Լրահոս
Օրվա լրահոսը

«Չինաստանը ձգտում է ստեղծել ընդհանուր բարգավաճման աշխարհ». միջազգային գիտաժողով ԳԱԱ-ում

Նոյեմբեր 14,2024 16:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԳԱԱ-ում կայացավ «Չինաստանի արդիականացումը Հայաստան-Չինաստան հարաբերությունները» միջազգային գիտաժողովը

Սույն թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Չինաստանի արդիականացումը․ Հայաստան-Չինաստան հարաբերությունները» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի աջակցությամբ։

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝  Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չըն Մինը նշեց․ «Այս տարի լրանում է հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-ամյակը։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները շարունակել են զարգանալ առողջ և կայուն կերպով, շահավետ շարունակական համագործակցությունը տարբեր ոլորտներում նոր արդյունքներ է գրանցել, իսկ հայ-չինական բարեկամության գաղափարը թափանցել է մեր ժողովուրդների հոգու մեջ։ Որպես լավ բարեկամ և գործընկեր Չինաստանը պատրաստ է Հայաստանի հետ կիսվել արդիականացման և զարգացման իր փորձով, խորացնել փոխշահավետ համագործակցությունը և աջակցել Հայաստանի զարգացմանն ու հայ ժողովրդի կենսապահովման բարելավմանը։ Հույս ունենք ամրապնդել համագործակցությունը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակում», – ասաց Չըն Մինը։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը նշեց, որ Չինաստանի արդիականացումը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության զարգացման համար։ «Չինաստանի արդիականացումն էականորեն ազդել է նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացների վրա, փոխել համաշխարհային տնտեսության կառուցվածքը և գլոբալիզացիայի ընթացքը։ Հնարավոր չէ այսօր հասկանալ Հայաստանի շուրջ առկա արտաքին քաղաքական միջավայրը, վերջինիս վերաձևակերպման միտումներն առանց ըմբռնելու դրա վրա Չինաստանի աճող ազդեցությունը», – ասաց դեսպան Վահե Գևորգյանը։

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» կենտրոնի ներկայացուցիչ Ջոնի Մելիքյանը նշեց․ «Այսօր չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը համագործակցության նոր հնարավորություններ է բացում լոգիստիկայի և ենթակառուցվածքների ոլորտում։ Հայաստանն աշխատում է «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքների արդիականացման նախագծի իրականացման վրա։ Այս առումով, երկու նախաձեռնություններն էլ կարող են փոխկապակցվել և լավ հիմք դառնալ Երևանի և Պեկինի միջև համագործակցության առավել ամրապնդման համար»։

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը նշեց․ «Հայ չինական գիտական կապերի զարգացմանը մեծապես նպաստում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան։ Ակադեմիայի համակարգի շատ ինստիտուտներ ունեն համագործակցության լավ կապեր բարեկամ Չինաստանի գիտական կենտրոնների հետ։ Արևելագիտության ինստիտուտը հայ-չինական բարեկամության խթանող առաջամարտիկներից է։ Ինստիտուտն ունի արդեն կնքված երկու պայմանագիր Չինաստանի ԱԳՆ Միջազգային հարաբերությունների ինստիտուտի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների ինստիտուտի հետ»։

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանը նշեց․ «Չինաստանը ձգտում է ստեղծել ընդհանուր բարգավաճման աշխարհ։ Մեր գիտաժողովը հասցեարգրված է Հայաստան-Չինաստան հարաբերություններին, ինչը կարող է դիտարկվել նաև չինական արդիականացման տեսանկյունից»։

Միջոցառման շրջանակում ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չըն Մինը քննարկեցին ՀՀ ԳԱԱ-ի և Չինաստանի գիտական կառույցների միջև իրականացվող ծրագրերը և համագործակցության հեռանկարները։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930