Լրահոս
Օրվա լրահոսը

«Դանիել Դանիելյանն ասաց՝ ինձ խաղաթուղթ է պետք, հիմք». «Գոյի» ներկայացուցիչները կառուցողական են համարում ԿԳՄՍՆ-ում քննարկումը

Նոյեմբեր 14,2024 18:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Գոյ»  թատրոնի ներկայացուցիչներն այսօր հանդիպել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի հետ: Այս մասին Aravot.am-ին ասաց  ռեժիսոր, «Գոյի» կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը: Նա նշեց, որ այս շաբաթ այցելում են տարբեր պետական հաստատություններ՝ իրենց խոսքը տեղ հասցնելու համար, երեկ էլ իրենց ընդունել են ՄԻՊ գրասենյակում:

«Այսօր մեր պահանջով, ինչով որ նստացույց ենք արել, այսինքն` հարցին միջանկյալ լուծում տալու պահանջով, մինչեւ իրավապահ մարմինները որոշում կայացնեն, գնացել էինք ԿԳՄՍ նախարարություն: Մեկ շաբաթ է` նստացույց ենք անում, սակայն ԿԳՄՍ նախարարությունից չունեինք ոչ մի արձագանք: Դրա համար որոշեցինք  ինքներս մոտենալ եւ հասկանալ, թե ինչն ինչոց է: Ասացինք՝  ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում ենք ուզում, անհնարինության դեպքում դեմ չենք նաեւ փոխնախարարի հետ հանդիպել; Սպասեցինք, փոխնախարար Դանիել Դանիելյանն ընդունեց: 7 հոգով գնացել էինք, 7-իս էլ ընդունեց, իսկ մյուսները նստացույցի վայրում էին»,-տեղեկացրեց Սարգիս Արզումանյանը: Նրա ձեւակերպմամբ, հանդիպումը եւ  քննարկումը կառուցողական բնույթի են եղել:

«Հանդիպեցինք, ասացինք, որ եկել ենք մեր պահանջի հետեւից, այսինքն միջանկյալ լուծման հարցը քննարկելու:  Մենք կոնկրետ առաջարկով էինք գնացել, թե ինչպես կարող ենք այս հարցը լուծել: Դանիել Դանիելյանն ասաց, որ դրա համար իրեն հիմքեր են պետք, որպեսզի կարողանա ընթացք տա, եւ ներկա դրությամբ չունի հիմքեր, որպեսզի միջանկյալ լուծում տրվի հարցին: Ասաց՝ ինձ խաղաթուղթ է պետք, որ կարողանամ օգտակար լինել այդ հարցին: Նոյեմբերի 25-ին մենք ունենք դատական նիստ: Այստեղ թյուրիմացություն է առաջացել՝  դա վիճարկմա՞ն, թե՞ ճանաչման հայց է: Մենք իհարկե գիտենք, որ վիճարկման հայց է, բայց այնուամենայնիվ նիստի օրը դատարանում դատավորից կփորձենք պարզաբանում ուզել, թե ինչ հայցատեսակ է, որն էլ հիմքը կդառնա, ու կբացվի մեր թատրոնի դուռը, կաշխատենք:

Մեկ այլ տարբերակ եւս կա, որն առաջարկվեց նախարարության կողմից: Այն ժամանակ, որով  խոսում, քննարկում էինք  անկախ թատրոնի վիճակը, հիմա որպես միջանկյալ լուծում կարող ենք դա էլ քննարկել: Ինչ է դա իրենից ներկայացնում է որպես ՍՊԸ աշխատի «Գոյ»   թատրոնը, ստեղծագործի, մինչեւ դատարանը որոշում կկայացնի: Եթե դատարանը որոշեց, որ սխալ է  եղել, ՊՈԱԿ-ը վերականգնվում է, ՍՊԸ-ն այդտեղից դուրս կգա եւ արդեն ՊՈԱԿ-ով «Գոյը»  կաշխատի: Այսինքն դա միջանկյալ լուծում կլինի»,-հավելեց «Գոյի» կառավարման խորհրդի նախագահը: Նաեւ ասաց, որ այս ամենը դեռ պետք է քննարկեն իրենց իրավաբանի հետ, որպեսզի տեսնեն, թե ինչքանով են իրատեսական առաջարկները:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930