ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հինգերորդ մրցափուլի Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպմանն ընդառաջ Red Eagles e6 FAF ֆան ակումբների երկրպագուները, թերեւս, առաջին անգամ համատեղ երթ կազմակերպեցին դեպի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ, որտեղ կայանալու էր հանդիպումը:
Հանրապետության հրապարակից քայլերթի մեկնարկից առաջ «Կարմիր Արծիվներ» ֆան ակումբի հիմնադիր Անդրանիկ Դալդումյանը լրատվամիջոցներին ասաց. « Մեր այսօրվա երթն աննախադեպ է, որովհետեւ միանալու ենք «Առաջին հայկական ճակատ» ֆան շարժման հետ եւ տարբերվում է մյուսներից, որովհետեւ այն ոչ միայն ի աջակցություն է մեր ազգային հավաքականին, այլեւ ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջ: Խոսակցություններ կային, իբրեւ թե մենք պատրաստվում ենք հանդիպումը պարալիզացնել, գործողություններ իրականացնել, որ խաղը չկայանա: Դա սուտ է: Մենք նման բան չենք պլանավորել եւ չենք էլ պատկերացնում, որ ազգային հավաքականի խաղը պետք է լինի մեր բողոքն արտահայտելու հարթակ:
Մենք անկախ արդյունքներից, միշտ Հայաստանի հավաքականի կողքին ենք մարզադաշտում եւ այսօր այնտեղ գտնվելով հենց դա ենք հաստատելու: Իսկ ինչ վերաբերում է վերջին շրջանում անհաջող մրցելույթներին, դա հաշվի չենք առնելու դրանց կանդրադառնանք ՀՖՖ ղեկավարության հրաժարականից հետո: Ինչ գործողություններ եւ վանկարկումներ են լինելու, կիմանաք քայլերթի ընթացքում եւ բուն մարզադաշտում»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին, թե ֆան ակումբները հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ ֆեդերացիայի ղեկավարությունը հնարավոր է ուժային կառույցների միջոցով ինչ-որ սադրանքների դիմի, Անդրանիկ Դալդումյանը պատասխանեց. «Մեր այդ մտավախությունը գալիս է նախկին փորձից: Բացի դրանից, վերջին շրջանում մեծ է հետաքրքրությունը եւ այս հանդիպման եւ ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջի հետ կապված, հետեւաբար, դա սպասելի է»:
Մյուս հարցին, թե անկախ այս խաղի արդյունքից, իրենք ի՞նչ ծրագրեր ու քայլեր ունեն իրականացնելու, Անդրանիկ Դալդումյանը պատասխանեց. «Այս պրոցեսը նվիրված չէ միայն Հայաստանի ազգային հավաքականի արդյունքներին, այս պրոցեսը նվիրված է ընդհանուր հայկական ֆուտբոլի արդյունքների մասին է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ