Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կորցրել ենք մեր պետությունը»․ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ սրա մասին է ՀՀ Անկախության հռչակագիրը

Նոյեմբեր 14,2024 14:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք կորցրել ենք մեր պետությունը․ այս նախադասությունը երկար ժամանակ չէի ուզում ասել, բայց պիտի ասեմ»,- խորհրդարանում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս, իր բնութագրմամբ, սարսափելի եզրահանգմանը նա եկել է՝ տասնյակ անգամներով կարդալով ՀՀ անկախության հռչակագիրը։

Նա խոսում էր իրական եւ պատմական Հայաստանների մասին՝ տարակուսելով, որ Հայաստանում մարդկանց հետ խոսում ես՝ ասում են՝ սասունցի եմ, խոյեցի եմ, մշեցի եմ․ «Բա դիլիջանցին ո՞վ է էս երկրում, երեւանցին ո՞վ է․․․ Ես Հայաստանում ապրելով չեմ կարա, որովհետեւ ես հայաստանցի եմ․․․ ես էլ ըսենց՝ ապազգային տարր եմ, Ենոքավանից այն կողմ չեմ կարա գնամ, արխիվները քանդում եմ, ասում եմ՝ սենց մի էջ էլ իմ համար բացեք, չկա, չեմ գտնում»։

Ապա Նիկոլ Փաշինյանը շարունակեց, որ ապրելով Դիլիջանում եւ չասելով, որ դիլիջանցի ենք՝ կորցնում ենք Դիլիջանը՝ միջանցք բացելով, որ ասեն՝ «արա, եկեք, էդտեղ մարդ չկա բնիկ, էս էլ հին թուրքական քաղաք է, ադրբեջանական․․․»։

Նիկոլ Փաշինյանը եզրակացրեց՝ իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով ՀՀ-ից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում։

Մանրամասները՝ տեսանյութում

ՊՊԾ-ում աշխատավարձերի բարձրացման մասին խոսելով էլ, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այո, բարձրացվել է, քանի որ 2018-ին պարզվել է, որ ՊՊԾ-ին մի օլիգարխ ջեմ է ուղարկում, մյուսը՝ հավի բուդ, արդյունքում, ՊՊԾ-ն պետական բյուջեից զրո գումար է ստացել։ Ինքն էլ բարկացել է՝ ասել՝ «թարգեք, սա պետությո՞ւն է, թե՞ ինչ»։

Նա հայտարարեց, որ մինչ 2018-ը բոլոր պետական ինստիտուտներում ծրարով գումարներ են ստացել․ «Պետական ինստիտուտները ուզել են սարքեն իրենց ջեբի շները»։

Այս համատեքստում էլ զուգահեռներ տանելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ, ասաց, որ այդ պահին ինքը վերցրել է պատասխանատվություն, ինչը բոլոր իրավիճակներում պետք է անել․ «Ասել եմ` այս պահին ինձ ոչ մեկի կարծիքը չի հետաքրքրում, ես ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը եւ այս թուղթը ստորագրելու եմ։ Համարում եմ, որ ճիշտ եմ արել, ինչո՞ւ եմ արել՝ դա ուրիշ խնդիր է»։

Պետական համակարգում ծառայողական մեքենաների, ավտոպարկի թարմացման մասին քննադատություններին էլ պատասխանում է․ «Կարանք զապոռոժեց առնենք, բայց տարին 6-7 անգամ պետք է առնենք»։

Ապա հավելեց՝ իր հեծանիվ քշելն էլ են ընդդիմադիրները քննադատում, բայց ինքը հեծանիվ է քշում, որ մարդիկ էլ անցնեն հեծանիվին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930