Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բայդենը Թրամփին ասել է, որ Ուկրաինային տրամադրվող շարունակական աջակցությունը բխում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերից

Նոյեմբեր 14,2024 15:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախագահական նստավայրում ընդունել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։

Փակ դռների հետևում տեղի ունեցած քննարկումից առաջ քաղաքական երկու գործիչները կարճատև երկխոսություն են ունեցել լրագրողների ներկայությամբ։

Նախագահ ԲայդենՊարոն նորընտիր նախագահ և նախկին նախագահ, Դոնալդ, շնորհավորում եմ։ Ինչպես արդեն ասել ենք, մենք ամեն ինչ անում ենք իշխանության սահուն փոխանցման համար։ Ամեն ինչ կանենք, որպեսզի Դուք ունենաք այն, ինչ անհրաժեշտ է։ Այսօր այս մասին խոսելու հնարավորություն կունենանք։ Բարի գալուստ։ Բարի վերադարձ։

Նորընտիր նախագահ Թրամփ- Շատ շնորհակալ եմ։ Քաղաքականությունը ծանր բան է։ Շատ դեպքերում այն այդքան էլ դուրեկան աշխարհ չէ, բայց այսօր այն դուրեկան է։ Կրկին շնորհակալ եմ։ Մենք իսկապես կունենաք իշխանության շատ սահուն փոխանցում։ Ես դա իսկապես գնահատում եմ, Ջո։

 

«Ջերմ, հաճելի, բովանդակալից»

«Ջերմ, հաճելի, բովանդակալից»։ Այս խոսքերով է մոտ երկու ժամ ընթացած Բայդեն-Թրամփ առանձնազրույցը մեկնաբանել Սպիտակ տան մամուլի խոսնակ Կարին Ժան-Պիեռը, հայտնում է Reuters-ը։

Խոսնակի փոխանցմամբ՝ 46-րդ և 47-րդ նախագահներն անդրադարձել են ԱՄՆ-ի և աշխարհի առջև ծառացած խնդիրներին, ազգային անվտանգության և ներքին քաղաքականության հետ կապված հարցերի։

Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն էլ լրագրողներին պատմել է՝ նախագահը Թրամփին ընդգծել է, որ Ուկրաինային տրամադրվող շարունակական աջակցությունը բխում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերից, քանի որ «ուժեղ և կայուն Եվրոպայի առկայությունը չի առաջացնի Ամերիկայի՝ պատերազմի մեջ ներքաշվելու վտանգ»։

«Լավ հանդիպում անցկացրինք»

«Իսկապես լավ հանդիպում անցկացրինք», – New York Post-ի հետ իր տպավորություններով է կիսվել նախագահ Թրամփը։

Ըստ նրա՝ իշխանության փոխանցման կազմակերպչական հարցերից զատ՝ զրուցակիցները խոսել են ուկրաինական և միջինարևելյան պատերազմների մասին։

«Ես ուզում էի իմանալ իր տեսակետները, թե ինչ փուլում ենք հիմա գտնվում․․․Եվ նա ինձ հետ կիսվեց իր տեսակետներով։ Հաճելի էր լսել», – ասել է Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը։

Ըստ Թրամփի՝ երդմնակալության նախաշեմին տեղի կունենա եւս մեկ հանդիպում նրա և Բայդենի միջև։

Դոնալդ Թրամփը երդմամբ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու է գալիք տարվա հունվարի 20-ին։ Գործող նախագահ Ջո Բայդենն արդեն հաստատել է իր մասնակցությունն իր վաղեմի հակառակորդ Թրամփի երդմնակալությանը։ 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Լուսանկարը՝ Սպիտակ տան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930