Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Հովհաննես Քաջազնունուն հերոս եք համարում, Նիկոլ Փաշինյանին էլ պետք է հերոս համարեք․ Հայկ Կոնջորյանը ՀՅԴ-ին «քաղաքական դինոզավր» անվանեց

Նոյեմբեր 14,2024 15:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Եթե ուշադրություն դարձրիք, պարոն Խաչատրյանը բառ անգամ չասաց Դաշնակցության 004 շրջաբերականի մասին․ ամեն ինչի մասին խոսեց՝ իմ ասածների, Աղազարյանի մասին խոսեց, շրջաբերականի մասին չխոսեց»,- խորհրդարանում, 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ռեպլիկ արեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա նկատի ուներ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին։

Հիշեցնենք, Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում ՀՅԴ-ին մեղադրել էր անկախ Հայաստանում մի շարք բռնությունների մասնակից լինելու մեջ։ Նաեւ ասել էր, որ 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության կատարողն էլ նախկին ՀՅԴ-ական էր։ Ու խոսել էր ՀՅԴ 004 շրջաբերականի մասին։ Դրանում, իր պնդմամբ, խոսվում է այն մասին, որ ՌԴ-ն ցանկանում է Արցախը ռուսական գուբերնիա դարձնել, ՀՅԴ-ականներին էլ շրջաբերականում ասվում է, որ պետք է պայքարել, որպեսզի Արցախի ու Հայաստանի ճակատագիրը նույնը լինի․ այսինքն՝ ՀՀ-ն էլ դառնա ռուսական գուբերնիա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ իր ելույթում Ռուբեն Ռուբինյանին հարցրեց՝ վեց տարի է իշխանության մեջ եք ու հասկացել եք, որ Հայաստանն ինքնիշխա՞ն չէ, «գուբերնիա՞» է եղել․ «Դուք էլ գուբերնատորներ էիք»։

2025 թվականի բյուջեի նախագիծ մասին խմբակցության անունից իր ելույթում էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանին եւ Արմեն Ռուստամյանին հարց տվեց՝ Հովհաննես Քաջազնունունին հերո՞ս էր։ Ստանալով դրական պատասխան՝ Հայկ Կոնջորյանը շարունակեց․ «1918 թվականի հունիսի 4-ին Բաթումիի պայմանագրով Հայաստանը ֆիքսում էր 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Բաթումիի պայմանագիրը ստորագրել է Հովհաննես Քաջազնունին։ Բաթումիի պայմանագրի անունն էր՝ Հաշտության եւ բարեկամության պայմանագիր՝ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ։ Այս պայմանագիրը Քաջազնունին կնքում էր ցեղասպանությունից 3 տարի անց։ Հովհաննես Քաջազնունին հերո՞ս էր, թե՞ դավաճան։ Հերոս էր։ Դավաճան չէր։ Բայց եթե Հովհաննես Քաջազնունին հերոս է, դուք երեսպաշտ եք։ Եթե դուք մտածում եք, որ ցեղասպանություն իրագործած Թուրքիայի հետ չի կարելի անգամ հարաբերություններ կարգավորել, ինչը մենք այսօր անում ենք, բայց Քաջազնունուն ասում եք՝ հերոս․․․»։

Դահլիճից արձագանքներ հնչեցին, իսկ Հայկ Կոնջորյանը շարունակեց․ «Եթե դուք Հովհաննես Քաջազնունուն համարում եք հերոս, ուրեմն դուք այսօրվա կառավարությանն էլ, վարչապետին էլ պետք է հերոս համարեք, այլապես դուք երեսպաշտ եք»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 Հարկատու-հերոս բանավեճի համատեքստում նա ընդդիմադիրներին «պետականազուրկ հպատակներ» անվանեց եւ հայտարարեց․ «Հարկը պետություն ունենալու գինն է»։ Ասաց՝ ՀՅԴ-ն քաղաքական դինոզավր դառնալու ճանապարհն է որդեգրել՝ ուզում է ունենալ մեծ բան, անցյալում, որի համար պատասխանատվություն կրել պետք չէ։ Մեղադրեց ՀՅԴ-ին, որ ցանկանում է հայ հասարակությանը քաղաքական դինոզավրի ճանապարհով տանել։

Ավելի ուշ՝ իր ելույթում, Հայկ Կոնջորյանին իր անցյալը հիշեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը․ «Պարոն Կոնջորյանին էլ փոխանցեք, որ երբ ասում է՝ դուք ձեր իշխանության ժամանակ… Ախր ես հեռուստատեսությամբ իշխանություն քննադատող խմբագիր էի, իսկ Կոնջորյանն, օրինակ, 2011 թվականին ՀԺԱՄ-ի երիտասարդական թևի ղեկավար էր, որը 2012 թվականին պետք է պաշտպաներ ՀՀԿ-ին և իրենց կուսակցության նախագահը պետք է դառնար ԱԺ պատգամավոր։ Էդ որ ասում է երկիրը թալանել են՝ մի անգամ այդ մասին նա Բարսեղ Բեգլարյանին ասե՞լ է, որի բարեգործական կազմակերպության մեջ է եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Մի մուկ խոսեց իր հերթին։

  2. Ասֆալտին պառկեցված says:

    Եթե քծնողների աշխարհի առաջնություն լինի, հայկ կոնջորյանն ու հովիկ աղազարյանը հաստատ 1-ին և 2-րդ տեղերը կզբաղեցնեն։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930