Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ընտրական սցենարը փոխվում է․ ի՞նչ են քննարկել ՔՊ վարչության նիստում

Նոյեմբեր 14,2024 15:56

Նոյեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած ՔՊ վարչության նիստում, որի առանցքում եղել է Գյումրիում առաջացած կառավարման ճգնաժամը, քննարկվել է նաև այս քաղաքում արտահերթ ընտրությունները հետաձգելու, օրենսդրական որոշակի փոփոխություններ կատարելու ու այդ միջոցով Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու տարբերակը։

Այս մասին արդեն իսկ ակտիվ քննարկումներ են ծավալվում Գյումրու տարբեր պետական կառույցներում ու Գյումրու համայնքապետի հնարավոր թեկնածուների շրջանակում։ Նրանք հղում են տալիս նիստի մասնակիցներին՝ նշելով, որ այդ սցենարն իրագործելու դեպքում արտահերթ ընտրությունները տեղի կունենան ոչ թե դեկտեմբերի 29-ին՝ Ամանորի նախաշեմին, այլ առնվազն օգոստոսին։ Իսկ մինչ օգոստոս Գյումրին բնականաբար չի կարող մնալ առանց կառավարչի․ քաղաքն ամբողջապես կոլապսի կենթարկվի, հետևաբար և անհրաժեշտ է քաղաքապետի պաշտոնակատար նշանակել։

Նշենք, սակայն, որ Գյումրիում համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակումը ոչ իրավաչափ է։

ՔՊ վարչության նիստին ծավալված քննարկման մասին հարցազրույց է տվել նաև ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ ըստ էության հաստատելով Գյումրու համայնքապետի ժ/պ նշանակելու մտադրության մասին։

«Մեր խմբակցությունը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ամեն ինչ անելու է, որպեսզի տեղի ունենան արտահերթ ընտրություններ, բայց նաև պիտի հաշվի առնենք մի քանի հանգամանք․ բախվել ենք նաև որոշակի իրավական կազուսի։

Եվ սրա մասին նաև գրում են ընդդիմադիր որոշ հանրային, քաղաքական գործիչներ, որ այնտեղ որոշակի տարընթերցումներ կան, և իրավական կոլիզիա կա փաստացի երկու օրենքների միջև, թե երբ պետք է այդ ընտրությունները տեղի ունենան, արդյոք առհասարակ կարո՞ղ են այդ ընտրությունները տեղի ունենալ՝ առանց համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի, որովհետեւ մի շարք իրավաբաններ այդ հարցը մեկնաբանում են այսպես՝ համայնքապետն է, որ օրինակ՝ պաստառների փակցնելու տեղերն է սահմանում, օրենքով դա գրված է:

Եթե չկա համայնքապետ, ոչ ոք չի կարող դա անել: Համայնքապետն է, եթե չեմ սխալվում, գուցե շատ ուղիղ չմեջբերեմ օրենքները, որ, օրինակ՝ ընտրատեղամասերի հետ կապված կարգավորումներ է ստորագրում, ու այստեղ փաստացի որոշակի կազուսի առջև ենք կանգնած:

Մենք հիմա այս իրավական խնդիրների քննարկման փուլում ենք դեռ, որ հասկանանք՝ ի՞նչ մեխանիզմներ կան այս կազուսը շրջանցելու, կարգի բերելու համար»,-ասել է Վահագն Ալեքսանյանը։

Նա մեկ անգամ ևս կրկնել է այն միտքը, որ մի շարք իրավաբաններ ասում են, թե հնարավոր չէ գնալ ընտրությունների՝ առանց քաղաքապետի ժ/պ-ի։

«Մի հատ պիտի հասկանալ՝ ինչքանով է դա այդպես, եթե այդպես է՝ ինչ քայլեր պիտի հաջորդեն դրան։ Եթե պարզվի, որ առանց ժ/պ-ի հնարավոր չէ գնալ ընտրության, օր առաջ պիտի նշանակվի, որ օր առաջ ընտրությունները տեղի ունենան»,-ասել է Վահագն Ալեքսանյանը՝ չբացառելով օրենքում փոփոխություններ կատարելը։

Նա մեկ անգամ ևս վերահաստատել է, որ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն Գյումրիում, կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավար Կարեն Սարուխանյանն է։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930