Մշակույթի բնագավառում նշանակալի ավանդի, անբասիր և երկարամյա աշխատանքային գործունեության համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ԿԳՄՍՆ մեդալով է պարգևատրել Կոմիտասի թանգարան–ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանին, որն ավարտում է իր աշխատանքն այդ պաշտոնում:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:
ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության և նվիրումի համար՝ ընդգծելով, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտն ամենաակտիվ և արդյունավետ աշխատող հաստատություններից մեկն է:
«Այս հուշամեդալը Ձեր աշխատանքի խորհրդանշական գնահատականն ու շնորհակալությունն է համատեղ աշխատանքի և արդյունավետ գործունեության համար: Թանգարանը հիմնվել և իր գործունեությունը սկսել է Ձեր ղեկավարության ներքո, և այս տարիների ընթացքում Ձեզ հաջողվել է թանգարանում ձևավորել շատ պրոֆեսիոնալ թիմ, որն այսօր մեր ամենատեսանելի մշակութային և հետազոտական հաստատություններից մեկն է: Թանգարանի ցուցադրությունները, կրթական ծրագրերը, ինչպես նաև միջազգային ներկայացվածությունը, իսկապես, վկայում են մեծ ու որակյալ աշխատանքի մասին: Թանգարանի բազմաթիվ ծրագրեր արժանացել են միջազգային գնահատականի՝ նպաստելով նաև մեր երկրի հանրահռչակմանն ու տեսանելիության բարձրացմանը: Կարևոր է նաև, որ ցուցադրություններում հետազոտական աշխատանքի բաղադրիչն ակնհայտ է և տեսանելի, ինչը թանգարանային գործունեության առանցքային ուղղություններից է»,- նշել է Ժաննա Անդրեասյանն ու հույս հայտնել՝ Նիկոլայ Կոստանդյանի և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի միջև մասնագիտական կապերը շարունակական կլինեն՝ անկախ հետագա գործունեությունից:
Կարդացեք նաև
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի և ջերմ խոսքերի համար. «Նախարարության հետ, իսկապես, շատ հաջող համագործակցություն ենք ունեցել՝ աշխատելով մեկ գաղափարի շուրջ՝ պատշաճ ներկայացնել մեծն վարդապետին ու հանրահռչակել մեր երկիրն ամբողջ աշխարհում: Կարծում եմ՝ դա առավելագույնս արվել է, որը, հուսով եմ, կշարունակվի և կծառայի մեր երկրին որպես հիմնասյուն՝ ի նպաստ մեր պետականության»:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև Կոմիտասի 155-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին, որոնք ևս իրականացվել են թանգարանի հետ սերտ համագործակցությամբ:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ