա գործերը դատական ընթացքի մեջ են: Մյուս ստեղծագործական միությունները եւս նույն վիճակում են: Մեր միության անդամները, նաեւ սփյուռքահայ գրողները նույնպես մտահոգ են եւ նամակներ են գրում պաշտոնյաներին: Գարնանը կայացած համաժողովին մենք ստեղծագործական միություններով կառավարությանն առաջարկել ենք, որ մեզ մնա արդեն 25 տարվա մեր սեփականության իրավունքը՝ անշարժ գույքը չվաճառելու պայմանով»,-ասաց մեր զրուցակիցը:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930