Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնական երեկոն ավարտվեց ռազմահայրենասիրական երգերի կատարումով, որի ժամանակ էլ ակունքցիների հետ երգեց ու պարեց հանդիսատեսների մեծ մասը

Նոյեմբեր 14,2024 17:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024թ․ նոյեմբերի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Ակունք»-ի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգային երեկոն: Ներկա էին համույթի մշտական երկրպագուները, մշակութային գործիչներ։

Scanner

Հաղորդավարը հակիրճ ներկայացրեց «Ակունք»-ի ստեղծման և հետագա տարիների մասին։ 2023 թվականից Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում մտած «Ակունք» ազգագրական պետական համույթը հիմնադրվել է 1974 թ. Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում՝ բանասիրական գիտությունների թեկնածու, ազգագրագետ, բանահավաք, ճանաչված երգիչ Հայրիկ Մուրադյանի դստեր՝ Մարո Մուրադյանի կողմից։ Սկզբում խմբում ընդգրկված են եղել Արևմտյան Հայաստանի Վան, Մուշ, Սասուն, Շատախ և այլ բնակավայրերից 1915 թվականին տեղահանված բնիկ հայ ազգաբնակչության առաջին կամ երկրորդ սերունդը ներկայացնող մոտ 30 հոգի։

Մատենադարանի մոտ ունեցած առաջին համերգից հետո խումբը 1977 թվականի նոյեմբերի 6-ին Երևանի պետական համալսարանում հանդես է եկել առաջին պաշտոնական ելույթով։ Դրանից հետո սկսվում են համերգները Հայաստանի գյուղերում ու քաղաքներում, Խորհրդային Միության տարբեր քաղաքներում, արտերկրում։

Այդ ընթացքում խմբի կայացմանն աջակցել են Հայրիկ Մուրադյանը, ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը, արվեստի ու մշակույթի, այլ բնագավառների ներկայացուցիչներ։ 1981-ին խումբը կոչվել է «Ակունք», 2016-ին ստացել պետական կարգավիճակ՝ շարունակելով հայ ազգային երաժշտական ու ծիսական մշակութային արժեքավոր ավանդույթները։ Նույն թվականին համույթի գեղարվեստական ղեկավար է նշանակվել կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, որն առաջին երկու տարում «Ակունք»-ին սովորեցրեց 150-ից ավելի նոր երգեր, այդ թվում՝ Կոմիտասի գրառած, բայց դեռևս չհնչած երգերը։

1979 թ․ խումբը հրավերով Էստոնիայում մասնակցում է միջազգային ազգագրական փառատոնին և հաջողություն ունենում։ 1981-ին այն պաշտոնապես գրանցվում է որպես Հայաստանի Ազգային ռադիոյի և հեռուստատեսության պետական համույթ։ Սկսվում են նկարահանումները և ձայնագրությունները։ Խմբի գործունեությանն այդ ժամանակ հաճախ է անդրադարձել նաև խորհրդային կենտրոնական հեռուստատեսությունը; Եղել են մի շարք հրավերներ՝ տարբեր հաղորդաշարերի, նկարահանվել են վավերագրական ֆիլմեր։ Համույթի երգացանկի հիման վրա և նրա մասնակցությամբ՝ նկարահանվել են «Երգի ակունքներում», «Տարոն Աշխարհ» և «Երգի վերադարձը» երաժշտական ֆիլմերը։

2007 թ. Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «Ակունք»-ն արժանացել է «Տարվա լավագույն ազգագրական համույթ» մրցանակին, ու այլ հաջողություններ։

Նոյեմբերի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչեցին ազգագրական ու ռազմահայրենասիրական երգեր՝ շատերը պարային կատարումներով։ «Գողթան մանկտիք» երգը հնչեց համույթի ներկա ու նախկին անդամների կատարմամբ՝ մեծ ոգևորություն պարգևելով հանդիսատեսին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից համույթի մի խումբ անդամներ պարգևատրվեցին շնորհակալագրերով, պատվոգրերով և նախարարության Ոսկե մեդալով։

Համերգի ընթացքում ցուցադրվում էր նաև ֆիլմ, որը պատմում էր «Ակունք»-ի անցած ճանապարհի մասին։ Տոնական երեկոն ավարտվեց ռազմահայրենասիրական երգերի կատարումով, որի ժամանակ էլ ակունքցիների հետ երգեց ու պարեց հանդիսատեսների մեծ մասը։

Խմբի գեղարվեստական ղեկավար Ա. Շահնազարյանը շնորհակալություն հայտնեց տոնական երեկոյի կայացման աջակիցներին:

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930