Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային լրագրությունը խորթ զավակ չէ

Նոյեմբեր 14,2024 13:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կամ՝ ինչպես հետաքրքիր պատմություն պատմել ու չէժանացնել ասելիքը

Այսօր լրագրողները ստիպված են լինել  բազմաոլորտ, ընդ որում, այդ պարագայում հաճախ հետին պլան է մղվում մշակույթի, արվեստի, ստեղծարար գործունեության լուսաբանումը: Հայաստանում, ցավոք, մշակութային լրագրությամբ զբաղվելը  պակաս գրավիչ է, քան, ասենք,  քաղաքական կամ սոցիալական թեմաներով հոդվածներ գրելը: Ի տարբերություն մշակույթի գործիչների, այսօրվա քաղաքական գործիչները, նրանց գործունեությունը պատրաստի հոդվածի նյութ են, համարյա ջանք չպահանջող, մինչդեռ որեւէ գրքի, ներկայացման կամ ֆիլմի մասին գրագետ հոդված գրելու համար լրագրողը ստիպված է ընթերցել այդ գիրքը, դիտել ներկայացումը կամ ֆիլմը, որպեսզի գաղափար ունենա  թեմայի վերաբերյալ ու կարողանա հարցեր ածանցել:

Հաճախ երիտասարդ լրագրողներին ավագ սերնդի ներկայացուցիչները կամ խմբագիրներն առաջարկում են իբրեւ թեթեւ ոլորտ՝ մշակութային թեմաներով լուսաբանումներ անել կամ հեղինակային նյութեր գրել, հետո միայն անցնել ավելի բարդ ոլորտների: Իմ սուբյեկտիվ կարծիքով, մշակութային լրագրությունը հենց լրագրության բարձրագույն  աստիճանն է, եւ մշակութային թեմաներով բարձրորակ հոդվածները պատրաստելը եւս մշակույթ է: Այն մեծ սեր, նվիրվածություն եւ զարգացածության բարձր աստիճան է պահանջում:

Ի տարբերություն այլ ոլորտների, մշակութային լրագրողն  ավելի շատ ջանքեր պետք է գործադրի, որպեսզի հետաքրքիր պատմի  ներկայացվող պատմությունը, քանի որ լրագրությունը մեծ հաշվով  պատմությունը հետաքրքիր պատմելու արվեստ է:

Քանի որ Հայաստանում գրաքննադատները, կինոյի եւ թատրոնի քննադատները,  երաժշտագետներն ու արվեստաբանները հազվադեպ են մամուլում հանդես գալիս հոդվածներով (խոսքը մասնագիտական հանդեսների մասին չէ), այդ գործառույթը եւս ինչ-որ առումով փոխանցվել է մշակութային լրագրողներին: Բացի դրանից, լրագրողներն այդ առումով ավելի անկաշկանդ են, քանի որ մշակութային ոլորտում, որտեղ  եւս ինչ-ինչ խմբային շահեր կան,  արվեստագետների մոտ վատամարդ դուրս գալու խնդիր եւ կաշկանդում չունեն:

Մշակութային լրագրություն ասելով՝ նկատի ունեմ գրականությունը, երաժշտությունը, վիզուալ արվեստը, կինոն, թատրոնը, ճարտարապետությունը եւ այլ ոլորտներ լուսաբանելը, մշակութային լրագրությունը գեղագիտական- լուսավորչական առաքելություն ունի: Այսօր մշակութային լրագրության դաշտ են թափանցել նաեւ շոու-բիզնեսը, փոփ մշակույթը, ժամանցը, անգամ ճամփորդական նոթերը, որոնք հաճախ ավելի շատ դիտումներ են բերում լրատվամիջոցներին, քան ասենք՝ որեւէ դասական  երաժշտի կամ նման համերգի վերաբերյալ հրապարակումը: Լուսաբանման ժամանակ խառը մեդիաների կիրառումը էլ ավելի հետաքրքիր է դարձնում դրանք, իսկ լրատվամիջոցի՝ տարբեր սոցիալական հարթակներում էջեր ունենալը՝ ավելի ընթերցվող: Ոչ այդքան հայտնի շոու-բիզնեսի ներկայացուցչի  անկեղծ հագուկապով փոքրիկ լուրն ավելի շատ է կարդացվում, քան լուրջ թեմաներով, քրտինք թափելու արդյունքում ծնված հրապարակումները: Մի կողմից հասկանալի է, որ մարդիկ հոգնել են անընդհատ քաղաքական թեմաներով հրապարակումներ կարդալուց, դիտելուց եւ լսելուց, ու կարիք ունեն լիցքաթափվելու, բայց անհրաժեշտ է  արժեքներ քարոզելը, որպեսզի ռաբիս երգիչները մեծ դահլիճներ ու մարզադաշտեր չբոցավառեն, եւ ազգային երգ-երաժշտությունը ստվերում մնա:

Եթե դիցուք, որեւէ գրողի մասնակցությամբ ծեծկռտուքի մասին լուր գրվի, այն ավելի շատ դիտումներ կունենա, քան այդ գրողի գրքի մասին գրախոսականը: Մյուս կողմից՝ սոցցանցերը հնարավորություն են տալիս էլ ավելի տարածելու հրապարակումները, եթե smm մասնագետը գիտի թիրախային լսարանին բովանդակությունը ճիշտ մատուցելու առանձնահատկությունները: Նշենք, որ միշտ չէ, որ մշակույթի ոլորտի մարդը կարող է առանց շոկի ընդունել իր վերաբերյալ լուսաբանումների նորարարական ձեւաչափը: Հաճախ, օրինակ,  վաստակաշատ  արվեստագետը գերադասում է, որ իր մասին հոդվածը կրի անատամ՝ «Կայացավ այսինչ այսինչյանի մենահամերգը» կամ «Բացվեց այսինչի ցուցահանդեսը» վերնագիրը, ինչի  պարագայում 100 դիտումից ավել նյութը չի ունենա: Մշակութային լրագրողը նման դեպքերում փորձում է բացատրել, որ հետաքրքիր վերնագիր ընտրելը, որը բնականաբար նյութից է բխեցված եւ բնավ ընթերցողին մոլորեցնող չէ, հենց այդ արվեստագետի օգտնին է:

Օրինակ, TikTok-ում անգամ մշակութային թեմաներով տեսանյութերը կամ ձայնավորված լուսանկարները հսկայական դիտումներ են գրանցում: Պատահական չէ, որ երիտասարդ արվեստագետներից շատերը օգտվում են այդ հարթակի հնարավորությունից: Բայց այստեղ էլ հիշում եմ կինոյի եւ թատրոնի ռեժիսոր, թատերական դիզայներ Կիրիլ Սերեբրեննիկովի խոսքերը, որը մի քանի տարի առաջ «ՀայՖեստի»  հյուրն էր: Նա ասում էր, որ արվեստագետներին, իհարկե, պետք է PR, փառք, ճանաչելիություն, շատերը սեփական բրենդը կառուցելու համար օգտվում են TikTok-ից, այնտեղ կարող ես ունենալ 7-10 մլն հետեւորդ, բայց TikTok-ով  հանդիսատես թատրոն չես բերի,  որովհետեւ թատրոն եկողները լրիվ այլ մարդիկ են, որոնք գրանցված չեն այդ հարթակում, նրանք այլ արժեհամակարգ եւ նախասիրություններ ունեն, քան TikTok-ի՝ քո միլիոնավոր հետեւորդները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930