Լրահոս
Օրվա լրահոսը

Բա հանրաքվե էլ ո՞ր դեպքում են անում

Նոյեմբեր 14,2024 14:00

Բացարձակ անհասկանալի է, թե Հայաստանի համար ուրիշ էլ ի՞նչ ավելի գերկարեւոր հարց կարող է լինել, քան Ադրբեջանի հետ սահմանազատման, սահմանագծման աշխատանքների իրականացումը եւ դրանց հիման վրա խաղաղության պայմանագրի կնքումը, որ դրանք պետք է լուծվեն առանց ժողովրդի անմիջական մասնակցության: Կարծում եմ, լիովին ակնհայտ է, որ հատկապես այս օրերին, հանրաքվեի ենթակա ավելի կարեւոր հարց չկա եւ չի էլ կարող լինել, քանզի վճռվում է մեր երկրի ապագա սահմանների հարցը: Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ նման համահայկական կարեւորության հարցը շրջանցվել է՝ հանրաքվեի միջոցով այն անցկացնելու միակ ճիշտ մոտեցումից, այլ թողնվել է գործող իշխանության միջոցով այն լուծելուն, որը մեծագույն ու չափազանց զարմանալի աբսուրդ է …

Հանրաքվե անցկացնելու պարագայում, որեւէ մեկը չէր պատրաստվում գործող իշխանությանը մի կողմ դնել, այլ բնական է, որ հանրաքվեից հետո, իշխանությունն իր լիազորությունների շրջանակում անտարակույս կարող էր մասնակցել այդ աշխատանքներին, այլ ոչ թե ինքն առանց ժողովրդի կարծիքի՝ միանձնյա կորոշեր այդ հարցերի ճակատագիրը … Խիստ զարմացած եմ, որ այդ հարցով՝ իշխանության կողմից հենց առաջին հայտարարությունից հետո, խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական ընդդիմությունը չընդդիմացան իշխանությունների այդ քայլի դեմ եւ փորձ անգամ չարեցին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով գերկարեւոր այդ հարցերը տեղափոխելու հանրաքվեի դաշտ: Իրականում, սա ոչ մի առողջ բացատրություն չունի: Աստված մի արասցե, եթե հանկարծ «խաղաղության» պայմանագիրը կնքվի իշխանությունների կողմից արդեն համաձայնություն տված սցենարով, ապա ոչ հայ ժողովուրդը, ոչ էլ ընդդիմությունն իրենք իրենց ներել չեն կարողանա, քանզի կշեռքի նժարին դրված է՝ ոչ ավել, ոչ պակաս, Հայաստանի ապագան: Այս ողջ ժամանակահատվածում խոսք անգամ չգնաց հանրաքվեի գոյության մասին, որն առաջին հերթին ավելի արդար ու ճիշտ մոտեցում է՝ նման կարեւորության հարցերը լուծելու միմիայն այդ ճանապարհով… Իսկ հանրաքվեի պետք է դրվեր հետեւյալ հարցերը. «Արդյո՞ք լիազորում եք Հայաստանի իշխանությանը ստորագրել պայմանագրի այնպիսի նախագիծ, որտեղ հենց առաջին կետում նշված չլինի.

ա/ Ադրբեջանի կողմից սուվերեն Հայաստանից գրավյալ տարածքների անհապաղ վերադարձը

Ինչպես նաեւ, սույն նախագծում տեղ գտած կլինի հետեւյալ կետերից գոնե մեկը.

բ/ Սահմանադրության փոփոխություն՝ այո, ոչ

գ/ անկլավների հանձնում՝ այո, ոչ

դ/ «Սյունիքի միջանցքի» բացում՝ այո, ոչ

Ամենազարմանալին այն է, որ գոնե ընդդիմությունը լավ հասկանալով հարցի գերկարեւորությունը՝ նրա խիստ ճակատագրական լինելու հանգամանքը, ինչպես նաեւ քաջատեղյակ լինելով երկրի երերուն վիճակի ու գործող իշխանության տրամադրվածության մասին, այնուամենայնիվ, չորդեգրեց հանրաքվեի անցկացման մոտեցումը եւ չփորձեց ետ կանգնել՝ հրաժարվել իշխանության հայտարարած մոտեցումից: Իսկապես անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող էր ընդդիմությունը հանգիստ վերաբերվել գործող իշխանությունների նման առաջարկության մոտեցմանն այդ հարցում եւ ամեն ջանք չգործադրեր՝ հարցը միմիայն հանրաքվեով լուծելու համար: Իհարկե, համարյա բացառված է, որ հանրաքվեի պարագայում հարցն այն նույն լուծումն ստանար, ինչ առաջարկում են իշխանությունները: Ամեն դեպքում, եթե անգամ «հրաշք» լիներ եւ հարցը նույն կերպ լուծվեր, ապա գոնե կիմանայինք, որ դա հայ ժողովրդի կամքն էր, որից ավելի բարձր բան չկա ու նաեւ կհասկանայինք, որ ժողովրդին տարիներ շարունակ՝ բազմապիսի բացատրություններ տալուց հետո էլ, նա այդպես էլ քնից չարթնացավ ու բախտի քմահաճույքին թողեց Հայաստանի հետագա ճակատագրի հարցը:

Բոլորս կհամոզվեինք, որ իրական հայը սա է, ոչ թե դարեր շարունակ իրեն հայրենասեր հռչակած, սակայն գործնականում վախկոտ, նյութապաշտ, անգամ հայրենիքի ճակատագրի նկատմամբ անտարբեր հայը:

Եվ ամենացավոտն այն է, որ այսօրվա հայը չհարգեց անգամ հայոց պատմության ընթացքում իրենց կյանքը չխնայած, հայրենիքի համար իրենց կյանքը զոհած, երկնքից մեզ նայող հոգիների հայացքները:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
13.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930