Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դա երկերեսանիության, կեղծավորության ամենավառ ապացույցն է, և դժվար է այս ամենից հետո խոսել մարդու իրավունքների մասին»․ Գեղամ Ստեփանյանը՝ COP29-ի մասին

Նոյեմբեր 14,2024 20:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ադրբեջանում COP29-ի անցկացումը Արցախի բռնազավթումից և էթնիկ զտում իրականացնելուց հետո ամենավառ ապացույցն է այն մասին, որ մենք գործ ունենք ոչ միայն պատժելիության բացակայության հետ, այլև հանցագործին խրախուսելու պրակտիկայի հետ»,-Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվող «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նա ներկայացրեց, թե արցախահայերը շրջափակման ժամանակ ինչերի միջով են անցել՝ սովի, սովամահության, զրկանքների․ «Հիմա արդեն հետադարձ հայացք նետելով, վերհիշելով, նորից վերապրելով այդ ամենն ինձ համար երբեմն նաև զարմանք է առաջացնում, թե ինչպես կարող էր մարդ արարածն անցնել այդ ամենի միջով, և ինչպես կարող է աշխարհի հանրությունն ուղղակի ոչինչ չասել։ Արձանագրվում էր սովամահության դեպք, թերսնուցման  դեպքեր, ամենախոցելի խումբը հաշմանդամություն ունեցող անձինք էին, որոնք գտնվում էին դեղերի դեֆիցիտի պայմաններում, և աշխարհից ընդամենը հայտարարություններ էինք ստանում։ Աննկարագրելի ջանքեր էր մեզնից պահանջվում, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին խնդրեինք, որ հրապարակային հանդես գային, իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվություն տային։ Սննդի բացակայության պատճառով ահազանգեր էինք ստանում երեխաների թերսնուցման դեպքերի մասին, երեխաները դասերի ժամանակ ուշաթափվում էին, մարդիկ՝ հատկապես ամառվա ժամանակահատվածում ուշաթափվում էին։ Ցավալին այն է, որ այս ամենը մնաց անպատիժ և, ավելին, ոչ միայն անպատիժ մնաց, այլև խրախուսվում է բազմաթիվ երկրների ղեկավարների կողմից COP29-ը Ադրբեջանում անցկացնելը։ Դա երկերեսանիության, կեղծավորության ամենավառ ապացույցն է։ Եվ դժվար է այս ամենից հետո խոսել առհասարակ մարդու իրավունքների և արժեքների մասին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930